Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետական կոլեկտիվի կարգավիճակ ստանալուց հետո կկայանա «Արտ Սինեմա» անսամբլի առաջնելույթը

Պետական կոլեկտիվի կարգավիճակ ստանալուց հետո կկայանա «Արտ Սինեմա» 
անսամբլի առաջնելույթը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 19-ին տեղի կունենա Մենակատարների պետական անսամբլ-«Արտ Սինեմա» դաշնամուրային կվարտետի առաջնելույթը: 2017 թվականին պետական կոլեկտիվի կարգավիճակ ստացած «Արտ Սինեմա» անսամբլը ստեղծվել է 2010 թվականին` խմբի առաջին ջութակ Աշոտ Խոյեցյանի նախաձեռնությամբ: Խումբն իր յուրօրինակ ստեղծագործություններով և առանձնահատուկ կատարումներով ճանաչում է ձեռք բերել Հայաստանում և արտերկրում: Երաժշտախումբը հանդես է գալիս հետևյալ կազմով. Աշոտ Խոյեցյան՝ առաջին ջութակ, Հայկ Վարդանյան՝ երկրորդ ջութակ, Լևոն Առաքելյան՝ թավջութակ, Կարեն Սարաֆյան՝ դաշնամուր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում խմբի առաջին ջութակ Աշոտ Խոյեցյանը նշեց, որ հետաքրքիր համերգային ծրագիր է սպասվում:

«Համերգին կհնչի հայկական ֆիլմերի երաժշտություն, հեղինակներ` Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, Առնո Բաբաջանյան… Երաժշտասերը հնարավորություն կունենա մեր կատարմամբ ունկնդրել համաշխարհային հռչակ վայելող կոմպոզիտորների ստեղծագործություններ: Սիրով հրավիրում ենք բոլորին»,-ասաց Աշոտ Խոյեցյանը:

«Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանը նշեց, որ խումբը կատարում է կինոերաժշտություն դասական ոճի մեջ` կատարողական ցանկում ընդգրկելով թե հայկական, թե արտասահմանյան ֆիլմերի երաժշտություն:

«Որպես «Արտ սինեմա» անհատական խումբ, այն ունի տարիների փորձ: Հաշվի առնելով իրենց վաստակը, փորձը, ճանաչվածությունը՝ առաջարկվեց գալ, միանալ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում գործող «Մենակատարների պետական անսամբլ» անվանումը կրող խմբին»,-ասաց Վաչե Հովեյանը: Այսպիսով, «Արտ սինեմա» անսամբլը ստացավ պետական կարգավիճակ:

«Մենակատարների պետական անսամբլի» «Արտ Սինեմա» մասնաճյուղի տնօրեն, ջութակահար Հայկ Վարդանյանի խոսքով, իրենց համար շատ կարևոր է պետական կարգավիճակ ստանալը:

«Համերգային գործունեության համար դա մեծ հնարավորություն է: Երբ մինչ այդ մենք` ինքներս, էինք համերգներ կազմակերպում, բազմաթիվ խնդիրների էինք բախվում: Ներկայում դա չկա, Կամերային երաժշտության կենտրոնն այդ հարցերը կարգավորում է` դահլիճներ, պաստառներ, տոմսեր, տեխնիկական այլ հարցեր: Այժմ խումբը գեղարվեստական մասով է զբաղվում»,-նշեց Հայկ Վարդանյանը: Նրա խոսքով, արդեն ունեն պլանային համերգներ, ինչը երաժշտի համար շատ հաճելի է:

Հայաստանում և տարածաշրջանում լինելով միակն իր ոճի մեջ՝ խումբը բազմաթիվ համերգներ է ունեցել. հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Լիբանանում, Ռուսաստանում և այլուր, իրականացրել է մի շարք ծրագրեր, ինչպես նաև մասնակցել` տարբեր կինոփառատոնների: «Արտ սինեմա» անսամբլն իր ստեղծման կարճ ժամանակահատվածում նվագացանկը համալրել է համաշխարհային և հայկական շուրջ150 ստեղծագործություններով` գրված կինոյի համար, որոնց բացառիկ մշակումներն ու փոխադրումները կատարել է Աշոտ Խոյեցյանը:

Ընթացիկ տարում ևս խմբին բավական հագեցած ծրագիր է սպասում: Պլանային համերգներից բացի, այս տարի լինելու է ռեժիսորներին նվիրված համերգ: Համերգային ծրագիր նախատեսված է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: Մարտի 8-ի՝ կանանց տոնի առթիվ ևս, համերգային ծրագիր կլինի: Ընթացիկ տարում նախատեսված են մարզային ծրագրեր, որոնք կմեկնարկեն հունիսին: Խումբը համերգային ծրագրով կլինի Գեղարքունիքում, Արագածոտնի մարզում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նախատեսված են նաև արտասահմանյան հյուրախաղեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am