Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Քեյ Փի Էմ Ջի» ընկերությունը կաջակցի ՀՀ կառավարությանը ներդրողների ներգրավման հարցում

«Քեյ Փի Էմ Ջի» ընկերությունը կաջակցի ՀՀ կառավարությանը ներդրողների 
ներգրավման հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության կողմից պատրաստված Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութերի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհանդեսին ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Տիգրան Գասպարյանը:

«Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը նախարարին ներկայացրեց Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութերը: Նրա խոսքով` տեղեկատվական նյութերը բավականին գրավիչ են:

«Այն ներկայացնում է Հայաստանի հնարավորությունների լայն շրջանակը: Ամենակարևորն այն է, որ ներկայիս կառավարությունն ընտրել է Հայաստանի հնարավորությունների իրականացման վեկտորը: Հիմնական ուղղությունը, որ ներկայացված է նյութերում, հիմնված է «խելացի» տնտեսության հնարավորությունների վրա, որը թույլ կտա տեղեկատվական տեխնոլոգիաների, ինովացիայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացումը»,- ասաց Ակուլյանը:

Նա նաև նշեց, որ տարբեր ոլորտներում աշխատելով՝ պետք է հնարավորինս աջակցեն կառավարությանը` պոտենցիալ ներդրողների ներգրավվածությունն ավելի ընդլայնելու ուղղությամբ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներ նախարար Սուրեն Կարայանն ընդգծեց, որ տեղեկատվական նյութերում ներկայացված է Հայաստանի իրական պատկերը:

«Մեր նպատակն էր, որ «Քեյ Փի Էմ Ջի» ընկերությունը ներկայացնի Հայաստանի իրական պատկերը, որպեսզի մեր պոտենցիալ ներդրողները վստահ լինեն, որ այն տեղեկատվությունը, որն այստեղ նշված է, համապատասխանում է իրականությանը, որն իրականացվում է նման հեղինակավոր կազմակերպության կողմից»,- ասաց նախարարը:

Նախարարը կարևորեց ընկերության հետ շարունակական աշխատանքը:

Մարտի 23-ին ՀՀ կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Քեյ Փի Էմ Ջի» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է Պայմանավորվածությունների մասին հուշագիր: Այն ստորագրել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների անդամ Վիկտոր Ակուլյանը:

Հուշագրի համաձայն՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ն պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութեր, որոնք ներկայացվելու են միջազգային տարբեր հարթակներում: «Քեյ Փի Էմ Ջի»-ն աշխարհի ամենախոշոր միջազգային խորհրդատվական աուդիտորական ընկերություններից մեկն է, գործում է մոտ 160 երկրում, այդ թվում ՀՀ-ում:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]