Ստեփանակերտում անցկացվում են «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» վերապատրաստման դասընթացներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, կարևորելով երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության խթանումը, «Երիտասարդության ինքնաիրացման և զարգացման պայմանների ապահովում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» (Ձեր գյուղը դիր քարտեզի վրա) խորագրով վերապատրաստման դասընթացներ:
ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ Անի Կապլանյանն ասել է, որ առաջին անգամ է, որ Արցախում կազմակերպվում են նման խորագրով վերապատրաստման դասընթացներ:
«Դասընթացին մասնակցում են 18-30 տարեկան 44 հոգի:
Ծրագրի նպատակն է դասընթացի մասնակիցներին ցույց տալ, թե ինչպես կարելի է համայնքներում զարգացնել տուրիզմը:
Կարծում եմ՝ այս դասընթացները խթան կհանդիսանան, որ երիտասարդներն ուղիներ փնտրեն ստացած գիտելիքներն իրենց համայնքների զարգացման գործում կիրառելու»,- ասել է Ա. Կապլանյանը:
ՀՀ-ից հրավիրված ծրագրի դասընթացավար, «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն, հնէաբան Ռոբերտ Ղուկասյանն ասել է, որ հիմնադրամի գլխավոր նպատակն է սեփական ուժերով հեռավոր գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելն ու օժանդակելը:
«Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում, որտեղ ես եմ ապրում, այս ծրագիրն առաջինն եմ իրականացրել, քանի որ այնտեղ մեծ արտագաղթ կար, և գյուղը կանգնած էր շատ բարդ ու դժվար խնդիրների առաջ: Մենք շեշտը դրեցինք այն ամենի վրա, ինչ ունեինք՝ մի կողմ թողնելով դժվարությունները: Այժմ Կալավանը դարձրել ենք զբոսաշրջային վայր, որտեղ ամեն տարի մեծ թվով զբոսաշրջիկներ ենք ունենում,-ասել է Ռ. Ղուկասյանը և ընդգծել,- ես, արմատներով արցախցի լինելով, հեշտությամբ կարող եմ այստեղ աշխատանքներ իրականացնել: Ծրագրի հաջողությունը շատ տեսանելի է լինելու Արցախում: Արցախցիները պատրաստակամ են իրականություն դարձնել այս գործը, իսկ ես ամեն ինչով աջակցելու եմ, որ երիտասարդության ծրագրերը իրականանան: Համոզված եմ, որ բարձր ինտելեկտ ունեցող արցախցիներն ինքնուրույն ուժերով կարող են զարգացնել իրենց համայնքները»:
Ռ. Ղուկասյանի խոսքով՝ ինքը որոշ ժամանակ Արցախում է լինելու, որպեսզի խթանի ծրագրի իրականացումը:
«Կաշխատեմ Կալավան այցելող զբոսաշրջիկների մի մասը ուղարկել Արցախ,-խոստացել է դասընթացավարը և հավելել,- ցանկացած գործ սկսելու համար անհրաժեշտ է ցանկություն և կամք. դրանք դասընթացի մասնակիցներն ունեն»:
Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի դպրոցի պատմության ուսուցիչ Մխիթար Ոսկանյանը, ով դասընթացի մասնակից է, նշել է, որ ինքը հետաքրքրված է ծրագրով:
«Մեզ մոտ ձևավորվում է մի նոր աշխարհայացք: Հաջողություններ ունենալու դեպքում մեր համայնքում մենք ամռանը հյուրեր կընդունենք Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից. մենք նրանց կներկայացնենք համայնքի ռեսուրսները, և դա խթան կհանդիսանա, որ զբոսաշրջիկները ցանկանան գյուղն ավելի մոտիկից տեսնել ու ճանաչել, հիանալ ու զարմանալ Արցախի ճարտարապետական կոթողներով, վայելել արցախյան բնության հրաշքները»,- ասել է Մ. Ոսկանյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում