Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Անվանի աղբյուրագետն ու ձեռագրագետը. Արտաշես Մաթևոսյանի ծննդյան օրն է


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի հայագետ, պատմաբան, աղբյուրագետ, ձեռագրագետ. այս ամենը մի մարդու՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Մաթևոսյանի (1922-2004 թթ.) մասին է։  Մարտի 22-ին  լրանում է  գիտության անխոնջ մշակի  ծննդյան 95-ամյակը։ Ես երջանիկ եմ, որ անձամբ ճանաչել եմ այդ համեստագույն գիտնականին, բազմիցս հարցազրույցներ վարել նրա հետ մեր միջնադարյան գրչության  և մշակույթի տարբեր հարցերի շուրջ, առաջիններից մեկն եմ իմացել նրա նոր հրապարակումների և հայտնագործությունների մասին։

Տարիներ առաջ ինձ բախտ է վիճակվել լուսաբանելու գիտամշակութային այնպիսի կենտրոնի գործունեությունը, ինչպիսին  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանն է։ Դա ինձ հնարավորություն է տվել մոտիկից շփվելու հայ անվանի  գիտնականներ Լևոն Խաչիկյանի, Կարապետ Մելիք-Օհանջանյանի,Արամ Ղանալանյանի, Ասատուր Մնացականյանի, Արտաշես Մաթևոսյանի, Պարույր Մուրադյանի (ում հետ բարեկամություն էի անում տակավին իմ ուսանողական տարիներից) և այլոց հետ։ Սակայն բոլորից շատ առնչվել եմ  Արտաշես Մաթևոսյանի հետ։ Ամեն անգամ Մատենադարան գնալիս առաջինը մտնում էի նրա խուցը։ Գիտեի, որ այդ մեղվաջան աշխատողը մեր վերջին հանդիպումից հետո անպայման մի նոր հոդված գրած կլինի, գուցե նոր հայտնագործություն արած։

Արտաշես Մաթևոսյանը մեզանում հայ գրչության կենտրոնների ուսումնասիրության սկզբնավորողն է։ Նա մի քանի տասնյակ հազարի հասնող քարտերից կազմված «Հայերեն ձեռագրերի համընդհանուր քարտարան» ունի, ուր 1700 գրչության կենտրոնների տակ ամփոփված են հայերեն ձեռագրերի մի մասը։ Դրանց հիման վրա նա կազմել է  «Հայ գրչության կենտրոնները» երկու քարտեզ («Պատմական Հայաստան» և «Ձեռագրական Սփյուռք»), որոնք ցուցադրվում  են Մատենադարանի գլխավոր ցուցասրահի մուտքի մոտ և որոնց վրա մշտապես այցելուների ուշադրությունն են հրավիրում էքսկուրսավարները։ Արտաշես Մաթևոսյանն այդ ուսումնասիրությունների արդյունքում  գրել է բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված խնդրո առարկա հարցին։   

Անվանի գիտնականը քսան տարի եղել է Մատենադարանի ձեռագրատան գլխավոր ավանդապահը և այդ  ընթացքում  հասցրել է հանգամանորեն ուսումնասիրել բազմաթիվ  հայերեն հնագույն  ձեռագրեր (Լազարյան Ավետարան, Էջմիածնի Ավետարան, Մուղնու Ավետարան, Վեհամոր Ավետարան, Վեհափառի Ավետարան, Մշո ճառընտիր, Հեթումի ճաշոց, Ռոսլինյան Ավետարան, Թարգմանչաց Ավետարան, Դամասկոսի հայերեն պատառիկներ և այլն) , լուսատիպ նկարահանությամբ ու վերծանությամբ հրատարակության հանձնել հայերեն հնագույն թղթյա ձեռագիրը, ինչպես նաև Վեհափառի Ավետարանը։

Այդ անհանգիստ, պրպտող գիտնականի հոբելյանի առիթով ուզում եմ հիշեցնել նրա գիտական կյանքից մի քանի դրվագ, առանց որոնց միջնադարյան հայ գրչության, գիտության և պատմության մասին մեր գիտելիքները թերի կլինեին։ Դրանցից երկուսն առնչվում են Մեսրոպ Մաշտոցի և Անանիա Շիրակացու անունների հետ։

…Շուրջ հազար հինգ հարյուր տարի պղտորել են Մեսրոպ Մաշտոցի հանճարեղ գյուտի հստակ, ազգային ակունքները, և որոշ ուսումնասիրողների աշխատություններում ոմն Դանիել Մեծն  Մեսրոպի հետ  կիսել է հայոց  գրի ու դպրության սկզբնավորման մեծագործության դափնիները։ Ըստ շրջանառվող վարկածի՝ իբր Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենի 36 գրերից 29-ի արարիչը Դանիելն է, իսկ Մաշտոցին բաժին է ընկել հայոց այբուբենը միայն 7 ձայնավորով լրացնելու առաքելությունը, այսինքն՝ Դանիելի նշանագրերով է սկիզբ առնում հայ դպրությունը։ Այս թյուրիմացությանը վերջ է դրվում Արտաշես Մաթևոսյանի շնորհիվ, ով Վենետիկում լույս տեսնող «Բազմավեպ»  հանդեսում տպագրված իր «Կորյունի Մեսրոպ Մաշտոցի պատմության ձեռագրի մի թղթի տեղափոխություն» չափազանց արժեքավոր աշխատության մեջ ապացուցում է, որ թյուրիմացությունը գալիս է վաղ միջնադարյան գրիչների անուշադրությունից, ինչի հետևանքով «կյանքի ուղեգիր» է ստանում  բավականին կոպիտ սխալ, որի պատճառով շուրջ 15 դար գիտության մեջ շրջանառվում է այն վարկածը, որ Մեսրոպ Մաշտոցն օգտվել է Դանիելի հորինած այբուբենից և միայն նա չէ հայոց գրերի հանճարեղ գյուտարարը։ Այդ անհայտ գրիչները Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը կազմելիս փոխել են մի Թղթի տեղը։

Ինչպես այն ժամանակ մեզ հետ զրույցում ասել է Արտաշես Մաթևոսյանը՝ ձեռագիրը պատմամշակութային հուշարձան է և որպես այդպիսին ունի ստեղծման, կառուցման իր առանձնահատկություններն ու օրինաչափությունները, որոշակի բաղադրիչներն ու միավորները։ Ձեռագիրը կազմված է թերթերից։ Ամեն թերթ ունի երկու էջ։ Երկու իրար կպած թերթերը կոչվում են Թուղթ։ Ձեռագիրը բաղկացած է մի քանի պրակից։ Սա էլ իր հերթին կարող է բաղկացած լինել մի քանի թերթից։ Եվ այս բոլորը կայուն միավորներ են։ Ձեռագրի ստեղծման ամեն մի մասնակից (գրիչը, սրբագրիչը, ծաղկողը, կազմարարը և այլք) աշխատում են սրբությամբ պահպանել գրչության կանոնները։

Ցավոք, հինգերորդ դարից մեզ ոչ մի ձեռագիր չի հասել։ Հնագույն ձեռագրերը մեզ հասել են հետագա արտագրություններով։ Օրինակ՝ Կորյունի «Մեսրոպ Մաշտոցի վարքի»  մեզ  հասած հնագույն բնագիրը ընդօրինակված է 1672 թվականին։ Յուրաքանչյուր ձեռագիր, որ պահպանվել և հասել է մեզ, հասկանալի է, որ տարիների ընթացքում օգտագործվել է և մաշվել։ Բոլորից շատ մաշվում է այդ ձեռագրի կաշեպատ կազմը։ Հավանաբար, կազմը փոխելու ժամանակ էլ տեղի է  ունեցել այն ճակատագրական սխալը, որի պատճառով մեկուկես հազարամյակ Մաշտոցի կողքին տրվել է նաև ոմն Դանիելի անունը։ Ձեռագիրը գրելուց, սրբագրելուց, նկարազարդելուց, գլխավոր հիշատակարանն ավարտելուց հետո է միայն հանձնարարվում կազմելու։ Չգիտես որ դարում և որտեղ նման մի արարողության ժամանակ կազմողները շփոթել են Կորյունի «Պատմության» թղթերի տեղերը։ Կորյունի աշխատությունը բաղկացած է 11 պրակից։ Գրքի առաջին երեք պրակները բաղկացած են 12 Թղթից, հետևյալ պրակը՝ 14 Թղթից։ Չգիտես ինչու հաջորդ պրակն ունի 10 Թուղթ, իսկ հետագա բոլոր պրակները կրկին բաղկացած են 12 Թղթից։ Հետաքրքիր է, թե ինչու ձեռագրի բազմաթիվ ուսումնասիրողներ ուշադրություն չեն դարձրել այս «մանրուքի» վրա։ Շատերը, բայց ոչ Արտաշես Մաթևոսյանը։

