Մանկական բեսթսելեր 4/14. «Լինում է, չի լինում» պատկերազարդ հեքիաթներն առաջատարն են
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «Զանգակ» հրատարակչության «Լինում է, չի լինում» հեքիաթների պատկերազարդ ժողովածուն է: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրածներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:
Մեկ հորիզոնականով առաջատարի տեղը զիջել և երկրորդ տեղում է հայտնվել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը: Այն մեծ մասսայականություն է վայելում փոքրիկների շրջանում: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:
Մեծերը փոքրիկների համար հաճախ գնել են նաև «Շաղգամը» գիրք-փազլը, ինչի արդյունքում այն հայտնվել է երրորդ հորիզոնականում: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:
«Արև, արև, եկ, եկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն բարելավել է իր դիրքերը և չորրորդ տեղում է: Գրքում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:
Հինգերորդ տեղում է Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» գիրքը: Հեղինակի ստեղծագործություններում արտահայտվում են հայ ժողովրդի դարավոր ավանդույթները, աշխատասիրությունը, հոգևոր հարստությունը:
Վեցերորդ հորիզոնականում է Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունը: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարթսի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:
Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը յոթերորդն է: Առաջին անգամ այն լույս է տեսել 20 տարի առաջ: Վեպի հիման վրա 2001 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացել և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների ուշադրությանը:
Այս ամիս իր դիրքերը զիջել է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գիրքը: Այն ութերորդն է: Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթն իններորդն է: Այն Վաչագանի և Անահիտի սիրո, խիզախության, աշխատասիրության, նվիրվածության մասին է: Հեքիաթի մոտիվներով նաև մուլտֆիլմ է նկարահանվել:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակած «Սասնա տուն» գիրքը: Հայ ժողովրդական դյուցազնավեպի Մկրտիչ Խերանյանի պատումը մանուկների համար համառոտ վերապատմում են Անժել Քյուրքչյանը և Լիլիթ Տեր-Գրիգորյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81): Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 |
«Լինում է չի լինում» պատկերազարդ հեքիաթներ |
Զանգակ | 200 | |
2 | «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» | Բուկինիստ | 120 | |
3 | «Շաղգամը» գիրք փազլ | Բուկինիստ | 70 | |
4 |
«Արև, արև, եկ, եկ» |
Էդիթ Պրինտ | 66 | |
5 |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
ՀաշընդՀաշ | 60 | |
6 |
Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»
|
Զանգակ | 60 | |
7 |
Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» |
Զանգակ | 50 | |
8 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 30 | |
9 |
Ղազարոս Աղայան «Անահիտ» |
Արևիկ | 30 | |
10 | «Սասնա տուն» | Էդիթ Պրինտ | 27 |
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց
Անժելա Համբարձումյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում