Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հյուրընկալ Երևանը մի շարք միջոցառումներ է նախատեսել իրանցի զբոսաշրջիկների համար

Հյուրընկալ Երևանը մի շարք միջոցառումներ է նախատեսել իրանցի զբոսաշրջիկների 
համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուրընկալ Երևանը մի շարք միջոցառումներ է նախատեսել իրանցի զբոսաշրջիկների համար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

«Երևանի քաղաքապետարանը մարտի 20- 31-ը տասնօրյակ է հայտարարել` իրանցի զբոսաշրջիկների հյուրընկալությունը կազմակերպելու համար: Այսօրվանից «Երևան սիթ տուր» երկհարկանի ավտոբուսը կազմակերպելու է գարնանային հետաքրքիր տուրեր` պարսկերեն լեզվով: Երևանի պատմության թանգարանում բացվելու է «Մշակույթների երկխոսություն» իրանական ժառանգությանը վերաբերող ցուցահանդես, որը կգործի մինչև մարտի 31-ը: Երևանի մի քանի վայրերում տեղադրվել են վահանակներ, որոնցով ողջունում և շնորհավորում ենք իրանցի զբոսաշրջիկներին»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում Ազատության և Հանրապետության հրապարակներում կամավորները երկլեզու քարտեզներ, տեղեկատվական թերթիկներ են բաժանելու իրանցի զբոսաշրջիկներին:

Իրանցիները, Երևանից բացի, նախընտրում են լինել նաև Հայաստանի տարբեր վայրերում: Արդեն մի քանի տարի Իրանից Հայաստան զբոսաշրջիկներ բերող «Ռեստ-տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը նշեց, որ վերջին տարիներին Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում: 

«Հայաստանում նրանց համար հետաքրքրությունները շատ են: Իրանցի զբոսաշրջիկներին շատ գրավում է Հայաստանի ազատությունը, գների մատչելիությունը, այստեղ շատ են գալիս գնումներ կատարելու համար, կարևոր գործոն է վիզային ռեժիմի ազատականացումը»,-ասաց Արամ Բլեյանը: Նրա խոսքով, հիմնականում իրանցի զբոսաշրջիկները նախընտրում են լինել Գառնիում, Սևանում, Ծաղկաձորում, կան ուղղություններ, որոնց ուղղությամբ նույնպես աշխատանք է տարվում զբոսաշրջային փաթեթները դիվերսիֆիկացնելու համար:

Լրագրողների այն դիտարկմանը, որ իրանցի զբոսաշրջիկները հաճախ խաբվում են, մասնավորապես տաքսու վարորդների կողմից, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ տեղյակ է խնդրից:

«Վերջերս զանգ ստացա, թե դեպք է գրանցվել, քաղաքի կենտրոնից դեպի խոշոր առևտրի կենտրոններից մեկը տաքսու վարորդը տարել է 17 հազար դրամով: Սա այն խնդիրն է, որ պետական մակարդակով չենք կարող միջամտել մասնավոր բիզնեսին, սակայն կարծում եմ, խնդիրը կլուծվի, երբ իրանցի զբոսաշրջիկները տեղեկացված լինեն: Այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Ի դեպ, նույն խնդրին կարող ենք հանդիպել տարբեր երկրներում ևս, հետևաբար զբոսաշրջիկը նախապես պետք է տեղեկացված լինի գնային քաղաքականությունից»,-ասաց  Զարմինե Զեյթունցյանը:

Մարտի 21-ին նշվում է Նովրուզ Բայրամը: Նովրուզ պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր: Այն  համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը, որը նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Ամեն տարի այդ տոնական օրերին Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]