Արտաշես Մաթևոսյանը, կատարելով ձեռագրագիտական, հնագիտական քննություն, լրացնում է պրակը, իր տեղում է տեղադրում «թափառող» Թուղթը, վերականգնում է պատմական ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը, ինչպես գիտենք, մեկն է լինում։ Եվ այդ ճշմարտության մեջ տեղ չունի Դանիելը։ Ուրեմն, միայն Մեծն Մեսրոպ Մաշտոցն է  հայոց գրերի հանճարեղ ստեղծողը։

Հաջորդ դրվագն ուղղակի առնչվում է հինավուրց Կումայրի բնակավայրի գոյությանը։ Հերթական անգամ Մատենադարան այցիս Արտաշես Մաթևոսյանը գոհունակությամբ նշեց, որ ամերիկահայ բարերար, Մատենադարանի մեծ բարեկամ Հարություն Հազարյանը Մատենադարան է ուղարկել ևս մի շարք հայերեն և օտարալեզու հին  ձեռագրեր,որոնց մեջ կար ձեռագրի մի պատառիկ, որի ուսումնասիրությամբ էլ ինքն զբաղված է եղել։ Մագաղաթյա այդ պատառիկը գրվել է 1209 թվականին։ Այն ինչ-որ ձեռագրի հիշատակարան էր, այսինքն՝ այն թերթը, որի վրա գրված է լինում մայր ձեռագրի գրչության պատմությունը։ Այդ  պատառիկում ասված էր. «…տոհմով ու ազգով Կումիրի մեծ գյուղաքաղաքի բնակիչ Հովասափը, որ մանկությունից կրոնավոր է եղել և հասել է խոր ծերության, տեսնում է մի հին Ավետարան այլազգիների ձեռքին գերի։ Իր սեփական միջոցներով նա փրկագնում է ձեռագիրը, ապա տանում Հառիճի վանք՝ նորոգելու։ Այնտեղ ձեռագիրը նկարազարդում և կազմում են արծաթե կազմով՝ ի հիշատակ Հովասափի ծնողների ու եղբայրների»։ Հիշատակարանը գրված է հենց Հովասափի անունից։ 20x27 սանտիմետր չափեր ունեցող այդ պատառիկն այն պատճառով էր գրավել ձեռագրագետի ուշադրությունը, որ նրանում մի շարք հետաքրքիր պատմական և աշխարհագրական տեղեկություններ կային։

Հույն պատմիչ Քսենոֆոնը մեր թվարկությունից մոտ 400 տարի առաջ հիշատակել է «մեծ, բարգավաճ ու բազմամարդ Գյումնիա քաղաքը», որը, Հակոբ Մանանդյանի կարծիքով, հենց Կումայրին է։ Հայ մատենագրության մեջ «Կումայրի» անունը առաջին անգամ հիշատակում է Ղևոնդ Երեց պատմիչը 8-րդ դարում, 771 թվականի դեպքերի կապակցությամբ, երբ Արտավազդ Մամիկոնյանը կոտորում է արաբական հարկահաններին «ի գաւառն Շիրակ, ի գեաւղն Կումայրի»։  Այնուհետև Կումայրին հայ մատենագրության մեջ հանդիպում է մեկ էլ 19-րդ դարի սկզբներին՝ այս անգամ արդեն «Գյումրի» փոփոխված ձևով։ Գիտնականի կարծիքով, դա տեղի է ունեցել «Կումայրիի» ի ձայնավորի սղման և կ բաղաձայնի կոշտացման արդյունքում։   

Երկրորդ կարևոր տեղեկությունը, որ պարունակում է Հովասափի պատառիկը, դա այն է, որ նրանում Կումիրին գյուղաքաղաք է կոչված։ Հայագիտության մեջ Կումիրին գյուղ է կոչվում առաջին իսկ  հիշատակումից մինչև 19-րդ դարի սկիզբը։ Կումայրին չի հիշատակվում նաև Բագրատունյաց  թագավորության (11-13-րդ դարեր) գյուղաքաղաքների շարքում (Միեն, Տեկոր, Շիրակավան,Կողբ,Կաղզվան)։ Մինչդեռ պատառիկը հավաստում է, որ Կումայրին ոչ միայն գյուղաքաղաք է, այլև «մեծ գեաւղաքաղաք»։ Այդ բանը հավաստում է նաև այն հանգամանքը, որ Հովասափը «ազգաւ եւ տոհմիւ մեծ գեաւղաքաղաքէն» էր։

Երրորդ ուշագրավ փաստը, որ արժանացել  է  ձեռագրագետի  ուշադրությանը, այն է, որ Հառիճում 12-րդ դարում ձեռագրեր են ծաղկել։ Այն, որ Հառիճը եղել է գրչության կենտրոն, հայտնի էր, բայց որ այնտեղ այդ դարերում նաև զբաղվել են մանրանկարչությամբ, որ այնտեղ  ձեռագրեր են կազմել, այն էլ արծաթով, առաջին անգամ ենք իմանում։ Եվ այս վկայությունը Հառիճի դպրոցը դարձնում է այդ ժամանակի մշակութային նշանավոր կենտրոններից մեկը։ Դեռ ավելին, հիշատակված է ձեռագրի կազմողը՝ Մարգարեն, որն իրեն համեստորեն  համարում է միայն կազմող և գրիչ, իրականում նա նաև ծաղկող է եղել, որին մենք մի քանի տարի անց արդեն հանդիպում ենք քաղաքամայր Անիում՝ շքեղ ձեռագրեր կազմելիս։

Ձեռագրագետի ուսումնասիրության արդյունքում մենք իմանում ենք, որ դեռևս 12-րդ դարում Կումայրին մեծ գյուղաքաղաք էր, իսկ Հառիճը՝ նաև մանրանկարչության կենտրոն։

Ահա թե ինչ հաղորդեց մեզ պատառիկը մագաղաթյա…

Երրորդ դրվագը, որի մասին ուզում եմ խոսել, Անանիա Շիրակացու «Քննիկոնի» առեղծվածի լուծումն է։ Հայ միջնադարյան խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացին թողել է հարուստ ժառանգություն, որը վաղուց ի վեր արժանացել է հայ և օտարազգի հետազոտողների ուշադրությանը։ Բայց, հակառակ համընդհանուր ճանաչման, հետազոտողների ուշադրությունից վրիպել է Անանիա Շիրակացու լավագույն գործը՝ «Քննիկոնը», որը հայ գրչության եզակի երևույթներից է, ըստ էության առաջին գիտական աշխատությունը հայ իրականության մեջ։ Ո՞րն է դրա պատճառը։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար կրկին դիմեցի իմ վաղեմի բարեկամ Արտաշես Մաթևոսյանին։

