1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մնջախաղի պետական թատրոնի նոր շենքի վերանորոգման աշխատանքները կսկսվեն ամռանը

Մնջախաղի պետական թատրոնի նոր շենքի վերանորոգման աշխատանքները կսկսվեն 
ամռանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար տարիներ ձգձգվող շենքի խնդիրը լուծվելուց հետո Երևանի Մնջախաղի պետական թատրոնը սկսում է իր աշխատանքը նոր եռանդով: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, սեփական շենք ունենալը թատրոնի համար չափազանց կարևոր իրադարձություն է: Նա նույնիսկ դա որակեց պատմական իրողություն:

«Տասնամյակներ ձգձգվող այդ խնդիրը, վերջապես, իր լուծումը ստացավ: Անհամբեր ենք, որ ավարտուն տեսքով տեսնենք շենքը: Դա կլինի մեր քաղաքի գողտրիկ անկյուններից մեկը: Կլինի մի վայր, որտեղ այս ժանրով կզբաղվեն այն երիտասարդները, որոնք զրկված էին այդ հնարավորությունից»,-ասաց Ժիրայր Դադասյանը:

Առջևում շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներն են: Ակնկալվում է վերանորոգման աշխատանքները սկսել ամռանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն արդեն պատկերացնում է նախագիծը և պատրաստվում է ակտիվ ներգրավվել նախագծային փուլում` համագործակցելով Քաղաքաշինության պետական կոմիտեի հետ:

«Մեր դահլիճը, որը նախատեսված կլինի մինչև 150 հոգու համար, միշտ կլինի ծանրաբեռնված: Այնտեղ կանցկացնենք նաև համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, ծրագրերը շատ-շատ են, գաղափարները նույնպես: Ոգևորությունն այնքան մեծ է, որ անհամբեր սպասում ենք շենքին և ծրագրերի իրականացմանը»,-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Սեփական շենք ունենալը կարևոր քայլ համարեց դերասանուհի Իննա Հախնազարյանը:

«Հետաքրքիր միտում նկատվեց: Երբ թատրոնի շենքի խնդիրը լուծվեց, սոցիալական ցանցերում մեր այցելուները նախ միմյանց էին շնորհավորում: Դա խոսում է այն մասին, որ շատ են այս ժանրի սիրահարները: Ես 18 տարի աշխատում եմ, տարբեր բեմերում եմ խաղացել և այսքան տարի անց սեփական բեմում խաղալը պարզապես անասելի երջանկություն է:Սա կկրկնապատկվի այն ժամանակ, երբ սկսվեն վերանորոգման աշխատանքները, կեռապատկվի, երբ լինենք մեր բեմում»,-ասաց Իննա Հախնազարյանը:

Ժիրայր Դադասյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ խնդրի լուծումը հնարավոր դարձավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ջանքերի շնորհիվ:

«Տասնամյակներ շարունակ չլուծված խնդիրը կարճ ժամանակում լուծում է ստանում: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանրապետության նախագահին: Իր հանձնարարականով շենքը հենց այս տարի պետք է վերանորոգվի: Սա իսկապես մեծ նվեր է մեր թատրոնին, մեր հանդիսատեսին»,-ավելացրեց նա:  

Թատրոնն իր աշխատանքները շարունակելու է, ընթացիկ տարվա համար ունի բավական հագեցած ծրագիրը: Մասնավորապես, Ժիրայր Դադասյանը նշեց, որ փետրվարի 25-ին մեկնում են մասնակցելու Չելյաբինսկի թատերական միջազգային փառատոնին: Դա մասնագիտական խիստ փառատոն է, մասնակցել ցանկացողների 120 դիմումից ընտրվել է 16-ը, որից մեկը Երևանի Մնջախաղի պետական թատրոնն է: Մեկ ամիս անց թատրոնը մասնակցելու է Շրի Լանկայի միջազգային թատերական փառատոնին:

Այս տարի կայանալու է նաև Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը, որի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է:

«Ընթացիկ աշխատանքները շարունակելու ենք կատարել, պարզապես ոգևորությունն է շատացել: Եթե հաջողվի շինարարական աշխատանքները մինչև տարեվերջ ավարտել, ապա թատրոնի շենքի բացումը այս տարի կիրականացնենք պրեմիերայով: Այժմ աշխատում ենք մանկական ներկայացման գաղափարի շուրջ: Այդ օրը մեր հանդիսատեսը կլինեն փոքրիկները»,-հավելեց նա:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ստեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել

1983-ին: Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։ 2010 թվականին փառատոնը կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ 2012-ին փառատոնի ընթացքում Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]