1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրոպացի պատգամավորներին չի հաջողվել հանդիպել Դեմիրթաշին

Եվրոպացի պատգամավորներին չի հաջողվել հանդիպել Դեմիրթաշին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացի պատգամավորներին չի թույլատրվել տեսակցել Էդիրների F տիպի փակ ռեժիմով բանտում ազատազրկված Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)  համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Եվրամիության Թուրքիայի քաղաքացիների հանձնաժողովի կողմից կազմված միջազգային պատվիրակությունը, որը բաղկացած է Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի անդամներից և գիտնականներից, ցանկացել է այցելել ձերբակալված Դեմիրթաշին, սակայն Թուրքիայի իշխանությունները չեն թույլատրել:

Պատվիրակությունը նախապես հանդիպման համար դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն, սակայն դիմումը մնացել է անպատասխան:

Պատվիրակության ներկայացուցիչները բանտի դիմաց հանդես են եկել հայտարարություններով:

«Մենք փորձել ենք հանդիպել նաև Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, ով 1999-ին փետրվարի 19-ին Քենիայում ձերբակալվել  և ազատազրկման պատիժ է կրում Մարմարա ծովի Իմրալի բանտում: Մեր պատվիրակության առաջնային նպատակներից մեկը հենց Օջալանին տեսակցելն է: Արդեն ավելի քան 10 տարի է մենք հանդես ենք գալիս քրդական ազատագրական շարժման և Թուրքիայի Հանրապետության մեջ տեղի ունեցող հակամարտությունը խաղաղ դաշտ տեղափոխելու կոչերով»,- նշել է Քեմբրիջի համալսարանի դասախոս Թոմաս Ջեֆֆրեյ Միլեյը:

Պատվիրակության ներկայացուցիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ջուլիա Վարդը, նշելով, որ Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է, ասել է.« Թուրքիայում ձերբակալվածների թիվը բավականին մեծ է: Ձերբակալվածների մեջ կան պաշտոնյաներ, դասախոսներ, ուսանողներ, գիտնականներ, պատգամավորներ: Այս ամենը նշանակում է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է: Մենք առաջին բարձրաստիճան պատվիրակությունը չենք, որին չեն թողնում հանդիպել բանտարկված գործընկերների հետ: Նոյեմբերին Եվրոպայի ձախ սոցիալիստների կուսակցության պատգամավորները նույնպես փորձել են հանդիպել Դեմիրթաշին, և նրանք նույնպես թույլտվություն չեն ստացել: Եթե Թուրքիայում այս ամենը շարունակվի, դա կվնասի Թուրքիայի բոլոր ոլորտներին` տնտեսությանը, զբոսաշրջությանը, այդ երկրի վերաբերյալ միջազգային ընկալմանը և այլն: Այս մարդկանց մեծ մասը ձերբակալված են ընդդիմադիր լինելու պատճառով: Թուրքիայի իշխանությունները պետք է հասկանան, որ ուժեղ պետութուն ունենալու համար անհրաժեշտ է առողջ ընդդիմություն և փոխեն իրենց մոտեցումները»: 

Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Կալանավորման մասին որոշումից հետո կուսակցությունը նիստ է գումարել, որի արդյունքներով ԺԴԿ խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել է, որ կուսակցությունը դադարեցնելու է աշխատանքները օրենսդիր մարմիններում: Ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]