-Այդ հարցը ինձ էլ երկար ժամանակ հանգիստ չի տվել,- ասաց գիտնականը։- Հիրավի, չնայած տարբեր լեզուներով Շիրակացու մասին պատկառելի գրականության առկայությանը, նրա ամենակարևոր գործի՝ «Քննիկոնի», մասին տակավին ոչ մի խոսք չկա։ Առկա հետազոտություններում խոսվում է Շիրակացու  գործերի՝ թվաբանության, տիեզերագիտության, տոմարի, աշխարհագրության և այլնի մասին՝ որպես առանձին երկերի։ Այնինչ այդ աշխատության մեջ ամրագրված են գիտության այն բոլոր բնագավառներին վերաբերող նյութերը, որոնցով զբաղվել է մեծ գիտնականը։ «Քննիկոնի» որոշ մասեր նույնիսկ հրատարակվել են որպես ինքնուրույն երկեր, մի մասն էլ դուրս է մնացել ուսումնասիրողների ուշադրությունից։ «Քննիկոնը» հայոց դպրության մեջ բարձրագույն կրթությունն արմատավորելու համար գրված դասագիրք էր՝ կազմված բնական գիտությունների հիման վրա։      

Շիրակացին «Քննիկոնը» գրել է Անաստաս կաթողիկոսի (661- 667թթ.) հրամանով, բայց իր ծրագրով։ Կաթողիկոսի խնդրած հայոց անշարժ տոմարի հետ ներկայացված «քառյակ արվեստները» և բոլոր էակների մասին գիտությունները թույլ են տալիս համոզվելու, որ Շիրակացուն հաջողվել է կրթական ծրագիրն անցկացնել «Քննիկոն» (Տոմար) անվան տակ։ Սա նշանակում էր նաև, որ Անաստաս կաթողիկոսը համախոհ է եղել Անանիա Շիրակացու ծրագրին, աջակցել ու հովանավորել է նրան։ Կաթողիկոսը մտադիր էր Եպիսկոպոսական ժողով հրավիրել և գործողության մեջ դնել «Քննիկոնը»։ Սակայն նա վախճանվում է, և «Քննիկոնը» չորս դար մնում է կաթողիկոսարանում՝ անուշադրության մատնված։

Տասնմեկերորդ դարի 30-ական թվականների վերջին Գրիգոր Մագիստրոսը (990-1058 թթ.)  Պետրոս Ա. Գետադարձ կաթողիկոսից (1019-1036, 1037-1054 թթ.) խնդրում է նախորդների պես անուշադրության չմատնել «Մեծն Քննիկոնը» և մի օրինակ ընդօրինակել և իրեն ուղարկել։ Ի դեպ, Մագիստրոսն այդ նամակում առաջին անգամ ներկայացնում է «Քննիկոնի» բովանդակությունը և մեծ հիացմունքով է խոսում աշխատության ու հեղինակի մասին։

Ամենայն հավանականությամբ, կաթողիկոսը հարգել է Մագիստրոսի խնդրանքը, և Շիրակացու՝ մոռացության  մատնված  ինքնագիր մատյանի կողքին ծնվել է «Քննիկոնի» երկրորդ օրինակը։ Այդ ժամանակից սկսած հնարավոր է դառնում «Քննիկոնի» ընդօրինակությունը՝ ամբողջությամբ կամ մասնակի՝ ենթաբաժիններով, և այն ուսուցանելու, դասավանդելու հնարավորություն է ստեղծվում, իսկ  Շիրակացու ինքնագիրը շարունակում էր մնալ կաթողիկոսարանում՝ գրվանի տակ։ Հետագայում, չգիտես ում ձեռքով, «Քննիկոնը» դառնում է «Քրոնիկոն», և… սկսվում է «շիլաշփոթը»։

…Մագիստրոսը մտադիր էր իրագործել Շիրակացու ծրագիրը, սակայն քաղաքական անբարենպաստ վիճակը խանգարում է այդ ձեռնարկման իրագործմանը։ Հետագայում, հավանաբար Մագիստրոսի համար արտագրված օրինակից «Քննիկոնն» ընդօրինակվել է կամ ըստ մասնագիտությունների (թվաբանություն, տոմար, տիեզերագիտություն, աշխարհագրություն, պատմություն և այլն), կամ պատահական բաժանմամբ և այդպես էլ հասել է մեզ և ուսումնասիրվել մատենագրական առանձին միավորներով, ընդ որում՝ վերջիններս դիտվել են որպես ինքնուրույն երկեր կամ դասագիրք՝ երբեք չհիշվելով որպես «Քննիկոնի» բաղադրիչներ։ «Քննիկոնի» նյութերի մի մասն էլ մինչև օրս մնում է հայերեն ձեռագրերում՝ անհեղինակ կամ ուրիշին վերագրված։

