1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ստեղծագործելիս ապավինում եմ երևակայությանս. Վիգեն Հովսեփյան

Ստեղծագործելիս ապավինում եմ երևակայությանս. Վիգեն Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ և խոստումնալից հեղինակ- կատարող Վիգեն Հովսեփյանը երազում է աշխարհին ներկայացնել հայկական ժողովրդական երգերը: Մարտի 3-ին օնլայն վաճառքում կլինի երգչի առաջին ձայնասկավառակը՝«Արձագանքներ» («Echoes») խորագրով, որն ընդգրկում է տասներկու հայկական ժողովրդական երգ: Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց երգչի հետ:

-Վիգեն, ձեր մեջ ե՞րբ ծնվեց երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը:

-Միշտ սիրել եմ այն. տանը դաշնամուր ունեինք, և  ես հաճախ էի նվագում, ինչպես կարող էի: 14 տարեկանում ընտանիքով տեղափոխվեցինք Իսպանիա՝ Բարսելոն: Այդ ժամանակահատվածում չէի մտածում երաժշտությամբ զբաղվելու մասին, սակայն 18 տարեկան էի, երբ ընկերոջս հետ խանութում շրջելիս տեսա դարբուկա հարվածային գործիքը: Վերցրեցի այն և փորձեցի նվագել: Սիրեցի այդ գործիքը, սովորեցի նվագել և ժամանակի ընթացքում այն փոխարինեցի այլ հարվածային գործիքներով՝ դհոլ, կախոն…

-Իսկ հետո… Ինչու՞ կիթառ:

-Բարսելոնում մեր ընտանիքով հաճախ էինք քեռուս տանը խնջույքների մասնակցում: Հավաքույթներին քեռակինս կիթառ էր նվագում և ինքնամոռաց երգում: Կիթառի մեղեդիներն ինձ գրավում էին, հրապուրում: Նրան խնդրեցի մեկ շաբաթով գործիքն ինձ տրամադրել: Նվագս ավելի ամբողջական դարձնելու համար որոշեցի նաև երգել, և պարզվեց, որ ստացվում է:

-Այդ ժամանակ ի՞նչ երաժշտություն էիք լսում: Որևէ կատարող ազդեցություն թողե՞լ է ձեր երգարվեստի վրա:

-Բազմաժանր գործեր էի լսում, բայց առանձնահատուկ էին Դավիդ Բիսբալի երգերը: Երբ ես սկսեցի երգել, նա իր առաջին քայլերն էր անում երգարվեստում:

-Ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Հեղինակային երգերս շատ չեն, քանի որ բավականին դժվար եմ գրում և ինձ երգահան չեմ համարում: Կարող եմ մի քանի տող գրել և շարունակել հաջորդ օրը միայն: Ստեղծագործելիս ապավինում եմ երևակայությանս: Ամեն իրավիճակ պատկերացնում եմ, և այդ հույզը, ապրումը դառնում է երգ: Բառերը ծնվում են երաժշտության հետ: Կարծում եմ, որ բառերը  երաժշտությունն էլ ավելի են գեղեցկացնում, լրացնում մեկը մյուսին, և հնարավոր է դառնում լիարժեք փոխանցել զգայական ներաշխարհի ելևէջները: Ինձ համար առանձնահատուկ է «Քեզ սիրել անսահման», (Amarte sin medida) երգը, որը նվիրել եմ ընկերուհուս, ով այժմ կինս է:

-Ինչու՞ որոշեցիք ձեր երաժշտական գործունեությունը շարունակել Հայաստանում:

-Բարսելոնում երգում էի «Բարսելոն էթնիկ բենդ» խմբում: Կատարում էինք տարբեր ժողովուրդների ազգային երգեր, այդ թվում՝ հայկական: Երգել եմ «Half folk» տրիոյի հետ և 2014 թվականին մասնակցել «Ծովից ծով» հայկական ազգային երգերի միջազգային մրցույթին, որը տեղի էր ունենում Կրեմլում: Արժանացանք «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Դա իմ առաջին մեծ բեմն էր, և ելույթի դուրս գալիս ոտքերս դողում էին: Մասնակցում էին հայտնի և հզոր խմբեր տարբեր երկրներից, բայց մեզ էլ գնահատեցին:

Երբ եկա Հայաստան, ծանոթացա երաժիշտներ Աշոտ Ոսկանյանի, Դավիթ Պողոսյանի հետ, ովքեր դարձան իմ մտերիմները: Սկսեցինք նվագել տարբեր ակումբներում՝ կատարելով և՛  իմ՝ երաժշտասերին դեռ ոչ ծանոթ հեղինակային, և՛ հանրությանը վաղուց արդեն հայտնի երգեր: Հետագայում ծանոթացա նաև Սոֆի Մխեյանի հետ: Նա առաջարկեց միասին կատարել «Մի քիչ» երգը: Երգը ներկայացրել ենք տարբեր երկրներում, նկարահանվել է տեսահոլովակ, կարծես թե այն սիրվել է: Ներկայումս Սոֆին իմ պրոդյուսերն է: Բազմաթիվ ծրագրեր ենք ցանկանում իրականացնել՝ նոր տեսահոլովակներ, երգեր, համերգներ…

-Հայ հանդիսատեսն ինչպե՞ս սկզբում ընդունեց ձեզ: Ձեր առաջ դռները հե՞շտ բացվեցին:

-Ի զարմանս ինձ սիրվեցին և՛ իսպաներեն, և՛ հայերեն երգերս: Երբ նոր էի եկել, մտավախություն ունեի, թե հայերեն երգերս գուցե չընդունվեն: Դիտել էի Հայաստանում անցկացվող տարբեր մրցույթներ, և տպավորություն ունեի, թե հայալեզու երգերն այնքան էլ չեն սիրվում, բայց սխալվում էի:

- Մարտի 3-ին համացանցի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել ձեր անդրանիկ ձայնասկավառակը, որում զետեղված են ժողովրդական երգեր: Ինչու՞ հենց  ժողովրդական:

- Հայկական ժողովրդականի մեջ մե՛ր, ի՛մ արմատներն են: Կարծում եմ, պետք է լսելի դարձնենք մեր վաղեմի երգերը: Ես փորձում եմ իմ ներդրումն ունենալ այդ գործում:  Ծանոթացա «Pomegranate music»-ի հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանի հետ, և նրա հովանավորությամբ ձայնագրեցինք սկավառակը: Ի սկզբանե որոշեցինք հենց ժողովրդական երգերը ներկայացնել: Ձայնասկավառակի վրա սկսել ենք աշխատել 2015 թվականից: Այն կոչվում է «Արձագանքներ», որում զետեղել ենք 12 ժողովրդական երգեր: Ընտրել եմ այն ստեղծագործությունները, որոնք համեմատաբար քիչ են կատարվել` «Գուլո», «Անի», «Լուսնյակ գիշեր»… Երգերը յուրովի ենք մատուցել` նոր գործիքավորմամբ: Համագործակցել եմ նորվեգացի հայտնի թավջութակահար Հավարդ Էնսթադի, դուդուկահարներ Հարություն Չկոլյանի, Արսեն Պետրոսյանի,  ուդահար Արա Դինքջյանի հետ, ով նույնպես հեղինակություն է վայելում արտերկրում:  Հպարտ եմ, որ նրանք իմ կողքին են և աջակցում են ինձ:

Ցանկանում եմ ընդգծել, որ երաժիշտները չեն կաշկանդվել, նրանց կաղապարների մեջ չենք դրել, բոլորն ազատ են և տարբեր գաղափարներ են առաջարկել: Նվագել ենք մի քանի տարբերակ` ընտրելով լավագույնը: Կարծում եմ, անկեղծ է ստացվել, քանի որ նվագել և երգել ենք այն, ինչ զգացել ենք իրականում:

- Ի՞նչ երազանքներ ունեք ստեղծագործական կյանքում:

- Շատ են երազանքներս: Ուզում եմ հայ ժողովրդական երգերը տարածել, ներկայացնել աշխարհին և անելու եմ ամեն հնարավորը նպատակս իրագործելու համար: Ուզում եմ, որ հայկական մաքուր երաժշտությունը կարողանան տարբերել արևելյան ելևէջներով հագեցած նմանակումներից: Ժողովրդական երգերը ծնվում են ժողովրդի սրտից, և պետք է պահել դրանք, մասսայականացնել և չվախենալ փորձարկումներից` օգտագործելով տարբեր գործիքներ, որոնք երգն ավելի հարուստ ու գեղեցիկ կդարձնեն:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]