Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Գարո Փայլանը պատրիարքի ընտրության գործում պետության միջամտության հարցով գրություն է ուղարկել ՆԳՆ


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցում է ուղարկել` կապված Պոլսո Հայոց պատրիարքական ընտրություններում նահանգապետարանի միջամտության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցադրման մեջ ասվում է. «Հայ համայնքի ներսում պատրիարք ընտրելու գործընթացի մեկնարկի շուրջ համաձայնության առկայության պարագայում ո՞րն է նման միջամտության հիմնավորումը:

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ինը տարի է` չի կարողանում պաշտոնավարել:

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևորականները նոր պատրիարքի ընտրության գործընթաց սկսելու նպատակով, համաձայն 1863 թվականի Ազգային սահմանադրության և Լոզանի պայմանագրի, 2017 թվականի մարտի 15-ին անցկացված ընտրության արդյունքում Գարեգին  արքեպիսկոպոս Բեքչյանին ընտրել են տեղապահ:

Ընտրությունից անմիջապես հետո «ՇՏԱՊ» վերտառությամբ Ստամբուլի նահանգապետարանի իրավական բաժնի տնօրինությունից փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ «Տեղապահի ընտրություն» անունով մի նամակ փոխանցվեց Պոլսո Հայոց պատրիարքարանին: Այդ գրությունը հայ համայնքի ներսում մեծ զարմանքով ընդունվեց և որակվեց որպես միջամտություն արդեն կատարված ընտրությանը:

Այդ գրությունը ո՞ր օրենքի հիման վրա է գրվել, հրահանգն ու՞մ կողմից է տրվել»:

Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում   Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է  ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական  ընտրությունների գործընթացի մեկնարկը:

Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»:

Պատրիարքարանում տեղապահի  ընտրության նպատակով 2017-ի մարտի 15-ին հրավիրված հոգևորականների ժողովը մեկնարկել է ժամը 15:00-ին, իսկ գրությունը նահանգապետարանից պատրիարքարան է ուղարկվել ժամը 13:47:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրությունը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ ինքը պարտվել է տեղապահի ընտրություններում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