Ես հավատում եմ Հայաստանում գինեգործության ապագային. ՌԴ վաստակավոր սոմելյե Արթուր Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գինու ազգային ապրանքանիշի զարգացման համար անհրաժեշտ է պետություն- բիզնես համագործակցությունը: Պետք է հիմնել բարձրորակ խաղողի այգիներ Վայոց Ձորում, Արագածոտնում եւ այլ համայնքներում: Հայկական գինեգործության պատմության մեջ «եզակի պահի» մասին «Արմենպրես»-ի հետ զրուցել է Ռուսաստանի Սոմելյեների և փորձագետների միության նախագահ, ՌԴ վաստակավոր սոմելյե, «Հայկական գինիներ» և «Ռուսական գինիներ» ուղեցույցների հեղինակ Արթուր Սարգսյանը:
-Անցած շաբաթ կայացել է ձեր հանդիպումը Հայաստանի գյուղատնտեսության նախարարի հետ: Ինչպե˚ս կգնահատեք արդյունքները:
-Մենք Իգնատի Առաքելյանի հետ հանդիպել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում: Կենտրոնի մթնոլորտը, երիտասարդ թիմը խթանում է ծրագրերի քննարկմանը: Բազմաթիվ հարցերի շուրջ մենք մտածում ենք նույն ուղղությամբ: Ուրախալի է, որ Հայաստանի Կառավարությունը հստակ պատկերացումներ ունի երկրի տնտեսության համար խաղողագործության եւ գինեգործության ունեցած կարեւոր դերի մասին: Իմ կարծիքով այդ հատվածի զարգացման համար գլխավոր դեր պետք է խաղա պետությունը` ի դեմս Wine of Armenia-ի ֆոնդի եւ հենց գինեգործների համայնքը: Գյուղատնտեսության նախարարությունն ունի հետաքրքիր գաղափարներ` խաղողի տեսակների պաշտպանության, քարտեզագրման, պահպանվող աշխարհագրական անվանումների հետ կապված: Բոլոր այս ծրագրերը կարելի է եւ պետք է համատեղել «Հայաստանի գինի» ապրանքանիշի զարգացման ռազմավարության մեջ: Այդ ամենը 3-5 տարիների ընթացքում երկրի տնտեսությանը կբերի եւ նոր ներդրումներ, եւ աշխատատեղեր, եւ տուրիստական հոսքի բազմակի աճ:
Հայաստանում գինեգործության զարգացման համար շատ բան կա արված. արտադրության ոլորտում ազատական օրենքներ, բացակայում է արգելքը գովազդի վրա: Բայց այդ ամենը պասիվ աջակցություն է: Հայաստանի գինու ազգային ապրանքանիշի զարգացման համար անհրաժեշտ է պետություն- բիզնես համագործակցությունը: Դա պահանջում է գինու շուկայում հասարակական կառույցների զարգացում. Խաղողագործների եւ գինեգործների միությունների, որոնց օրինականությունը կհաստատվի գինեգործների ընտրության մեծամասնությամբ:
Գինեգործությամբ զբաղվող պետություններում հենց գինեգործներն են որոշում «գինու շրջանների» սահմանները, թույլատրված տեսակներն ու գյուղտեխնիկայի հետ կապված հարցեր: Պետությունը միայն աջակցում է ձեւակերպել այդ օրենքներն ու վերահսկել դրանց իրականացումը: Այսօր ես նմանատիպ գործընթացներ տեսնում եմ Ռուսաստանում: Ես համոզված եմ, որ հենց նմանատիպ ուղով էլ կգնա Հայաստանում գինեգործության զարգացումը:
-Ինչպե˚ս եք գնահատում խաղողագործության վիճակը Հայաստանում:
