Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիրք նվիրելու օրվա էպիկենտրոնում հայ երիտասարդներն են

Գիրք նվիրելու օրվա էպիկենտրոնում հայ երիտասարդներն են

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրքը հղկում է մարդկային հոգին, հարստացնում էությունը, նոր հորիզոններ բացում, նոր ուղիներ մատնանշում:

Ավելի քան տասը տարի հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Տոնը մեծ մասսայականություն է վայելում և աշխուժացնում գրական մթնոլորտը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծում է, որ տոնի նախաձեռնությունը պատկանում է միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանին, որը մեծ դեր է խաղացել դրա զարգացման և տարածման գործում: «Գիրք նվիրելու օրը նպաստում է, որ մարդիկ մտածեն ոչ միայն նվեր ստանալու, ալև գիրք նվիրելու մասին: Վերջին շրջանում բազմաթիվ հետաքրքիր ու որակյալ գրքեր են հրատարակվում մեր երկրում, և ես շատ ուրախ եմ, որ հատկապես այս օրը դրանք բազմաթիվ հասցեատերեր են ունենում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միլիտոնյանը և հավելեց, որ ինքը պատրաստվում է գրքեր նվիրել ինչպես իր հարազատներին, այնպես էլ բազմաթիվ դպրոցականների:

«Անտարես» հրատարակչության խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը շատ է կարևորում այն փաստը, որ տարեցտարի  ավելի շատ մարդիկ, կազմակերպություններ, գրախանութներ են ներգրավվում Գիրք նվիրելու օրը միջոցառումներ կազմակերպելու գործընթացին:

«Այս տարի Մշակույթի նախարարությունը նույնպես մասնակցում է տոնին: Առաջին շարժական գրախանությը՝ ԳրաԲուսը, որը շրջելու է Երևանի տարբեր հատվածներում, կարծում եմ՝ մեծ աշխուժություն կապահովի, քանի որ գրքերը  զեղչերով ձեռք բերելու հնարավորություն կլինի: Իսկ մեր հրատարակչությունը համացանցում «Like»-երի ակցիա է իրականացրել, արդյունքում 60 մարդ տարբեր գրքեր նվեր կստանա»,-ասաց գրականագետը և շեշտեց, որ կա ավելի քան վեց գիրք, որոնք ինքը կցանկանար նվեր ստանալ:

Ըստ Արքմենիկ Նիկողոսյանի՝ այսօր տոնի էպիկենտրոնում հայ երիտասարդներն են, որոնք սկսել են գրքեր նվիրել նաև սիրո տոնի և այլ գեղեցիկ առիթների կապակցությամբ:

Գիրք նվիրելու օրվա առթիվ ցուցահանդես-վաճառքներ, գրողների հետ հանդիպումներ, վարպետության դասեր  և այլ հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվել և անցկացվելու ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

ՀՀ գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի առթիվ ամեն տարի կազմակերպվում են մի շարք միջոցառումներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]