Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Եվրանեսթում չպետք է ներկայացվեն ԼՂ հարցով բանաձևեր. «ջենտլմենական» պայմանավորվածություն է ձեռք բերվել

 Եվրանեսթում չպետք է ներկայացվեն ԼՂ հարցով բանաձևեր. «ջենտլմենական» 
պայմանավորվածություն է ձեռք բերվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը մանրամասներ է հրապարակել Կիևում կայացած վեհաժողովի մի շարք աշխատանքային խմբերի նիստերից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Կիևում` Գերագույն Ռադայի շենքում կայացել են Եվրանեսթ ԽՎ պատվիրակությունների ղեկավարների և կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի երկօրյա նիստերը։

«Քննարկվեցին բազմաթիվ նորամուծություններ, վեհաժողովի աշխատանքներին վերաբերող արդի խնդիրներ, կոնֆլիկտային իրավիճակների նկատմամբ ձևավորվող մոտեցումներ, ինչպես նաև կանոնակարգում մի շարք էական փոփոխություններ։ Բոլոր պատվիրակությունների ղեկավարները միաձայն տեղեկացրին ադրբեջանական պատվիրակությանը (որի ղեկավարից բացի, չգիտես ինչու եկել էին նաև այլ պատգամավորներ և AzTV ՀԸ լրագրողներ) ձեռքբերված ջենտլմենական պայմանավորվածության մասին։ Եվրանեսթում այլևս չպետք է ներկայացվեն և քննարկվեն արցախյան հակամարտությանը վերաբերող բանաձևեր, զեկույցներ ու ցանկացած բնույթի նմանատիպ առաջարկներ, լրացումներ և այլն»,- գրել է Զաքարյանը։

Նրա տեղեկացմամբ` նախորդ 6 տարիների ընթացքում ադրբեջանական պատվիրակությունն ու նրանց աջակցող արևելյան և ԵՄ տարբեր երկրների լոբբիստները անընդհատ փորձել են Հայաստանի համար անընդունելի փաստաթղթերով կամ զեկույցներում արված ձևակերպումներով. «սողոսկել Եվրանեսթ ԽՎ, սակայն դրանք բոլորը կասեցվել են հայկական պատվիրակության ջանքերով (2011թ նույնիսկ մեկ անընդունելի բառի պատճառով հայկական պատվիրակությունը տապալել է ամբողջական մի զեկույց)»։

Եվրանեսթ ԽՎ ևս աստիճանաբար վերածվում էր հայ-ադրբեջանական խորհրդարանական հակամարտության հարթակի (ադրբեջանցիները փորձել են նախաձեռնել բանաձևեր Սարսանգի մասին, Արցախի «օկուպացիայի» մասին, «Խոջալուի» մասին, փորձել են առաջարկություններ ներկայացնել տարբեր զեկույցներում տարածքային ամբողջականության, փախստականների ու ներքին տեղահանվածների, «օկուպացված» տարածքների, զորքերի դուրսբերման և այլնի մասին)։

«Այս զարգացումները շարքը հետագայում թույլ չտալու համար, հայկական պատվիրակության առաջարկով 2016թ. մարտին Բրյուսելում կայացած լիագումար նիստին ընդառաջ՝ բյուրոյի և ԱլԳ կոմպոնենտի պատվիրակությունների համատեղ նիստում ընդունվել է ջետլմենական պայմանավորվածություն ( ադրբեջանական պատվիրակությունն այդ ժամանակ բոյկոտում և չէր մասնակցում Եվրանեսթ ԽՎ աշխատանքներին)։ Երեկ և այսօր այս մասին մի քանի անգամ տեղեկացվել են ադրբեջանցի պատգամավորները, որոնք լուռ համաձայնությամբ ակամայից ընդունեցին պայմանը։ Տեսնենք ինչպես կդրսևորեն իրենց ապագայում։ Եվրանեսթ ԽՎ հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա Կիևում, 2017 թ. հոկտեմբերին»,- շեշտել է Զաքարյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ԱԺ 5-րդ գումարման Եվրանեսթ ԽՎ հայկական պատվիրակությունը ակտիվ մասնակցել է վեհաժողովի բոլոր աշխատանքներին, որոնք անց են կացվել Բրյուսելում, Ստրասբուրգում, Բաքվում, Երևանում, Քիշնևում, Թբիլիսիում, և Կիևում։ Երևանում 2015թ ՀՀ ԱԺ-ն բարձր մակարդակով հյուրընկալել է Եվրանեսթ ԽՎ 4-րդ լիագումար նիստը, որտեղ ընդունվել է հատուկ բանաձև Հայոց ցեղասպանության դատապարտման մասին։ Պատվիրակության անդամների ջանքերով և համահեղինակությամբ պատրաստվել և ընդունվել են զեկույցներ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, հաղորդակցության և էներգետիկ թեմաներով։ «Դրանցում և այլ զեկույցներում պատվիրակության անունից արվել են ՀՀ պետական և հանրային շահերից բխող բազմաթիվ առաջարկություններ։ Այդ փաստաթղթերը դարձել են խորհրդատվական նշանակության փաստաթղթեր Եվրահանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների կառավարությունների, Արևելյան Գործընկերության անդամ երկրների կառավարությունների ինչպես նաև Եվրախորհրդարանի համար»,- ընդգծել է ԱԺ պատգամավորը։

Գրառման ավարտին Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ում հնգամյա համատեղ արդյունավետ աշխատանքի համար պատգամավորներ Թևան Պողոսյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Կարինե Աճեմյանին, Հովհաննես Սահակյանին, Մարգարիտ Եսայանին, Ռուզաննա Մուրադյանին, Մհեր Շահգելդյանին, Հրանտ Բագրատյանին, Միքայել Մելքումյանին, Վահե Էնֆիաջյանին, Արծվիկ Մինասյանին, Նաիրա Զոհրաբյանին և պատվիրակության քարտուղարներին։

«Հատուկ ցանկանում եմ հիշել ու կարևորել երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի անգնահատելի ներդրումն ու ջանքերը Եվրանեսթ ԽՎ կայացման ու գործարկման համար»,- ամփոփել է Զաքարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]