Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միրզոևի օրինակը դրական իմաստով վարակիչ է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների համար. Վարդան Ոսկանյան

Միրզոևի օրինակը դրական իմաստով վարակիչ է Ադրբեջանի ազգային 
փոքրամասնությունների համար. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում զգալիորեն ավելացրել է բռնաճնշումներն այդ երկրի տարածքի տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով ՀՀ իշխանություններից ժամանակավոր ապաստան խնդրելու Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլին: «Շահին Միրզոևի` Հայաստանից ապաստան խնդրելը պայմանավորված է հատկապես թալիշական հասարակական-քաղաքական գործիչների, թալիշ լրագրողների ու ընդհանրապես թալիշ ժողովրդի պատմության խնդիրներն արծարծող ցանկացած անձի հանդեպ կիրառվող բռնաճնշումներով: Նշված գործիչը Ադրբեջանի տարածքում ենթարկվել է պարբերական հալածանքների, հալածանքներ են կիրառվել նաև նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Հետևաբար, այլ ելք չի մնացել, քան ապաստան փնտրելը»,-ասաց Ոսկանյանը:

Նա հավելեց, որ այս իմաստով գործընթացը զարգանում է չափազանց հետաքրքիր ելևէջներով, և ադրբեջանական հանրապետության տարածքի տեղաբնիկ ժողովուրդները շատ հաճախ ՀՀ-ն դիտարկում են որպես տարածաշրջանային կարևոր երկիր, որը կարող է որոշակի օժանդակություն տրամադրել նրանց առնվազն տեղեկատվական դաշտում` բարձրաձայնելով Ադրբեջանում առկա վիճակի մասին և այնտեղ բնակվող տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ ձուլման քաղաքականության, բռնաճնշումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ այս հանգամանքը Հայաստանի համար ստեղծում է բոլորովին նոր դերակատարության հնարավորություն:  Դերակատարում, որը  ենթադրում է  ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ բանեցնել ուղղակիորեն, այլ նաև հանդես գալ Ադրբեջանում բոլոր իրավազուրկների իրավունքների մասին բարձրաձայնող երկրի տեսանկյունից: Այս իմաստով Հայաստանն առաջիկայում կարող է ստանձնել չափազանց կարևոր դերակատարություն մեր տարածաշրջանում` ըստ էության ստանալով Հարավային Կովկասում իր ազդեցությամբ բոլորովին նոր կարգավիճակ»,- ասաց իրանագետը:

Վարդան Ոսկանյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը նման դեպքերին մոտենում է նախ մարդասիրական նկատառումներով այն դեպքում, երբ Ադրբեջանը դրանք օգտագործում է քարոզչական նպատակներով: «Այսինքն, եթե դուք հետևելու լինեք գործընթացներին, կոնկրետ անձի մարդասիրական իրավունքներն են առաջնային պլանում: Մասնավորապես, բուժօգնության տրամադրում նրա հիվանդ կնոջը, համապատասխան օժանդակություն, որպեսզի այդ մարդիկ մեր երկրում իրենց զգան ինչպես հարկն է և նման դեպքերը չի օգտագործվում քարոզչական նպատակներով: Այս իմաստով ես կարծում եմ, որ Շահին Միրզոևի օրինակը դրական իմաստով կարող է վարակիչ լինել նաև Ադրբեջանում բնակվող ոչ միայն թալիշների, այլ ընդհանրապես այդ երկրի քաղաքացիների համար, ովքեր ակնհայտորեն պետք է հասկանան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա մի խոշոր տարբերություն: Եթե ադրբեջանական պետությունը վարում է ցինիզմի վրա հիմնված քաղաքականություն, ապա Հայաստանն առաջնորդվում է բացառապես մարդասիրական սկզբունքներով, իսկ դրա վառ ապացույցն է հենց Միրզոևի դեպքը, երբ մարդուն ապաստան է տրամադրվում` ելնելով բացառապես մարդասիրական նկատառումներից»,- ընդգծեց իրանագետը:

Նրա խոսքով` Ադրբեջանում, չնայած ալիևյան ստահոդ քարոզչությանը, բնակչության շրջանում տիրող տրամադրությունները չափազանց բացասական են: Ըստ էության, գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ, քան ներկայացնում է Բաքվի քարոզչամեքենան: Խոսքն ընդհանրապես Ադրբեջանի ողջ բնակչությանը և հատկապես այդ երկրում ապրող տեղաբնիկ ժողովուրդներին` թալիշների, լեզգիների, կովկասյան պարսիկների, թաթերի մասին է:

Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]