1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմամշակութային հուշարձանները նոր շունչ կստանան

Պատմամշակութային հուշարձանները նոր շունչ կստանան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2017 թվականին ավարտին կհասցվեն յոթ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանի հետ:

«2016 թվականի ավարտին ՀՀ կառավարությունը հաստատեց այն բյուջեն, որը տրամադրվելու է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը: Այս տարի ավարտին կհասցվեն յոթ հուշարձանների վերանորոգման աշխատանքները: Դրանցից շատերի վերանորոգումը սկսվել է նախորդ տարիներին»,-նշեց Նազլուխանյանը:

Նրա խոսքով՝ վերականգնման ենթակա հուշարձաններն ընտրելիս իրենք առաջնորդվում են երկու սկզբունքով. հաշվի են առնում հուշարձանի վնասվածության աստիճանը և տվյալ կառույցի մշակութային արժեքն ու կարևորությունը:

Գայանե Նազլուխանյանն ընդգծեց, որ վերանորոգվելու է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի Արտավազիկ եկեղեցին: «Նորոգման աշխատանքները սկսվելու և ավարտվելու են այս տարի: Արտավազիկը փոքրիկ կառույց է, որի ռոտոնդան փլուզվել է կայծակի խփելու հետևանքով: Տեղի բնակչությունը բավականին ակտիվ է և ոգևորված այն մտքից, որ հավատացյալները շուտով եկեղեցի են այցելելու: Վերականգնման համար տրամադրվել է 18 մլն դրամ»,-ասաց նա:

Հաջորդը Արտաշատ քաղաքատեղի պատմամշակութային արգելոցն է: Մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ վերականգնվելու են տեղի երեք բաղնիքների հատակի խճանկարները: Ծրագիրն իրագործվում է անցյալ տարվանից: Նախորդ տարի տրամադրվել է 10 մլն դրամ, իսկ այս տարի` 8 մլն դրամ:

Արմավիրի մարզի Մեծամորի թանգարանում գտնվող սրբարանների պահպանման համար ծածկ է կառուցվելու և վերականգնվելու է ուրարտական շրջանից  մեզ հասած արժեքավոր հուշարձանը, որի համար 8 մլն դրամ է տրամադրվել:

Վերականգնվելու է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն 7-րդ դարի յուրահատուկ, հազվադեպ հանդիպող կառույց է,  բազմախորան հուշարձանի տեսակ: Դրա նորոգման աշխատանքները վաղուց են սկսվել, իսկ այս տարի կավարտվեն: Տրամադրվել է 35 մլն դրամ:

Արարատի մարզում գտնվող Դվինի հնավայրը նույնպես վերականգնվելու է: 6,7 մլն դրամ է տրամադրվել դրա համար: Վերականգնման աշխատանքները ֆինանսավորվում են նաև Համաշխարհային բանկի կողմից:

Ավարտին է հասցվելու Տավուշի մարզի Մխիթար Գոշի դամբարանի վերականգնման գործընթացը, որը սկսվել է 2012 թվականին: Այնտեղ հուշարձան է կանգնեցվել և  3 մլն դրամ է հատկացվել դրա համար:

Սյունիքի մարզում գտնվող միջնադարյան վանական համալիր Որոտնավանքում են աշխատանքներ կատարվելու: Նորոգվել է եկեղեցին, ներկայումս գավթի վերակառուցման վերջնական աշխատանքային փուլն է ընթանում: Տրվել է 8 մլն դրամ:

Վերջինը Կամարիսի Սուրբ Հովհաննես եկեղեցին է: Այն Կոտայքի մարզում է գտնվում: Վաղ միջնադարյան կառույց է, որի վերականգնման համար հատկացվել է 8 մլն դրամ:

Նազլուխանյանը շեշտեց, որ հուշարձանների վերականգնման համար իրենք մասնագետներ են հրավիրել արտերկրից: Նրանք կհամագործակցեն Հայաստանի  բարձրակարգ մասնագետների հետ:

Անդրադառնալով մասնավոր ներդրողներին՝ բաժնի պետը շեշտեց, որ իրենք աշխատում  են ՄԱԿ-ի հետ:

«ՄԱԿ-ը դեռ 2008 թվականին գումար է հատկացրել Գյումրու Վ. Աճեմյանի փողոցի թիվ 25 շենքի նորոգման համար, քանի որ այն պատմամշակութային արժեք ունի: Շատերիս սիրած «Մեր մանկության տանգոն» ֆիլմի բազմաթիվ դրվագներ հենց այդ շենքում են նկարահանվել»,-ընդգծեց նա:

Գայանե Նազլուխանյանի խոսքով` իրենք շենքի մի հատվածում ցանկանում են երկրագիտական թանգարան բացել, որտեղ կցուցադրվեն բազմաթիվ արժեքավոր գտածոներ, և քանի որ Գյումրին չունի նաև պատկերասրահ, ապա շենքի մյուս թևը կվերածեն Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի, որտեղ կներկայացվեն Մինաս Ավետիսյանի և հայ այլ ականավոր ստեղծագործողների աշխատանքներ:

Դսեղ գյուղում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հ. Թումանյանի տուն-թանգարանում սպասարկման սրահ կբացվի:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]