Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ կառավարության նիստի օրակարգը հագեցած էր տնտեսական և սոցիալական հարցերով

ՀՀ կառավարության նիստի օրակարգը հագեցած էր տնտեսական և սոցիալական 
հարցերով

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հերթական նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կարիքների համար գնումների մասնակի կենտրոնացված համակարգ ներդնելու, գնումների պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացն էլեկտրոնային դարձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ գնումներն իրականացվում են ապակենտրոնացված կարգով: Այսինքն՝ պատվիրատուներն ինքնուրույն են կազմակերպում գնման ընթացակարգերը: Միաժամանակ էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուները պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացն իրականացնում են թղթային եղանակով: ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է վեց ամսվա ընթացքում ներդնել մասնակի կենտրոնացված համակարգ, պարզեցնել գնման գործընթացները և կրճատել պատվիրատուների թվաքանակը: Այս կապակցությամբ որոշմամբ սահմանվում է` ներդնել գնումների կատարման մասնակի կենտրոնացված համակարգ, որի շրջանակում ձեռք կբերվեն ՀՀ կառավարության կողմից հաստատվող ցուցակում ներառված միանման տեխնիկական բնութագրեր ունեցող ապրանքներ և ծառայություններ: Կենտրոնացված գնման ընթացակարգերը կկազմակերպվեն ՀՀ ֆինանսների նախարարության կամ ՀՀ ֆինանսների նախարարի լիազորած պետության հիմնարկի կամ իրավաբանական անձի կողմից` համագործակցելով հանրապետական գործադիր բոլոր մարմինների հետ: Կնքված պայմանագրերը կվերաբերեն պետական կառավարման համակարգում գործող բոլոր պատվիրատուներին, ՊՈԱԿ-ներին և ՓԲԸ-ներին: Միաժամանակ նախատեսվում է` մինչև 70 մլն ՀՀ դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում չկիրառել 15% չափով գնային նախապատվությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հրազենային վնասվածք ստացած զինծառայողի բուժումը կիրականացվի ՌԴ-ում

Գործադիրի  որոշմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից  1 մլն 318 հազար ՀՀ դրամ կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ռուզվելտ Թորոսյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացությունը տվել է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը: 

Նախատեսվում է  վերացնել գույքի հավատարմագրային կառավարման գործարքի կնքման ժամկետային սահմանափակումը

Գործադիրի հավանությանն է արժանացել  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:   Հիմնավորման համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի առավելագույն ժամկետ է սահմանված 5 տարին: Ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից կարևոր է, որպեսզի բացառվեն գույքի հավատարմագրային կառավարմանը վերաբերող այն դրույթները, որոնք անհամաչափ սահմանափակումներ են մտցնում տնտեսվարող սուբյեկտների համար: Հետևաբար, անհրաժեշտ է գույքի հավատարմագրային կառավարմանը վերաբերող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ վերացնելով գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի առավելագույն ժամկետը՝ նշելով, որ գույքի հավատարմագրային կառավարման ժամկետները սահմանվում են պայմանագրով, իսկ գույքի առանձին տեսակների հավատարմագրային կառավարմանը վերաբերող պայմանագրերի համար օրենքով կարող են սահմանվել նվազագույն կամ առավելագույն ժամկետներ: Օրինագծի ընդունումը խթան կհանդիսանա գույքի հավատարմագրային կառավարման հանձնելու իրավահարաբերությունների ակտիվացման համար, ինչպես նաև կնպաստի  ներդրումային միջավայրի զարգացմանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ օրինագծի ընդունմամբ կարևորագուն խնդիր է լուծվելու. «Մենք, սահմանափակելով հինգ տարվա հավատարմագրային կառավարման ժամկետը, ոչ մի երկար մտածող, ինվեստիցիա անող լավ կառավարիչ չենք կարող բերել: Մենք խոսել ենք դրա մասին՝ և՛ համայնքներում, և՛ բոլոր ոլորտներում, որտեղ կա բիզնես տրամաբանություն,  պետք է դաշտը մաքսիմալ բացել, որպեսզի մասնավորը գա և մեր կառավարչի հետ մրցի: Եթե մրցման ընթացքում ինքն ավելի լավ է կառավարում, միանշանակ պետք է տալ իրեն»:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ քրեական, քրեակատարողական և քրեական դատավարության օրենսգրքերում համապատասխան փոփոխություններն ու լրացումներն առաջարկվել են՝ հաշվի առնելով ՀՀ որդեգրած քրեական քաղաքականության առանձնահատկությունները և ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումները:  Մասնավորապես՝ առաջարկվում է, իրավական որոշակիության սկզբունքից ելնելով, հստակ տարբերակում մտցնել տուգանքի վճարման «անհնարինություն» և «չարամտորեն խուսափել» եզրույթների միջև: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրվել է, թե ով է համարվում տուգանքի վճարումից չարամտորեն խուսափող: Միաժամանակ նախագծով առաջարկվում է հակակշիռ այնպիսի մեխանիզմ, համաձայն որի՝ դատական նիստի ընթացքում դատարանը տուգանքի վճարման անհնարինությունը և տուգանքի վճարումից չարամտորեն խուսափելու հանգամանքները պարզում է՝ հաշվի առնելով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, տուգանքը չվճարելու վերաբերյալ դատապարտյալի կամ նրա փաստաբանի բացատրությունները և ներկայացված փաստաթղթերը: 

Մասնավորեցման գործընթացի  արագ իրականացումը կնպաստի ներդրումների ներգրավմանը

Հիսուն տոկոսից պակաս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ՀՀ սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  Որոշումն ուղղված է հիսուն տոկոսից պակաս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման գործընթացի  արագ իրականացմանն ու  ներդրումների ներգրավմանը: Հիմնավորման համաձայն, ներկայիս գործող կարգը կորցրել է իր արդիականությունը, թույլ չի տալիս լուծելու պետական մասնակցությամբ ընկերություններում ոչ պետական բաժնետերերի (մասնակիցների) առջև ծագող խնդիրները:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած՝  «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին ՀՀ  պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ՝ նախատեսելով,  որ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերվելու են կադաստրային արժեքներով:

Մարտի 3-ը Հայաստանում  կնշվի որպես «Գործարարի օր»

Տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում գործարարի առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով կառավարությունն  որոշել է Հայաստանի Հանրապետությունում մարտի 3-ը  նշել որպես «Գործարարի օր»: Հիմնավորման համաձայն՝  2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը:

Մեկ այլ որոշմամբ էլ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016թ. մրցանակներ կշնորհվեն «Բարի Սամարացի», «Ջերմուկ գրուպ», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Թիվ 8 պոլիկլինիկա»,   «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»,  «Հալդի Քոնսալթ» ընկերություններին: ՀՀ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հորդորել է այդ հարցում լինել ուշադիր. «Այն  ընկերությունների բացահայտ գովազդ է և պետք է մաքսիմալ ուշադիր լինենք, որ այստեղ ադմինիստրատիվ ռեսուրսը չաշխատի ի օգուտ այս կամ այն կազմակերպության՝ սուբյեկտիվ տարբերակով»:

Կդյուրացվի Հնդկաստանի քաղաքացիների մուտքը  Հայաստան

Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն ԱՄԷ-ում, Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և Օմանում կացության կարգավիճակ ունեցող Հնդկաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան ՀՀ մուտքի վիզա ձեռք բերել ՀՀ սահմանային անցման կետերում: Հիմնավորման համաձայն՝ համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է այդ տարածաշրջանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը խթանելու անհրաժեշտությամբ: Տարեցտարի ավելանում է Պարսից ծոցի տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս չվերթներ են իրականացնում ԱՄԷ-ից FlyDubai, Air Arabia, իսկ Կատարից՝ Qatar Airways ավիաընկերությունները: Ապագայում ակնկալվում է ավելացնել ինչպես արդեն մեր շուկայում գործող ավիաընկերությունների չվերթների քանակը, այնպես էլ ներգրավել այդ տարածաշրջանի այլ ավիաընկերություններին՝ նոր թռիչքներ իրականացնելու նպատակով:

Այլ որոշումներ 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին փետրվարի 14-ին ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

 Ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության աշխատակազմին գումար կհատկացվի, մասնավորապես՝ տեսահսկման համակարգերի ձեռքբերման համար առաջացած հարկային պարտավորությունների  մարման համար:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած անձանց հերթերի առաջացումը կանխելու և տեսակցությունների տրամադրման գործընթացի անհարկի ձգձգումները բացառելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ հնարավոր կլինի առավել սեղմ ժամկետներում լուծել տեսակցությունների տրամադրման հարցը՝ բացառելով կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած անձանց հերթերի առաջացումը:

Երևանում չինական դպրոցի կառուցման համար հայկական կողմի պարտականությունների կատարման պահանջներից ելնելով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով  1.2 մլրդ ՀՀ դրամ կհատկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:

Նիստի ավարտին Կարեն Կարապետյանը նշել է, որ փետրվարի վերջին կամփոփվեն հանձնարարականների կատարողականները և բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մեկ անգամ ևս հորդորել է  հատուկ ուշադրություն դարձնել սփյուռքահայության ներուժի արդյունավետ օգտագործման վերաբերյալ տրված այսօրվա հանձնարարականին. «Այդ դաշտում մենք ունենք մեծ պոտենցիալ, որը չենք օգտագործում»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]