1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքմենստանից Հայաստան. հայուհին պատրաստ է հայրենադարձվել մշտական աշխատանք ունենալու պարագայում

Թուրքմենստանից Հայաստան. հայուհին պատրաստ է հայրենադարձվել մշտական 
աշխատանք ունենալու պարագայում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրը սովորական էր, աշխատանքային՝ բացառությամբ մի փոքրիկ փոփոխության. իմ նոր աշխատավայրում (Հայաստանի զարգացման հիմնադրամում) ու հենց իմ սենյակում որոշ ժամանակով կամավորական աշխատանք էր կատարելու Թուրքմենստանից Հայաստան ժամանած ազգությամբ հայ Մարիան։ Մենք մայրենի լեզվով հաղորդակցվելու փոխարեն պիտի ռուսերեն խոսեինք՝ հնարավորինս բարեհամբույր ու սրտաբաց լինելով սեփական տնից հեռու մեր հայրենակցի հանդեպ։ Անչափ հետաքրքրասեր Մարիան շատ արագ ինտեգրվեց նոր միջավայրին՝ դառնալով մեր փոքրիկ սենյակի լիիրավ անդամը։ Մեկ ամսվա փոխարեն Մարիան Հայաստանում բնակվեց մի քանի ամիս՝ հայրենիքում մշտական բնակություն հաստատելու մեծ ցանկությամբ։ Հիմա Մարիան Թուրքմենստանում է, բայց գիտի, որ դա ժամանակավոր է, ու այստեղ լավ վարձատրվող աշխատանք ունենալու պարագայում (որպեսզի հոգա կեցության հարցերը) հայրենադարձվելու է Հայաստան՝ նոր ու գունավոր կյանք սկսելու։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց «Դեպի Հայք» ծրագրի մասնակից Մարիա Բագդասարովայի հետ՝ Հայաստանի հանդեպ իր մեծ սիրո պատմությամբ։

-Մարիա, կխնդրեի առաջին հերթին պատմեք Ձեր ընտանիքի մասին։ Ե՞րբ եք հաստատվել Թուրքմենստանում։

-Այո, իհարկե։ Ես Բագդասարովա Մարիան եմ, 31 տարեկան։ Ծնվել եմ Աշխաբադ քաղաքում։ Վերջին 8 տարվա ընթացքում աշխատել եմ Աշխաբադում գտնվող օտարերկրյա ընկերությունում, որը զբաղվում է Թուրքմենստանից ապրանքների արտահանմամբ։ Նախորդ տարվա մարտին հեռակա կարգով ավարտեցի համալսարանը Մոսկվայում, մասնագիտությամբ մենեջեր եմ։

Ընտանիքս մեծ չէ, ես, հայրս ու եղբայրս ենք, մայրս, ցավոք, մահացել է։ Ընտանիքս Թուրքմենստանում ապրում է վաղուց, ես ու եղբայրս երկրորդ սերունդն ենք այստեղ մեր ծնողներից հետո։ Որքան հիշում եմ մեծերի խոսակցություններից, հայրիկի կողմից տատիկս ու պապիկս ծնվել են Հայաստանում՝ Արցախում, բայց հետագայում տեղափոխվել են Ուզբեկստան։ Հարազատների մեծ մասը ներկայում ապրում է Սամարկանդում (Ուզբեկստանի մեծությամբ երկրորդ քաղաքը)։ Ուզբեկստան տեղափոխվելուց որոշակի ժամանակ հետո պապիկիս աշխատանքի փնտրտուքը տարել է Աշխաբադ, որտեղ էլ ծնվել է հայրս։

Ինչ վերաբերում է մայրիկիս նախնիներին, ապա նրանք Նախիջևանից են, պապիկիս ընտանիքը տեղափոխվել է Կրասնովոդսկ՝ ներկայում Թուրքմենբաշի՝ քաղաք Թուրքմենստանում, հետագայում պապիկս գնացել է Ուզբեկստան բժշկական քոլեջում ուսանելու, այնտեղ տեսել է տատիկիս, ով ծնվել էր Ռուսաստանում։ Այնուհետև նրանք տեղափոխվել են Աշխաբադ, որտեղ էլ ծնվել է մայրս։

-Ինչո՞վ եք հետաքրքրված,  ամենաշատն ինչո՞վ եք սիրում զբաղվել։

-Ինձ միշտ գրավում է նոր բան սովորելը։ Ինչպես ասում են «դար ապրիր, դար սովորիր»։ Ես նկատել եմ, որ երբ իմ կյանքում կայունություն ու լռություն է, դա նշան է, որ պետք է ինչ-որ բան փոխեմ ու առաջ գնամ։ Ես մեծ սիրով կճանապարհորդեի, երբ նմանատիպ առիթ է լինում, շատ եմ ուրախանում։

-Ինչո՞ւ որոշեցիք գալ Հայաստան, ի՞նչն է Ձեզ այստեղ ամենաշատը տպավորել։

-Վաղուց էի ուզում գալ Հայաստան, բայց միայն 2016 թվականի սեպտեմբերին հաջողվեց իրագործել ծրագրածս։ Ես իմացա «Դեպի Հայք» ծրագրի մասին, մտածեցի, կշռադատեցի, երբ որոշումս կայացրի, սպասեցի արձակուրդիս, գնեցի տոմսն ու եկա Հայաստան։ Իմ հարազատները նրբորեն զգուշացրին, որ, հնարավոր է, Հայաստանն ինձ դուր չգա, քանի որ «այնտեղ ամեն ինչ այլ է»։ Բայց ինչպիսին էր նրանց զարմանքը, երբ ասացի, որ սիրահարվել եմ այս երկրին։ Իմ առաջին ցանկությունն էր տեսնել Էջմիածնի Մայր տաճարը, ինչը կարողացա իրագործել։

Փոքր էի, երբ մի անգամ տատիկիս «տարիօրինակ» լուսանկարներն էի թերթում ու երբ հարցրեցի նրանից, թե ինչ է, որտեղ է, ինձ պատմեցին մեր արմատների մասին ու ես որոշեցի, որ մի օր գնալու եմ այնտեղ։ Շատ ուրախ եմ Հայաստանը բացահայտելու այս հնարավորության համար։ Ծրագրի շնորհիվ եղել եմ Հայաստանի շատ տեսարժան վայրերում, Արցախում։ Ծանոթացել եմ տարբեր երկրներից եկած հայերի հետ, ովքեր Երևանում են այդ նույն ծրագրով։ Դա այնքան անսովոր է, բայց և շատ հետաքրքիր։ Մենք բոլորս տարբեր ենք, բայց մեզ ձգում ու միացնում է հայկական արյունը։ Հայաստանում գտնվելուց մի քանի օր հետո զանգահարեցի տուն ու ասեցի, որ ուզում եմ այստեղ ամսից ավելի մնալ (սկզբնապես մեկ ամսով էի եկել)։ Դա զարմացրեց հարազատներիս, նրանք այլ կերպ էին մտածում։ Շատ քիչ ժամանակ պահանջվեց, որ ինձ զգամ մի մասնիկը հայկական մեծ ընտանիքի և հպարտ եմ նրանով, որ սա իմ նախնիների հողն է։

-Այսպե՞ս էիք պատկերացնում Հայաստանը, հիմա ի՞նչ կուզեիք փոխել այստեղ։

-Հայաստանի վերաբերյալ դրական պատկերացումներից բացի, որոնք գերակշռում են, կան նաև ոչ այնքան դրականները։ Անկեղծ եմ ասում, շատ եմ ցավում՝ տեսնելով ծերերի, ովքեր փորձում են երաժշտական գործիքի վրա նվագելով կամ մեկ այլ ձևով գումար վաստակել օրվա հացի համար։ Իհարկե, դա տարածված է աշխարհի տարբեր երկրներում, բայց հատկապես, այստեղ այն սուր ձևով ես զգում։

Ա՜խ, այդ հետաքրքիր բառը՝ «մարշրուտկա», որի մասին շատերն են խոսում. եթե դու բարձրահասակ ես, դրա մեջ հայտնվելով, րոպեական դառնում ես հարցական նշան։ Մյուս բացասական երևույթը, որ նկատել եմ, այն է, որ Երևանն ինձ համար պատկերվում է որպես ծխող տղամարդկանց քաղաք։ Ուզում ես զբոսնել, թարմ օդ շնչել, բայց կարծես թե չի ստացվում։ Այս ամենին զուգահեռ հայերին բնորոշ է ուշանալը միշտ ու ամեն ինչից։ Երբ նրանց ինչ-որ տեղ են հրավիրում՝ լինի հարսանիք, ներկայացում, թե մեկ այլ վայր, արդեն ավանդույթ է դարձել առաջնորդվել «հայկական ժամանակով»։

-Հետաքրքիր են Ձեր դիտարկումները։ Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար։

-Ես ուզում եմ մշտական բնակություն հաստատել Հայաստանում, իսկ դրա համար ինձ հարկավոր է աշխատանք։ Ցավոք սրտի ես հայրենին համարյա չեմ տիրապետում, բայց ինձ օգնում է ռուսերենի իմ իմացությունը։

Երբ հարցնում են ապագայի իմ ծրագրերի մասին՝ միանգամից Վուդի Ալենի արտահայտությունն եմ հիշում․ «Ուզում ես զվարճացնել Աստծուն, պատմիր նրան քո ծրագրերի մասին»։ Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես է, բայց իմ դեպքում, երբ փորձում եմ ապագա ծրագրերովս կիսվել ուրիշների հետ, այն աշխատում է ոչ իմ օգտին։ Հասկացել եմ մի բան, իմ կյանքում ամեն ինչ սպոնտան է։ Եվ հենց այդ ժամանակ պետք է միանգամից գիտակցել և ասել ինքդ քեզ, սա շատ լավ հնարավորություն է փոխելու կյանքը։ Ինչու ոչ։

«Դեպի Հայք»-ը հիմնադրվել է 2003թ. Էդիլ Հովնանյանի կողմից` յուրաքանչյուր հայի ծննդյան իրավունքի հանդեպ հավատով, և նպատակը ոչ միայն Հայաստանը մասնակիցներին ցույց տալն է, այլև իրենց հայրենիքում բազմաբովանդակ փորձ ձեռք բերելու հնարավորություն ապահովելը: Կազմակերպությունն ունի 1259 շրջանավարտ 44 երկրից, նրանցից 78-ը հայրենադարձվել են հայրենիք։ Ներկայում ծրագրի 50 մասնակից կամավորական աշխատանք է կատարում Հայաստանում։ 

 

Պատրաստեց Անի Նազարյանը

Լուսանկարը՝ «Մարաշլյան ռետրո ֆոտո ատելիե»-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]