Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/49. «Չգտնված երիցուկներ» գիրքը ամենավաճառվածն է

Երևանյան բեսթսելեր 4/49. «Չգտնված երիցուկներ» գիրքը ամենավաճառվածն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է լուսանկարիչ Էդգար Հարությունյանի նոր գիրքը: «Չգտնված երիցուկներ»-ը հեղինակի երկրորդ գիրքն է, որը մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են հենց բուն սիրային հարաբերություններից: 

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և այս շաբաթ երկրորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և երրորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Չորրորդ հորիզոնականում լուսանկարիչ Էդգար Հարությունյանի  առաջին՝«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն է: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և հինգերորդ տեղը զբաղեցրել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը վեցերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ցանկ է վերադարձել բրազիլացի գրող Պաուլու Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Այն յոթերորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  

 Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը մի քանի հորիզոնականով զիջել է իր դիրքերը և ութերորդն է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ռեյ Բրեդբըրիի  «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է և իններորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է երիտասարդ և խոստումնալից գրող Էդգար Կոստանդյանի «Կուկու» վեպը: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 268
2 -1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 107
3 +1

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերանոցով տղան»

DirectMEDIA 85
4 -2

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 79
5 *

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 71
6 -1

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 40
7 *

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 34
8 -5

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 33
9 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 33
10 Նոր

Էդգար Կոստանդյան

«Կուկու»

Վարդ Հրատ 31

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]