Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում արցախահայության հաղթանակից բացի այլ լուծում չի կարող լինել. Շարմազանով

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում արցախահայության հաղթանակից բացի այլ 
լուծում չի կարող լինել. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 14-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում Ազգային ժողովում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱԺ փոխնախագահի հորդորով զրույց-հանդիպումն ընթացել է անկեղծ եւ ջերմ մթնոլորտում: Ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ եւ բազմաբնույթ են եղել. ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթաց, ազգ-բանակ գաղափարախոսություն, խորհրդարանական դիվանագիտություն, ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանում, քաղաքական գործընթացներում կուսակցությունների դերակատարություն:

Էդուարդ Շարմազանովը հարցուպատասխանի ձեւաչափում ուսանողներին մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, կատարված քայլերը, կոնֆլիկտի լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության ջանքերը:

«Մենք Մինսկի խմբի համանախագահներից եւ միջազգային հանրությունից ակնկալում ենք բացառապես կոնֆլիկտի կարգավորման արդար դիրքորոշում, որը բխում է հայտնի երեք սկզբունքներից եւ ՄԱԿ-ի կանոնադրությունից»,-նշել է պարոն Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման հարցում մեր երկրի կողմից իրականացվող պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտության գերակա ուղղություններին եւ ընդգծել. «Մեր նպատակն է, որ մեր հայրենակիցներն ապրեն եւ արարեն ազատ ու անկախ երկրում: Մենք ամբողջ աշխարհին պետք է ապացուցենք, որ արցախահայության հաղթանակն այլընտրանք չունի»:

Էդուարդ Շարմազանովը խոսել է նաեւ ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանման ու տարածման մասին եւ այս համատեքստում կարեւորել այդ արժեքների վրա հիմնված ժողովրդավարական պետության դերը:

Հանդիպման ավարտին պարոն Շարմազանովը ուսանողներին խորհուրդ է տվել խնդիրների հաղթահարման հարցում լավատես լինել, զինվել գիտելիքներով եւ ընտրել այնպիսի մասնագիտություն, որն աշխատաշուկայում կլինի մրցունակ:

Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահն իր տեսակետն է հայտնել նաեւ ՀՀ ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]