Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պուտինը շնորհակալություն հայտնեց Հայաստանին Սիրիային տրամադրած հումանիտար օգնության համար

 Պուտինը շնորհակալություն հայտնեց Հայաստանին Սիրիային տրամադրած 
հումանիտար օգնության համար

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ նախագահը խոսեց Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երախտապարտ ենք մեր հայ ընկերներին 2016 թվականի հոկտեմբերին և 2017 թվականի փետրվարին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, որը Հայաստանից Սիրիա փոխադրվեց Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- նշեց ՌԴ Նախագահը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը՝ Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելիս տրանսպորտային փոխադրման հետ կապված համագործակցության համար:

Նախագահներն ընդգծեցին, որ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են միջազգային և տարածաշրջանային հարցերով:

«Մեր երկրները ձգտում են կոորդինացնել գործողությունները ՄԱԿ-ի շրջանակում, մենք հաջողությամբ գործակցում ենք ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացի հարցում, զարգացնում ենք կառուցողական փոխգործակցություն ՀԱՊԿ-ում»,- ասաց Պուտինը:

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 46 մլն դրամ:  

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, ապա 5-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված էր. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

2017 թվականի փետրվարի 14-ին Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]