Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի արոտավայրերը կապահովվեն ջրարբիացման համակարգով

Հայաստանի արոտավայրերը կապահովվեն ջրարբիացման համակարգով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարութունում մարտի 23-ին տեղի է ունեցել հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Ինչպես նշել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների  կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, այս փոփոխությունը շատ կարևոր  քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում: Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն  դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա: Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված: 

Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի  նախագծին: Փոփոխությունների արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրական փոփոխություններին: Նախագծով առաջարկվում է նաև վերանայել ՀՀ-ում քաղաքական ապաստան հայցողի դիմումի քննարկման ժամկետները: 

Երևանում նախատեսվում է կառուցել  250 մեգավատ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան 

Գործադիրը հավանություն է տվել  ՀՀ կառավարության, «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` «Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ շրջանակային համաձայնագրին»: Ինչպես նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, կառավարության թիվ մեկ գերակայությունն է դառնում սեփական էներգետիկ ռեսուրսներով այլընտրանքային էներգետիկայի զարգացումը: «Վերջին մեկ տասնամյակում միայն փոքր ՀԷԿ-երի բուռն զարգացումը բերեց նրան, որ այսօր նրանց կողմից արտադրվող էներգետիկ հզորությունները ՀՀ-ում կազմում են 330 մեգավատտ: Խոսվել է նաև առաջիկա տարիներին մինչև 150 մեգավատտ հողմային և մինչև 100 մեգավատ արևային կայաններ կառուցելու անհրաժեշտության մասին: Այլընտրանքային էներգետիկայի զարգացումն ակնհայտորեն կբերի ռեակտիվ էներգիայի պակասուրդի, ինչն այսօր գործող ավանդական կայանները՝ Ատոմակայանը և մյուս ջերմային կայանները, չեն կարող ծածկել: Այս նպատակով բացառիկ կարևորություն է ստանում այս նախագիծը, որովհետև շոգեգազային ցիկլով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն ուղղված է հենց այս պակասուրդի ծածկմանը»,-նշել է նախարարը: Ըստ նրա՝ նոր կայանը կլուծի մեկ ալ կարևոր խնդիր: «Գիտեք, որ 2019թ.-ին կավարտենք Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը և գրեթե նույն ժամանակահատվածում պլանավորում ենք Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը, ինչը կբերի Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման հզորությունների բազմապատկմանը, և մեր արտահանման հնարավորությունը կհասնի 1550 մեգավատտի: Գործող արտադրական հզորությունները բավարար չեն արտահանումն այս ծավալներով բավարարելու համար: Պետք է ասել նաև, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրները, հատկապես ձմռանը, ի զորու չեն լինի ապահովել նման ծավալներ: Սա երկրորդ կարևորագույն պատճառն է, որով մենք այս նախագիծը կարևորում ենք», -ընդգծել է Աշոտ Մանուկյանը: Նշվել է նաև, որ նախագծով նախատեսվում է կատարել 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, շինարարությունը կտևի 26 ամիս, կստեծվի 900 աշխատատեղ, իսկ շահագործման ամբողջ ընթացքում ևս 200 աշխատատեղ՝ բարձր աշխատավարձով:   

Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ուսումնասիրել Շիրակի մարզի մի քանի համայնքներում բարձրացված գազիֆիկացման խնդիրները և տալ մասնագիտական խորհրդատվություն: 

Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին հանձնարելել է ուսումնասիրել մարզերում ոռոգման ջրի վճարումների և ջրի կորուստների հետ կապված հարցերը:  

Կապահովվեն կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման նախապայմանները 

Գործադիրը հավանություն է տվել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին: Հիմնավորման համաձայն՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները թեև որոշակիորեն կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ, սակայն դեռևս առկա են օրենքով կարգավորման ենթակա խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի կայացմանն ու հետագա զարգացմանը:  Մասնավորապես,       առկա են կամավորական աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու ոչ լիարժեք իրավական կարգավորումներ,       կամավորի և կամավորներ ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպությունների միջև փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորման բացակայություն: Հայեցակարգով նախատեսվում է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում, որով կսահմանվեն կամավորական աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու մեխանիզմները, կապահովվեն կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման, կամավոր աշխատանքների խթանման, քաղաքացիական հասարակության կյանքում վերջինիս դերի բարձրացման նախապայմանները:

Առանձնահատուկ խնդրահարույց դեպքերում համապատասխան մարմնի  կողմից (կազմակերպության) եռօրյա ժամկետում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սահմանված տեղեկությունները տրամադրելու պարտադիր նորմն ապահովելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախարարությունը, դրանք ստանալու դեպքում, անմիջապես տեղեկացնում է սոցիալական աջակցության համապատասխան տարածքային մարմիններին: Սոցիալական աջակցության  տարածքային մարմինն սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում է բազմամասնագիտական խումբ` տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան: Խումբը գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների   շրջանակում: Ընդ որում, վերացվում է տվյալների փոխանակման հիմնական խոչընդոտը` գաղտնիությունը, սահմանվում է, որ դրանք փոխանակվելու են ծածկագրերի միջոցով:

Աջակցություն կստանան հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր 

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Գոֆրոլայն» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերությունը նախատեսում է  հիմնել ամբողջովին նոր արտադրամաս` ծալքավոր ստվարաթուղթ՝ դրանից պատրաստի տարաներ, արկղեր, տուփեր արտադրելու համար։ Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 390 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 102,5 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 25 աշխատատեղ` 2017թ.՝ 120 հազար ՀՀ դրամ, 2018 թ.՝ 135 հազար ՀՀ դրամ և 2019 թ.՝ 150 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Մեկ այլ որոշմամբ էլ երեք տարով հետաձգվել է Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների  հաշվարկած ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Արարատի մարզի Ջրաշեն համայնքում զբաղվել թռչնամսի արտադրությամբ, որով կարտադրի տարեկան շուրջ 10 մլն ճուտ։ Ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 500 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 150,4 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 22 աշխատատեղ` 2017 թ.՝ 110 հազ. ՀՀ դրամ, 2018 թ.՝ 110 հազ. ՀՀ դրամ և 2019 թ.՝ 110 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Վարչապետը հորդորել է կանոնակարգել արտոնության տրամադրման գործընթացը և իրականացնել այն հնարավորինս սեղմ ժամկետում: 

Արոտավայրերը կապահովվեն ջրարբիացման համակարգով 

ՀՀ անասնապահությամբ զբաղվող համայնքներում առկա են արոտավայրերի բարելավման, գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման խնդիրներ: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 1-ին և 2-րդ ծրագրերի նպատակն արոտավայրերի բարելավումն ու անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է:  Ծրագրերի շրջանակում կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր, իսկ համայնքներում ստեղծված կոոպերատիվների համար ձեռք է բերվել անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա: Ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում: Առաջարկվում է ծրագրերի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգերը և ձեռք բերված տեխնիկան նվիրաբերել համապատասխան համայնքներին ու կոոպերատիվներին: Արդյունքում հանրապետության 37 համայնքի արոտավայրեր կապահովվեն ջրարբիացման համակարգով, կբավարարվի 46 համայնքում ստեղծված արոտօգտագործողների գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկը, մեկ կոոպերատիվ կունենա անհրաժեշտ բեռնատար ավտոմեքենա և կբարձրանա  կոոպերատիվների  կանոնադրական գործունեության արդյունավետությունը, էականորեն կբարելավվի ծրագրի շահառու հանդիսացող 59 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը: 

«Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը կտեղափոխվի Գ. Քոչարի փողոցին հարող այգու տարածք 

Գործադիրը որոշել է «Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը (Երևանի Տերյան, Իսահակյան և Քոչարի փողոցների շենքերով պարփակված տարածքում) տեղափոխել Երևանի Քոչարի փողոցին հարող այգու տարածք: Ելնելով հուշարձանի պահպանման շահերից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձևավորված պատմական միջավայրում հուշարձանի պահպանությունը դարձել է անհնարին, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի նոր կառուցապատմամբ խաթարվել է իր տեսողական ընկալման պայմանները՝ անհրաժեշտություն կա հուշարձանը տեղափոխել ավելի բարենպաստ միջավայր, որի արդյունքում հնարավոր կլինի հուշարձանը պահել ավելի բարեկարգ վիճակում:

ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու և ՀՀ Սյունիքի մարզի Վաղատնի համայնքի Որոտնավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  

Այլ որոշումներ 

Կառավարությունը հավանություն է տվել Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին, որով ակնկալվում է անհրաժեշտ հիմքեր ստեղծել իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգի ձևավորման, իրավաբանական կրթության զարգացման միջոցառումների մշակման և իրականացման համար:

 Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները դասել նախագծման թույլտվություն կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք չպահանջող շինարարական աշխատանքների շարքում և խնդիրը կարգավորել բացառապես հետագիծ-նախագծային փաստաթղթերի համաձայնեցման միջոցով շինարարության թույլտվության տրամադրմամբ՝ առանց ավարտական ակտի ձևակերպման: Արդյունքում 20 օրվա փոխարեն գործողությունը կկատարվի 3 օրում:

Կառավարությունը որոշել է Երևանի Անտառային փողոցում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը նվիրաբերել «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան օգտագործելու պայմանով:

Գործադիրի որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին համայնքում գտնվող  նախկին հիվանդանոցի շենքը, կիսակառույց շինությունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը նվիրաբերվել է համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]