Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտաշատի թատրոնը վերանորոգվում է

Արտաշատի թատրոնը վերանորոգվում է

ԱՐՏԱՇԱՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թեեւ թատրոնում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, միեւնույն է, մենք չենք դադարեցնում մեր ամենօրյա փորձերը, թատրոնն իր դռները ոչ մի օր չի գոցում»,-«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում ընդգծեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը՝ հավելելով, որ սկսած նոյեմբերից՝ վերանորոգման մեկնարկից, թատրոնի անձնակազմը մշտապես ունեցել է արտագնա ներկայացումներ: Դրանք եղել են Մասիսի, Վեդիի, Արտաշատի հարմարեցված դահլիճներում: «Այս պայմաններում խաղացել ենք 25 ամանորյա ներկայացում, փետրվարի 27-28-ին Արտաշատի եւ Մասիսի դպրոցներում հանդես եկանք Պարույր Սեւակի «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց» բեմադրությամբ, ունեցանք թատերական ներկայացումներ նաեւ այս ամսին»,-ասաց Սայադյանը:
Այս պահին ընթացքի մեջ է Կարլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» բեմադրությունը, վերականգնվում է Ակսել Բակունցի «Մթնաձոր», միաժամանակ՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացումները: Փորձերն իրականացվում են կանանց դիմահարդարման սենյակում, որը փոքրիշատե բարվոք վիճակում է: 
Անդրանառնալով արտագնա միջոցառումներին՝ Սայադյանն ասաց. «Եթե հանգամանքներից ելնելով չենք կարողանում հանդես գալ սեփական հարկի տակ, ապա գոնե այս տարբերակով հարթակ ապահովենք: Իհարկե, այս ընթացքում բավականին ֆինանսական կորուստներ ենք կրել, դերասանական կազմի համար եւս հեշտ չէ, սակայն կոլեկտիվը մարտունակ է, չի տրտնջում, եւ անհամբեր սպասում է հարազատ թատրոնի նորացված բեմին»,-նշեց նա: 
Հիմնանորոգման աշխատանքների մեջ է մտնում բեմի, դահլիճի, ճեմասրահի նորացումը, թատրոնի երկրորդ եւ երրորդ հարկերի «կոսմետիկ» վերանորոգումը: Սայադյանը զարմանքով եւ ցավով նշեց, որ նախագծողները վերանորոգման աշխատանքների մեջ չեն ընդգրկել շենքի վարչական հատվածը: «Մենք ամեն օր քայլում ենք 1943 թվականին կառուցված փայտյա աստիճանավանդակով: Այն արդեն մաշված ու չափից դուրս հնացած է, նաեւ խիստ վտանգավոր»,-նկատեց Սայադյանը:
Բացի հիմնանորոգման աշխատանքներից՝ թատրոնի հարթակը կվերազինվի լուսաձայնային սարքավորումներով: «Սա շատ թանկ հաճույք է: Դրա համար տրամադրվել է 20 մլն դրամ գումար: Ես արդեն 12 տարի այս թատրոնի տնօրենն եմ, եւ առաջին օրվանից երազել եմ այդ վերազինման մասին»,-ընդգծեց Սայադյանը՝ հավելելով, որ ոչ միայն բեմադրությունների որակը բարձրացնելու հնարավորություն է ստեղծվում, այլեւ Արտաշատ ժամանած հյուրախաղային հետաքրքիր միջոցառումների համար հնարավոր կլինի տրամադրել հարթակ, որը լրացուցիչ ֆինանսական միջոցներ կբերի թատրոնին: 
1943 թվականին շահագործման հանձնված թատրոնի շենքը մասնակի վերանորոգվել է միայն 1998 թվականին: Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին սկսված հիմնանորոգման աշխատանքների համար պետբյուջեից տրամադրվել է 50 մլն դրամ:  
Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որպես մարզային մշակութային օջախ, այսօր բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Այստեղ յուրաքանչյուր տարի խաղում են ավելի քան 70 ներկայացում: Պարբերաբար թարմացվում եւ հարստացվում է թատրոնի խաղացանկը` բեմադրվում են նոր ներկայացումներ կամ վերականգնվում հին ու սիրվածները: Յուրաքանչյուր տարի հանդիսատեսի դատին է հանձնվում 3-4 պրեմիերա: Նախորդ տարի թատրոնի անձնակազմը խաղացել է ութ անուն ներկայացում: 
Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]