Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը չի կիսում մոտեցումը, թե Գիտությունների ազգային ակադեմիան սպառել է իրեն

ՀՀ Նախագահը չի կիսում մոտեցումը, թե Գիտությունների ազգային ակադեմիան սպառել 
է իրեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում այն մոտեցումը, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան սպառել է իրեն: Գիտությունների ազգային ակադեմիայի  նախագահության տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ակադեմիայի անդամների բարձրացրած մտահոգությանն այն մասին, թե խոսակցություններ են շրջանառվում, որ գիտությունների ազգային ակադեմիան սպառել է իր առաքելությունը, ընդգծեց, որ նման դիրքորոշումը ինքը չի կիսում, քանի որ եթե կիսեր այդ մոտեցումն, այդ ուղղությամբ վաղուց աշխատանքներ տարած կլինեին: «Բնականաբար, ես չեմ կիսում այս տեսակետը, որովհետև եթե կիսեի նման մոտեցումը մենք վաղուց այդ ուղղությամբ քայլեր կանեինք: Ես կողմնակից եմ, որպեսզի օպտիմալացվեն այն հաստատությունները, որոնք կան թղթի վրա: Դրանք պետք է իրական լինեն: Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկան հնարավորություններ, որտեղ ուղղակի  քիչ քանակությամբ մարդիկ են հավաքվել և արդյունք չկա, այդ մասը պետք է օպտիմալացնել և ուժեղացնել այն հատվածները, որոնք աշխատում են և մեր երկրին պատիվ են բերում ու զարգացնում են գիտությունը Հայաստանում: Բացարձակապես որևէ այլ մոտեցում չի եղել մեր կողմից և չկա այդպիսի մոտեցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նախագահ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը ակադեմիայի անդամներին կոչ արեց նախաձեռնող լինել:  «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կան ակադեմիայի ստորաբաժանումներ, որոնք արդյունավետ չեն աշխատում: Խոսքը սրանց պետք է վերաբերվի: Այլ ճանաարհ ես չեմ տեսնում:  Այո, սերտ կապ պետք է լինի գիտությունների ազգային ակադեմիայի և մեր ուսումնական հաստատությունների մեջ:  Իհարկե, համալսարանական գիտությունն էլ պետք է զարգանա, սակայն իրարից տարանջատելը, կարծում եմ, սխալ է, և այն կարծիքները, թե ակադեմիան իր առաքելությունն ավարտել է այդպիսի մոտեցումը ես չեմ ընդունում»,- հավելեց Սերժ Սարգսյանը: :

Անդրադառնալով երբեմն լրատվամիջոցներում որոշ անձանց կողմից գիտությունների ազգային ակադեմիայի հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ ակադեմիայի անդամների մտահոգությանը` Նախագահ Սարգսյանը նկատեց, որ մեր հասարակության մեջ որևէ մեկն ապահովագրված չէ քննադատությունից և զերծ չէ դրանից: «Կարծում եմ` այս երկրում ամենաքննադատվող հաստատությունը նախագահականն է, և ամենաքննադատվող անձնավորությունը ես եմ: Այդ քննադատությունից որևէ մեկը հաճույք չի ստանում: Միայն մազոխիստները կարող են քննադատությունից հաճույք ստանալ: Սակայն, այնուհանդերձ, որոշ քննադատությունների մեջ, եթե դրանք առարկայական են, եթե դրանք չարությամբ լեցուն չեն, եթե դրանք ուղղված ենք աշխատանքները ուղղելուն, միշտ կարելի է գտնել ռացիոնալ հատիկ»,- նշեց նա:

Սերժ Սարգսյանը կոչ արեց չզարմանալ, որ լրատվամիջոցներում, ընդհանրապես հանրային խոսքի մեջ շատ մարդիկ խոսում են թեմաների շուրջ, որոնցից գաղափար չունեն: Նրա կարծիքով` դա այն գինն է, որ վճարում ենք փակ հասարակությունից բաց հասարակություն անցնելու ճանապարհին: «Եվ մի կարծեք, որ այդպիսի մոտեցումը միայն ակադեմիայի կամ գիտության մասով չէ: Եթե հիմա գոնե այս ժամանակահատվածը վերցնենք, որովհետև ամենացայտուն կերպով նման երևույթները դրսևորվում են նախընտրական ժամանակահատվածում, մարդիկ խոսում են թեմաներից, որոնցից ընդհանրապես գաղափար չունեն: Պարտադիր չէ, որ բոլորի խոսքը կոմպետենտ լինի, պարտադիր չէ բոլորի խոսքն ազդեցիկ լինի, ուղղակի վատն այն է, որ այդ մարդիկ, ուղիղ նայելով տեսախցիկին, իսկ հեռուստատեսությամբ` հեռուստադիտողի աչքին, սուտ են ասում, թվեր են հնարում, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն: Նույնն էլ գիտության պարագայում:  Հանդուրժող եղեք, դուք ևս ակտիվություն ցուցաբերեք,  ինքներդ խոսեք հաջողությունների մասին: Սա էլ երկրորդ խնդիրն է, որովհետև շատերը չեն ցանկանում հրապարակավ հակադրել տգետներին, հրապարակավ հակադրել այն մարդկանց, ովքեր իսկապես թեմայից չեն հասկանում, բայց խոսում են: Չեն ցանկանում, որովհետև մտածում են, որ վաղը մյուս օրը «Ֆեյսբուք»-ով կամ կայքերով կսկսեն անձնական վիրավորանքներ հասցնել իրենց: Բայց եթե ցանկանում ենք մեր տեսակետը պաշտպանել, պետք է անենք դա: Եթե ցանկանում ենք, որ այս ժամանակահատվածն ավելի կարճ տևի, քան կարող է տևել, ինքներս պետք է սկզբունքային մոտեցում ցուցաբերենք, հակադրվենք ու մեր կարծիքը ներկայացնենք»,- եզրափակեց ՀՀ Նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]