Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սումգայիթի ջարդերի վերաբերյալ կան բազմաթիվ փաստեր. հրապարակախոս

Սումգայիթի ջարդերի վերաբերյալ կան բազմաթիվ փաստեր. հրապարակախոս

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակախոս, արցախյան շարժման ակտիվիստ Հրայր Ուլուբաբյանը վստահեցնում է, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ին տեղի ունեցած Սումգայիթի ջարդերի վերաբերյալ ունի բազմաթիվ փաստեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի համահեղինակ, հրապարակախոս, արցախյան շարժման ակտիվիստ, առաջին շաբաթվա միտինգների կազմակերպիչներից Հրայր Ուլուբաբյանը նշեց, որ Ադրբեջանը կազմակերպված ցեղասպանություն է իրականացրել հայության նկատմամբ, որպեսզի հայությունը դադարեցնի ղարաբաղյան շարժման պայքարը:

Ուլուբաբյանը նշեց, որ, ըստ պաշտոնական տվյալների, սպանվել է 26 հայ, ընդհանուր առմամբ՝ 32 հոգի, սակայն «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքում իր վերլուծությունները ցույց են տալիս, որ սպանվել է ավելի քան 100 մարդ:

Նրա կարծիքով, ղարաբաղյան հարցի լուծման համար Սումգայիթի ջարդերը կարող են լինել ղարաբաղյան հարցի լուծման գլխավոր բանալին, սակայն նա ցավալի է համարում այն, որ հակամարտության հարցի սկիզբը դիտարկվում է Խորհրդային Միության փլուզումը, ինչի հետևանքով անտեսվում է նախորդ տարիներին իրականացված ցեղասպանության փաստը:

Ուլուբաբյանը նաև հավելեց, որ միջազգային դատարանով Սումգայիթի ջարդերը դատապարտելու համար ինքն ունի բոլոր անհրաժեշտ փաստերը:

«Ես կարող եմ հատկացնել արկղներով փաստեր: Ինձ մոտ կան դատավճռիների որոշումներ, դատախազության նամակներ, դատախազի պաշտոնական հաղորդագրություն, որոնցում Սումգայիթը ներկայացված է որպես հանցագործության վայր: Ես ունեմ բոլոր 15 դատավարությունների տվյալները»,- ասաց նա՝ հավելելով, որ հանցագործությունները ցեղասպանություն չեն որակվել հենց Գորբաչովի հրահանգով:

Սումգայիթի ջարդերԽորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։

Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ 

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]