Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Ապրիլ

Սեյրան Օհանյանի համար անընդունելի է ընդդիմադիր կեցվածք որդեգրած գործիչների կողմից իրենց դաշինքի հասցեին հնչեցվող քննադատությունը


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում, որ «ընդդիմադիր կեցված որդեգրած» որոշ գործիչներ քննադատություն են հնչեցնում իրենց դաշինքի հասցեին: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ իրենց դեմ որոշ ուժեր արշավ են սկսել` վստահեցնելով, որ հակահարվածը չի ուշանա: «Ես, իհարկե, այս պահին անուններ չեմ ցանկանում հնչեցնել, սակայն ինձ համար անընդունելի է, որ ընդդիմադիր կեցվածք որդեգրած որոշ մարդիկ մեր դաշինքի և անձամբ իմ  հասցեին քննադատություն են ուղղում: Ինձ համար անընդունելի է նաև այն, որ տարբեր միջոցառումների ժամանակ լրագրողները այս կամ այն անձին հարցնում են` ի՞նչ կարծիք ունեք Սեյրան Օհանյանի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Օհանյանը:

Նա հավելեց, որ այն խաղի կանոնները, որ իրենք ներկայացրել են հանրությանը և բոլոր քաղաքական գործիչներին, ենթադրում են փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության մթնոլորտ, որովհետև առաջիկա ընտրություններից հետո կյանքը չի ավարտվում: «Մեկս մյուսին հարգելով` մենք քաղաքական գործընթացները ավելի բարեկիրթ ձևով կկարողանանք իրականացնել: Այս ամենն ազդում է նաև մեր քաղաքացիների և հասարակության վրա: Ես գտնում եմ, որ մենք պետք է կարողանանք մեր ծրագրերը ներկայացնելու ճանապարհով, բարեկիրթ պահվածքով ներկայանանք մեր հանրությանը: Եթե մենք ցանկանում ենք ունենալ հաջողություն, հիմքում պետք է ունենանք դրականը, ոչ թե միայն խոսենք բացասական երևույթների մասին»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա հավելեց, որ իրենց կողմից կլինեն պատասխան հակահարվածներ, եթե իրենց հասցեին հնչող քննադատությունը շարունակական բնույթ կրի:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