Սիրիայում թուրքական զինուժի հարվածներից 11 խաղաղ բնակիչ է զոհվել
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող թուրքական զինուժի հարվածներից զոհվել են խաղաղ բնակիչներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:
Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքում թուրքական հարվածներից զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 11-ի:
Տեղեկությունների համաձայն` զոհվածներից 3-ը երեխաներ են, 4-ը` կանայք:
Թուրքական զինուժի հարվածների հետևանքով մեծ վնաս է հասցվել նաև Էլ-Բաբ քաղաքի բնակելի շենքերին և այլ շինություններին:
Փետրվարի 17-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունը դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը՝ պահանջելով զսպել Անկարային:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին ուղարկել էր երկու միանման նամակ, որոնք իրազեկում էին Թուրքիայի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների մասին:
Ինչպես հաղորդել էր ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, Սիրիայի արտաքին գործերի նախարարության՝ ՄԱԿ-ին ուղարկած նամակում նշված էր. « Սիրիայի Արաբական Հանրապետությունը պահանջում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կատարի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման շուրջ իր պարտավորությունները»:
«Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ից, մասնավորապես պահանջում էր վերջ տալ Թուրքական վարչակարգի կողմից սիրիական ժողովրդի դեմ իրականացվող խախտումներին»,- նշված էր Սիրիայի ԱԳՆ-ի կողմից ՄԱԿ-ին ուղարկած նամակում:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում