Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն իրանցի զբոսաշրջիկներին ընդունել է շնորհավորանքով տեղեկատվական վահանակներով. ուր գնալ և ում դիմել օգնության համար

Հայաստանն իրանցի զբոսաշրջիկներին ընդունել է շնորհավորանքով տեղեկատվական 
վահանակներով. ուր գնալ և ում դիմել օգնության համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նովրուզ Բայրամի առիթով Իրանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների զգալի ակտիվություն է ակնկալվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ իրանցի զբոսաշրջիկներին դիմավորելու համար զգալի աշխատանք է կատարվել:

Առաջին հերթին հայկական զբոսաշրջային տեղեկատվական կայքերի միջոցով Նովրուզը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ տրամադրվել է տեղեկատվություն թե անգլերեն, թե պարսկերեն: Բացվել է «թեժ գիծ», որը տեղ է գտել Մեղրիից մինչև Երևան ընկած ճանապարհին տեղադրված տեղեկատվական վահանակներում: Թեժ գիծը գործելու է 24 ժամ պարսկերեն:

«Հնարավոր է իրանցի զբոսաշրջիկներն ինչ-որ խնդիրներ ունենան: Այս «թեժ գիծը» կօգնի արագ տեղեկանալ և շուտ արձագանքել: Ի դեպ, տեղեկատվական վահանակներում տեղ են գտել նաև Նովրուզի շնորհավորանք` մատնանշելով Հայաստանի գրավիչ վայրերը, մասնավորապես, Նորավանքը, Տաթևի վանքը, Ջերմուկը»,-ասաց  Զարմինե Զեյթունցյանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնավոր ընկերությունների հետ, որոնք իրանցի զբոսաշրջիկներին պարսկերեն լեզվով տեղեկատվական նյութեր են բաժանում սահմանային անցման կետերում:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահության նախարարության հետ, որպեսզի գիշերը ավտոմեքենայով Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների նկատմամբ առավել մեծ ուշադրություն լինի, ոստիկանական, շտապ օգնության ծառայություններն ակտիվ աշխատեն:

«Մեր առջև նպատակ ենք դրել ամբողջ տարվա ընթացքում իրանցի զբոսաշրջիկներին իրազեկել Հայաստանի գրավչության մասին, ծրագրում ենք Հայաստանի մասին նկարահանել 26 րոպեանոց ֆիլմ` ներկայացնելու իրանցիներին»,-հավելեց Զարմինե Զեյթունցյանը:

Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ վերջին տարիներին իրանցի զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: 2016 թվականին Հայաստանում զբոսաշրջության աճը կազմել է 5.7 տոկոս: Այդ աճի կառուցվածքում 31 տոկոսը բաժին է ընկել իրանցի զբոսաշրջիկներին: 2015 թվականին Հայաստան է եկել 144 հազար 160 իրանցի զբոսաշրջիկ, 2016-ին Հայաստանն հյուրընկալել է 181 հազար իրանցի զբոսաշրջիկի: Ըստ Զարմինե Զեյթունցյանի` աճը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Առաջինը Հայաստանը Իրանի անմիջական հարևանն է: Դրանից բացի, Հայաստանը իրանցի զբոսաշրջիկներին հետաքրքիր է թե ժամանցի, թե պատմամշակութային վայրեր այցելելու տեսանկյունից:

Մարտի 21-ին նշվում է Նովրուզ Բայրամը: Նովրուզ պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր: Այն  համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը, որը նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Ամեն տարի այդ տոնական օրերին Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]