Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Գերմանիայում չկա մեկը, ով չիմանա հայերի մասին. Սերովբէ Օտապաշեան

Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Գերմանիայում չկա մեկը, ով չիմանա 
հայերի մասին. Սերովբէ Օտապաշեան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան է կանգնեցվելու: Քաղաքային իշխանությունները հաստատել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնելու՝ Քյոլնի Հայ համայնքի եկեղեցական վարչության կողմից հնչեցված առաջարկը: Հուշակոթողի, ապրիլի 24-ին Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Գերմանիայի առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Սերովբէ Օտապաշեանի հետ: 

-Պրն Օտապաշեան, ինչու՞ հենց այդ քաղաքում է որոշվել կանգնեցնել հուշարձանը եւ ինչու հենց Բրուք Լեմբահեր Վեգ շրջանում գտնվող գերեզմանատանը:

-Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ մոտ 9-10, կան կանգնեցված հուշակոթողներ, որոնք օրհնված են եկեղեցականների կողմից: Բեռլինում ունենք երկու հուշարձան, որոնցից մեկը կրկին գերեզմանատանն է կանգնեցված. այն նվիրված է զոհված հայերի, հույների եւ ասորիների հիշատակին, այսինքն՝ այս կանգնեցվող հուշակոթողը ոչ առաջինն էր, ոչ վերջինը: Գերեզմանոցը շատ մեծ է, դրա մի մասը հատկացված է մեզ: Ինչպես գիտենք, շատ  երկրներում հայկական գերեզմանոցներում նույնպես  մասնավոր բաժիններ կան,  որոնք նահատակների կամ ցեղասպանության զոհերին են հատկացված: Նպատակն այն էր, որ ամեն անգամ այնտեղ այցելելիս հայերը հիշեն զոհերին եւ ոչ միայն հայերը, նաեւ շատ գերմանացիներ կտեսնեն հուշարձանը, որի վրա փորագրված գրությունը պետք է լինի հայերենով եւ գերմաներենով:

-Ե՞րբ է նախատեսվում կանգնեցնել այն:

-Կարծում եմ՝ մեկ կամ երկու ամիս հետո այն արդեն կկանգնեցվի:

- Քաղաքային խորհրդում կայացված որոշման քննարկումների ժամանակ արդյո՞ք ճնշումներ եղել են հուշարձանի տեղակայման հետ  կապված:

-Այո, եղան, քանի որ Քյոլնի քաղաքային խորհրդում կային մասնակից անձինք (թուրքեր) եւ նրանց հետ համագործակցող կազմակերպություններ, որոնք Թուրքիայի շահերին համապատասխան էին գործում, ի վերջո հենց խորհրդի գերմանացի անդամներ, որոնք այս կամ այն պատճառով նրանց էին հետեւում: Պետք չէ մոռանալ, որ այս գործընթացները շուրջ երկու տարի տեւեցին, բայց կուսակցությունների մեծամասնությունը մեր կողմից եղավ:

- Պրն Օտապաշեան, ի ՞նչ կասեք Գերմանիայի՝ մասնավորապես, Քյոլնի հայ համայնքի վերաբերյալ: Որքա ՞ն է հայերի թիվը,  կոնկրետ ո՞ր ոլորտներում են գործունեություն ծավալում:

-Գերմանիայի հայերի թիվը տատանվում է 50-70 հազարի սահմաններում, սակայն ես վստահ չեմ թվաքանակի հարցում, քանի որ վերջին տարիներին Հայաստանից եկողների թիվը շատ է: Քյոլնի պարագայում կարող եմ ասել, որ նրանք շուրջ 8000-ն են, բայց նորից ոչ այդքան վստահ, որովհետեւ թվերը փոփոխական են: Նրանք գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում. կան մարդիկ, որ սկսել են սեփական գործ, առեւտրի խանութներ ունեցողներ, համալսարանական ոլորտներում աշխատողներ:

-Ընդհանրապես Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումից հետո ինչպիսի՞ն են երկրում տիրող տրամադրությունները հայերի հանդեպ:

-Հայերի հանդեպ տիրող տրամադրությունները մինչեւ այսօր վատ չեն եղել:  Ես գրեթե 50 տարի այստեղ եմ ապրում եւ կարող եմ ասել, որ ավելի  ու ավելի է լավանում: Սկզբում, այսինքն՝ 60-ականներին շատերը  հայերին չէին ճանաչում, ավելի ճիշտ քչերն էին ճանաչում, իսկ 1988-ի վերջերը, այսինքն՝ երկրաշարժից մինչեւ այսօր գրեթե չկա մեկը, ով չճանաչի հայությանը, մանավանդ Հայոց ցեղասպանության՝ նախորդ տարվա ընդունումից հետո:

-Մոտենում է ապրիլի 24-ը, ինչ-որ միջոցառումներ այդ կապակցությամբ նախատեսվո՞ւմ են:

-Ապրիլ 24-ի միջոցառումներն ամեն տարվա նման այս տարի եւս տեղի պիտի ունենան բոլոր հայ համայնքներում: Կանցկացվեն ժողովներ, որոնց կհրավիրվեն Գերմանիայի կուսակցությունների անդամներ: Հիմա դեռ մի փոքր դժվար է ներկայացնել բոլոր համայնքներում իրականացվելիք ծրագրերը:

Հարցազրույցը՝  Սյուզի Մուրադյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]