Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանում բանտարկված ՌԴ հայ քաղաքացու քույրը պայքարելու է մինչեւ վերջ եղբորն ազատելու համար

Ադրբեջանում բանտարկված ՌԴ հայ քաղաքացու քույրը պայքարելու է մինչեւ վերջ 
եղբորն ազատելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 9 ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող Ռուսաստանի քաղաքացի,  ազգությամբ հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով քննությունն ավարտված է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց բանտարկվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը:

«Այս մասին առավել մանրամասն ինչ-որ բան ասել չեմ կարող, միայն կասեմ, որ մինչեւ վերջ եմ գնալու, պայքարելու եմ, մինչեւ Մարատը վերադառնա»,-ասաց քույրը:

Մարիանա Միրզոյանը այս ամիսների ընթացքում բազմիցս դիմել է Բաքվում ՌԴ դեսպանություն, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարարություն, սակայն այդպես էլ չի ստացել սպառիչ պատասխան, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Ռուսաստանի կողմից եղբորն ազատ արձակելու ուղղությամբ:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ավելի վաղ Մարիանա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ: Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ եւ Բաքու էր մեկնել գործուղման:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան՝ Մարիանա Միրզոյանին ուղղված առաջին պատասխան նամակում, մասնավորապես, ասված էր.

«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումն անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»: Այս արտահայտությունը տեղիք է տվել կարծելու, որ Ուելդանով-Գալուստյանին բանտում պահում են հայկական ծագման պատճառով:

ՌԴ արտաքին գործերի նախարարությունից, արձագանքելով «Արմենպրես»-ի նամակին, տեղեկացրել էին, որ միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի քաղաքացու՝ օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ են ձեռնարկվում՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից, իսկ ասուլիսի ընթացքում ՌԴ արտգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ ռուսական կողմը Ուելդանովի ձերբակալումը կամ նրան օժանդակություն ցուցաբերելու հարցը չի դիտարկում ազգային խնդիրների համատեքստում:

Վերջերս Ուելդանով-Գալուստյանը զանգահարել եւ հրաժեշտ էր տվել ընտանիքի անդամներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]