Ա. Մաթևոսյանը հիշեցնում է, որ մինչև վերջերս Շիրակացու թվաբանությունից հայտնի էին թվաբանական երեք գործողությունների մասին հատվածը, «Վեց հազարյակ» աղյուսակը, որը մատուցվում էր որպես բաժանման գործողություն, 24 խնդիրներից բաղկացած խնդրագիրքը՝ պատասխաններով և այլ նյութեր։ Դրանք «Քննիկոնի» թվաբանության մասերն են, բայց ոչ ամբողջությամբ։ Երկար ժամանակ բաժանման օրինակը հայտնի չէր։ Ի դեպ, այդ գործողությունը չի պահպանվել նաև հույների մոտ։ Դրա մասին տեղեկություններ քաղում են ճարտասանական գրքերից կամ պատահական ինչ-որ պատառիկներից։ Եվ, որպես օրինակ, զրուցակիցս պատմում է, որ Մատենադարանի պատառիկներից մեկի բեկորի վրա, որը 7-րդ դարի հնություն ունի և եղել է 13-րդ դարի մի ձեռագրի պահպանակ, իրեն  հաջողվել է հայտնաբերել Շիրակացու բաժանման գործողության մի նմուշ։ Այն, փաստորեն, հնագույնն է Եվրոպայում։ Մի շարք ձեռագրերում պահպանվել է պյութագորասյան բազմապատկման աղյուսակի հետևությամբ կազմված աղյուսակ, բայց ի տարբերություն Պյութագորասի, որի մոտ ամենամեծ արտադրյալը 81-ն է, Շիրակացու մոտ այդ թիվը 81 միլիոն է։

Զրուցակցիս ոգևորությունն ինձ պարզապես ապշեցնում է։ Նա հատիկ առ հատիկ պատմում է Շիրակացու այդ հանճարեղ ստեղծագործության բովանդակությունը։

-Այսօր առանձին վկայությունների, հայտնի և նորահայտ ձեռագրական նյութերի ընձեռած հնարավորության սահմաններում կարելի է ներկայացնել «Քննիկոնի» բովանդակությունը, որը բաղկացած է երկու մասից,- շարունակում է Արտաշես Մաթևոսյանը։- Առաջին մասը բաղկացած է «Ներածությունից» ( որը էակների մասին գիտություն է) և չորս գլխից՝ «Թվաբանութիւն», «Երաժշտութիւն», « Երկրաչափութիւն», «Աստղաբաշխութիւն»։ Երկրորդ մասը նույնպես բաղկացած է «Ներածությունից» ( որը տոմարագիտություն է) և չորս բաժիններից՝ «Տոմար», « Տիեզերագիտութիւն» և «Մակածութիւն» , «Մատենագիտութիւն» և «Հռետորական ուսումն»(մասնակի)։

Չեմ կարող չհիշատակել Ա. Մաթևոսյանի ևս մի կարևոր հայտնագործություն։ Երկրաչափությանը նվիրված գլխում տեղադրելով Էվկլիդեսի (մ.թ.ա. 3-րդ դար) «Երկրաչափությունից» անհրաժեշտ հատվածներ՝ Անանիա Շիրակացին համառոտակի նշում է այդ գիտության եգիպտական ծագումը, ներկայացնում դրա գործնական նշանակությունը երկրագործության մեջ։ Մինչդեռ բանասերներից շատերն այդ թարգմանությունը վերագրում էին Գրիգոր Մագիստրոսին։ Այսպիսով, այդ թարգմանության հեղինակի «դափնին» վերադարձնելով Շիրակացուն, կարելի է ասել, որ Էվկլիդեսի առաջին թարգմանիչը եղել է Շիրակացին։ Այնինչ՝ գիտնականները մինչ այդ Էվկլիդեսի «Երկրաչափության» հնագույն թարգմանությունը համարում էին արաբերեն թարգմանությունը՝ կատարված 8-րդ դարում։

Եվս մի կարևոր բացահայտում, որն անելուն օգնեց «Քննիկոնի» առեղծվածի բացահայտումը։ Հայ մատենագիտության մեջ պահպանվել է աշխարհագրական մի հոյակապ հուշարձան, որ մի քանի հարյուրամյակ է, ինչ տեղափոխվում է դարից դար, հեղինակից հեղինակ, ստանում նորանոր վերնագրեր՝ մերթ դառնալով երկրների նկարագրություն , մերթ քարտեզների բացատրություն, մերթ տիեզերագիտության և աշխարհագրության դասագիրք։ Դա «Աշխարհացույցն» է, որը ոմանք վերագրել են Մովսես Խորենացուն, ոմանք՝ Անանիա Շիրակացուն, ոմանք 7-րդ դարի անանուն մի պատմիչի։ «Քննիկոնը» վերջնականապես լուծում է այդ կնճռոտ հարցը։ Աշխատությունը գրվել է 7-րդ դարում, և հեղինակը Անանիա Շիրակացին է։

Այս հարցազրույցից անմիջապես հետո Մատենադարանում հանդիպեցի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Օնիկ Եգանյանին և խնդրեցի գնահատել իր գործընկերոջ վերջին ուսումնասիրությունը։

- Շիրակացու «Քննիկոնը» հայ մատենագրության այն եզակի հուշարձաններից է, որով դեռևս 7-րդ դարում հեղինակը հայ իրականության մեջ արմատավորում էր քառյակ գիտությունները։ Հանրագիտարանային բնույթի սույն աշխատությունը, որի հայտնաբերման և վերականգնման համար մենք պարտական ենք Արտաշես Մաթևոսյանին, որքան շուտ դառնա գիտական և ընթերցող հասարակայնության սեփականությունը, այնքան շատ կշահի մեր մշակույթը,- ասաց Եգանյանը։

Իսկ բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Աբգարյանն ասաց.

-Արտաշես Մաթևոսյանի՝ «Քննիկոնին» նվիրված աշխատությունը զգալի ներդրում է միջնադարյան հայ խոշորագույն մտածողներից մեկի՝ Անանիա Շիրակացու ժառանգության ուսումնասիրման բնագավառում։ Իմ կարծիքով, Արտաշես Մաթևոսյանի գործը վերջին տարիների կարևորագույն բանասիրական հետազոտություններից մեկն է մեզանում։

Արտաշես Մաթևոսյանին քանիցս որակել եմ իբրև համեստագույն, մեղվաջան գիտաշխատողի։ Համոզված եմ, որ նա արժանի է ավելի բարձր գնահատականի, մանավանդ, երբ աչքի ես անցկացնում նրա գիտական աշխատությունների ցանկը և համոզվում, որ նա առնվազն ակադեմիկոսի կոչում պետք է ունենար։ Բայց այդ համեստագույն այրը այդպես էլ մնացել է գիտությունների թեկնածու՝ չնայած  նրա  մի շարք գործեր կարող էին ներկայացվել որպես դոկտորական դիսերտացիա։ Դիցուք, մի՞թե դոկտորական դիսերտացիայի արժանի չեն Կորյունի մատյանի կազմման ժամանակ տեղի ունեցած երկու Թղթի սխալ տեղադրման հետևանքով առաջացած թյուրիմացության բացահայտման և Դանիելյան  գրերից օգտվելու «մեղադրանքը» Մեսրոպ Մաշտոցի վրայից հանելու մասին ուսումնասիրությունը կամ էլ Շիրակացու «Քննիկոնի» առեղծվածի լուծման մասին հետազոտությունը։

… Վերջում ավելացնեմ, որ Արտաշես Մաթևոսյանի գործն այժմ Մատենադարանում շարունակում է նրա որդին` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը:

Լևոն Ազրոյան



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