-Հայաստանում վերջին տարիներին խոսվում էր խաղողի գերարտադրության ճգնաժամի եւ արտադրանքի իրացման ցածր գների մասին: Այս խնդիրներն առաջիկա տարիներին կարելի է մոռանալ: Ամեն դեպքում սա վերաբերվում է խաղողի էնդեմիկ` արենի եւ ոսկեհատ տեսակներին: Արդեն անցյալ տարի դրա գինը գերազանցում էր 250 դրամը: Սպիտակ խաղողի էնդեմիկ տեսակներից պատրաստված որակյալ գինին պակասություն էր անում: Անհրաժեշտ են բարձրորակ խաղողի այգիներ Վայոց Ձորում, Արագածոտնում եւ այլ համայնքներում: Անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստանում խաղողի տարածքները քիչ են: 17 հազար հեկտարի մեծ մասը կոնյակի արտադրության համար են, միայն 5000 հեկտարն է Հայաստանում գինու արտադրության համար: «Հայաստանի գինի» ապրանքանիշի ապագան համաշխարհային շուկայում, դա թանկ եւ բարձր որակի գինին է:
-Ո˚ր դիրքերում է գտնվում հայկական գինին Ռուսաստանի եւ այլ շուկաներում:
-Այժմ հայկական գինեգործության պատմության մեջ եզակի պահ է: Հայաստանը գինեգործության ոլորտում ունի «զրոյական» կերպար: Միեւնույն ժամանակ կան յուրահատուկ առավելություններ. ինչպես օրինակ խաղողի էնդեմիկ տեսակներն են, 6000 տարվա ավանդական գինեգործությունն է: Դրանք գինիներ են, որոնց հետ առաջին իսկ ծանոթությունը ապշեցնում է մարդկանց: «Սա Հայաստա˚նն է ինչ է»,-հարց, որը ես լսում եմ Ռուսաստանում ամեն համտեսողից: Նույն «wow » արձագանքը կարելի է լսել նաեւ աշխարհում:
Եթե հիմա ճիշտ իրականացնենք այդ ներուժը Հայաստանը կգնա Ավստրիայի ճանապարհով, որը 30 տարվա ընթացքում դարձավ զգալի գնով բարձրորակ գինու մատակարար: Եթե մենք բաց թողնենք հնարավորությունը, երկրի տարածքից դուրս ցածրորակ գինու հոսք կլինի, ինչը բացասաբար կազդի պետության իմիջի վրա: «Հայաստանի գինի» բրենդի իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել դեգուստացիոն հանձնաժողով` բաղկացած գինեգործներից եւ անկախ փորձագետներից, ովքեր կփորձարկեն այն բոլոր գինիները,որոնք ենթակա են արտահանման: Երկրի տարածքից պետք է դուրս գա միայն բարձրորակ արտադրանքը:
Եթե ուշադրություն դարձնենք գինու արտահանման ցուցանիշներին Ռուսաստանում, Հայաստանն այս տարի ավելացրել է մատակարարումը`հիմնականում երկու ներմուծողների ծրագրի շնորհիվ: Նրանք Ռուսաստան են մատակարարում գինի` միջինում 12-15 դոլարով: Դա ամբողջ շուկայի համար սահմանված նշաձող է:
-Դուք հայտարարել եք «Հայաստանի գինիները» ուղեցույցի երկրորդ հրատարակությունը պատրաստելու մասին: Ինչպիսի՞ն է այն լինելու:
-Մենք արդեն երրորդ այցելությունն ենք իրականացնում Հայաստանի գինեգործական ընկերություններ՝ ուղեցույցը պատրաստելու համար: Առաջին երկուսը կայացել են անցած տարվա գարնանը և աշնանը: Եվ ամեն անգամ ես չեմ հոգնում զարմանալ փոփոխություններից, որոնք մեր աչքերի առաջ կատարվում են Հայաստանի գինեգործության ոլորտում: Այցելությունների ընթացքում մենք ծանոթացել ենք ևս մի քանի նախագծերի հետաքրքիր գինիների հետ, որոնք նախորդ ուղեցույցում ներկայացված չեն եղել: Այդ ամենը թույլ է տալիս ուղեցույցն ավելի մասշտաբային դարձնել, մանրամասն պատմել Հայաստանի գինեգործության մասին, խաղող արտադրող տարածքների մասին: Ուղեցույցը, որն անցած տարի ներկայացվեց «Ռուսաստանի գինիները» ուղեցույցի հետ նույն հրատարակության կազմում, այս տարի կլինի առանձին հրատարակությամբ երկու լեզուներով՝ ռուսերեն և անգլերեն:
