Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայկական ավիաշուկան առաջիկայում կունենա նոր ուղղություններ, կհամագործակցի նոր ավիաընկերությունների հետ

Հայկական ավիաշուկան առաջիկայում կունենա  նոր ուղղություններ, կհամագործակցի 
նոր ավիաընկերությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017  թվականի հունվար-փետրվարին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղեւորահոսքն աճել է 25 տոկոսով: Աճի պատճառների, «Բաց երկնքի» քաղաքականության օգուտների եւ վնասների, դեպի Հայաստան նոր ուղղությունների եւ ավիաշուկայում այլ հետաքրքիր նորությունների մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում փակագծեր է բացել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

-Պարոն Ավետիսյան, 2013 թվականին՝ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո, լայնածավալ աշխատանքներ սկսվեցին միջազգային հարթակներում՝ ՀՀ շուկայի նոր հնարավորությունների ներկայացման և նոր քաղաքականության իրականացման նպատակով: Խոշոր հաշվով ի՞նչ տվեց այս քաղաքականությունը մեր երկրին եւ չե՞ք կարծում, որ «Բաց երկնքի» քաղաքականության պայմաններում ռիսկային է հայկական ավիափոխադրող ունենալը:

-Ռիսկային չէ. դժվար է ավելի, քանի որ ցանկացած դաշտում բաց եւ լիբերալ շուկայական պայմաններում տնտեսավարողները հայտնվում են դժվար մրցակցության մեջ: Տվյալ դեպքում, եթե մենք խոսում ենք ազգային ավիափոխադրող ունենալու մասին, տեղական ավիաընկերությունը մտնում է ուղիղ մրցակցության մեջ այնպիսի խոշոր ավիաընկերությունների հետ ինչպիսին է «Քաթար Էյրվեյզ»-ը, «Էյր Ֆրանս»-ը, «Աէրոֆլոտ»-ը: Մենք ներկայում ունենք գործող հայկական ավիաընկերություն, որն ինչ -որ չափով իր տեղը գտել է շուկայում: «Բաց երկնքի» քաղաքականությունը տվեց մեզ ուղեւորահոսքի աճ, իսկ աճի հետ մեկտեղ նվազում են տոմսերի գները: Մենք մեր առջեւ դրել ենք նպատակ` ավելացնել ներգնա զբոսաշրջային հոսքերը, աշխարհագրությունը` դիվերսիֆիկացնելով շուկան:

-2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում աճ է արձանագրվել թե ուղևորահոսքի, եւ թե բեռնափոխադրումների ցուցանիշներում: Ինչի՞ հետ է կապված այդ աճը, եւ 2017 թվականի համար արդեն ունե՞ք կանխատեսումներ: Ի՞նչ տվեց որոշ երկրների հետ վիզային ռեժիմների դյուրացումը:

-Եթե չլինեն խոչընդոտներ, մենք պլանավորում ենք ունենալ ուղեւորահոսքի աճ: 2017  թվականի հունվար, փետրվար ամիսների դրությամբ արդեն իսկ  25 տոկոսի աճ ենք արձանագրել: Հուսով ենք, որ ցուցանիշը կպահպանվի: Գարուն-ամառ նավիգացիոն շրջանի համար մենք պլանավորում ենք ունենալ ուղեւորահոսքի աճ, աշխարհագրության ավելացում: Շարունակական քայլերից է նաեւ վիզային ռեժիմների դյուրացումը եւ մասնավորապես որպես կարեւոր քայլ ես կառանձնացնեի Պարսից ծոցի երկրներում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների համար դյուրացված մուտքը Հայաստան: Նրանք արդեն կարող են ՀՀ վիզան ստանալ տեղում`խուսափելով  նախկին քաշքշուկներից: Ռուսաստանի քաղաքացիների ներքին անձնագրերով ՀՀ մուտքի իրավունքը եւս կարեւոր քայլ է: Սա  ներգնա զբոսաշրջության զարգացմանն ուղղված շատ լավ ազդակ է: Նովրուզ Բայրամ տոնի  շրջանում մենք կունենանք բավական բարձր ուղեւորահոսք: Արդեն իսկ մի շարք հայտեր ենք ստացել տարբեր ավիաընկերություններից, եւ ես կարծում եմ, որ մենք այդ երեք շաբաթվա կտրվածքով 50-ից ավելի թռիչք կիրականացնենք` օրվա կտրվածքով  չվերթների  հաճախականությունը հասցնելով 6-7-ի:

 -Այս տարվա համար  նախանշվա՞ծ են արդեն նոր ուղղություններ, համագործակցություն ավիաընկերությունների հետ:

-Նոր ուղղությունների մասով որոշումը վերջնական չի համարվում, մինչեւ ավիաընկերությունները չեն ստանում համաձայնություն օդանավակայանից: Առաջիկայում  մենք սպասում ենք նոր ուղղություններ, սպասում ենք նոր ավիաընկերությունների մուտք դեպի մեր շուկա  եւ գործող ավիաընկերությունների թռիչքների հաճախականության ավելացում:

-2016 թվականին Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը սկսեց թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից բավական ցածր սակագներով: Առաջիկայում  «Շիրակ» օդանավակայանում նախատեսվու՞մ է այլ բյուջետային ավիաընկերության մուտք եւ առհասարակ ի՞նչ է արվում այդ օդանավակայանը ավիափոխադրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ:

-Գյումրու«Շիրակ» օդանավակայանը ավիաընկերությունների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ արված առաջին քայլը եղել է  օդանավակայանից մեկնող ուղեւորների համար օդի տուրքի վերացումը, այնուհետեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կտրուկ իջեցրել է մատուցվող ծառայությունների  սպասարկման սակագները:  Աէրոնավիգացիոն ծառայությունների սակագինը եւս իջեցվել է 50 տոկոսով, վերացվել է նաեւ օդերեւութաբանական ծառայության վճարը: «Պոբեդա» ավիաընկերությունը միջինում ունի 95 տոկոսի չափով բեռնվածություն, ինչը շատ լավ ցուցանիշ է:

Ինչ վերաբերում է դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան նոր բյուջետային ավիաընկերությունների մուտքին, կարող եմ ասել որ դա մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում լուծվող հարց չէ: Մենք աշխատում ենք տարբեր ավիաընկերությունների հետ:

-Երբ ՀՀ-ն կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն: ՀՀ-ԵՄ խորհրդի միջև ավիահաղորդակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները ո՞ր փուլում են եւ ի՞նչ կտա այդ համաձայնագիրը:

- Պաշտոնական բանակցությունների առաջին փուլը նախատեսվում է իրականացնել այս տարվա գարնանը: Մեր գործընկերները Բրյուսելից կժամանեն Հայաստան,  ես հույս ունեմ, որ մենք կստորագրենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման համար նախատեսված այդ կարեւոր  փաստաթուղթը:

Հարցազրույցը՝ Անի Դանիելյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]