Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Ապրիլ

Դեմիրթաշն իրեն ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել դատարան


ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով ազատազրկված է Էդիրնեի F տիպի փակ ռեժիմով բանտում, միջնորդություն ներկայացնելով Դիարբեքիրի 8-րդ ծանր հանցագործությունների դատարան, պահանջել է ազատ արձակել իրեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական  hurriyet.com.tr-ն:

HDP առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի գործով դատախազները, ովքեր կազմել են 31 վարույթից կազմված մեղադրական եզրակացության 11 վարույթը, այժմ գյուլենականության մեղադրանքով ձերբակալված են: Մեղադրական եզրակացության 7 վարույթներն էլ դատախազի որոշմամբ հետաձգվել են:

Չնայած այս ամենին՝ դատարանը Սելահաթթին Դեմիրթաշի գործով դատավարության օր է նշանակել ապրիլի 28-ը:

Սելահաթթին Դեմիրթաշը, իր ձերբակալությունը համարելով անհիմն և քաղաքական շարժառիթների արդյունք, դիմել է դատարան իրեն ազատ արձակելու պահանջով:

«Մենք ծնկի չենք գալու բռնապետության և ճնշումների դեմ: Մենք չենք ընկնելու մեր  նկատմամբ իրականացվող այս անօրինական գործողությունները ծրագրած անձանց ծուղակը»,- հայտարարել է Սելահաթթին Դեմիրթաշը:

Ավելի վաղ` 2016 թվականի հոկտեմբերի 4-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել էին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 10 պատգամավոր: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