-Տարվա կեսին Մոսկվայում կայանալու է գրքի մասշտաբային շնորհանդեսը: Ինչպե՞ս է ֆինանսավորվում այս ծրագիրը: Օգնում է արդյոք Հայաստանի կառավարությունը:
-Սա ամբողջովին իմ նախաձեռնությունն է: Պետական աջակցության վերաբերյալ առաջարկ ես դեռ չեմ ստացել: Եվ որ ամենագլխավորն է: Որևէ գինեգործ մի կոպեկ ոչ գրքում հրատարակման համար ոչ էլ ուղեցույցի շնորհանդեսին մասնակցելու համար: Սա սկզբունքային դիրքորոշում է, որը թույլ է տալիս խուսափել կոնֆլիկտներից և լիովին անկախ լինել իմ գնահատականներում: Առայժմ ուղեցույցը ֆինանսավորվում է իմ սեփական միջոցներով: Մենք գործընկերների ենք ներգրավում բիզնեսի այլ ոլորտներից, որոնք կապ չունեն որակյալ և չոր գինիների արտադրության հետ, բայց գործունեությամբ դրան մոտ են: Խոսքը գինեգործության համար անհրաժեշտ իրերի՝ խցանների, փայտյա տակառների մատակարարների մասին է: Կարծում եմ, որ այս տարի մենք կկարողանանք համագործակցություն սկսել Հայաստանում թունդ ալկոհոլի առաջատար բրենդներից մեկի հետ, որը մեծ դեր է խաղում Հայաստանում խաղողագործության պահպանման և զարգացման գործում:
-Ստացված բոլոր միջոցները ուղղվում են ծրագրի զարգացմանը, գրքի տպագրությանը, բարձր հարթակներում դրա շնորհանդեսի կազմակերպման գործին: Ինչո՞ւ դուք որոշեցիք զբաղվել Հայաստանում գինու թեմայով՝ ներդնելով ձեր սեփական միջոցները այդ ծրագրի մեջ:
-Ես ամբողջ հոգով ցանկանում եմ, որպեսզի Հայաստանում գինեգործությունը զարգանա և հետևում եմ դրա առաջընթացին այն պահից, երբ առաջին որակյալ գինիները սկսեցին արտադրվել: Չես կարող անտարբեր մնալ, երբ փորձում ես այդ գինիները, երբ տեսնում ես այն հողը, որը ստեղծել է դրանք: Վայոց Ձորը և նրա հին խաղողի որթերը գրավում են ամբողջ աշխարհի ուշադրությունը: Միջազգային մակարդակի գինեգործներ Փոլ Հոբսը, Ալբերտո Անտոնինին, ընդամենը մեկ անգամ լինելով այդ վայրերում, սիրահարվում են Հայաստանին, սկսում են սեփական ծրագրերը, դառնում են ողջ աշխարհում ազգային գինեգործության դեսպանները: Իրենց արմատներին մնացած հին որթերով խաղողի թփերը, որոնք դեռևս պահպանվում են Վայոց Ձորում, ազգային արժեք են, որոնք պետք է պահպանել ու գուրգուրել: Այդ տեսակների գենետիկական անալիզը հաստատել է Հայաստանի տարածքների համար դրանք ունիկալությունն ու եզակիությունը: Սա արդեն ինքնին հին գինեգործական ավանդույթների ապացույց է: Նույնիսկ եթե դուք ոչինչ չեք լսել Հերոդոտոսի պատմության, բիբլիական լեգենդների մասին, երբեք չեք եղել Արենի-1 քարանձավում, բավական է նայել 700 տարվա հնության խաղողի որթերին, որոնք պահպանվել են Նորավանքում, դա արդեն բավական է: Ես հավատում եմ Հայաստանում գինեգործության ապագային: Դա իմ ողջ աշխատանքի գլխավոր մոտիվացիան է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում