Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունը կվերանայի ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը

Կառավարությունը կվերանայի ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական 
ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ փետրվարի 9-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները և  մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են  քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ և  բոլորին խստագույնս զգուշացում, որ նման ծառայություններն «արջի ծառայություն» են լինելու, անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք ներկայացնում: Հատուկ ուշադրություն դարձրեք  այս երևույթին»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև գործադիրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել: Պետական գույքի կառավարման վարչությունը վերջին հանձնարարականի հիման վրա ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013թ., 2014թ., 2015թ. տարեկան և 2016թ. առաջին կիսամյակի տվյալների հիման վրա իրականացված համատարած ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության արդյունքները: «Առանձնացվել են նշված ժամանակահատվածում 4 տարի, 3 տարի, 2 տարի և 1 տարի վնաս ձևավորած, ինչպես նաև գործունեություն չծավալած և շահույթ չձևավորած ընկերությունների ցանկերը: Միաժամանակ կատարվել է վերլուծություն բոլոր այն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար, որոնք նշված ժամանակահատվածում ձևավորել են համեմատաբար փոքր շահույթ՝ հիմքում ընդունելով ակտիվների շահութաբերության գործակցի մեծությունը»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է  համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին՝ 20-օրյա ժամկետում ներկայացնել իրենց դիրքորոշումը ցանկում ընդգրկված ընկերությունների ծրագրերի առկայության և կառավարիչների գործունեության վերաբերյալ և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ:   

Վարչապետը հանձնարարել է վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները 

Կառավարության ղեկավարի երկրորդ հանձնարարականը լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ էր: Բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության ակտիվության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը: Այն թույլ  է տալիս այդ օպերատորներին աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում և այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր: «Չնայած  այս ուղղությամբ դեռևս 2016թ. ստեղծվել է օպերատորի գործունեության իրականացման իրավական հենքը,  սակայն մինչև այժմ ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չի հաշվառվել: Այս գործիքը պետք է ակտիվացնել»,-ասել է վարչապետը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը  հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների հետ համատեղ՝ 1-ամսյա ժամկետում վեր հանել և վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում օրենսդրական և երկու ամսից զեկուցել թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել։ Հանձնարարվել է նաև  2-ամսյա ժամկետում  իրականացնել հանրության իրազեկում: 

Կսահմանվեն արտերկրում  ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախները և հայտանիշերը 

Գործադիրի ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերել է դիվանագիտական կորպուսում տնտեսական բաղադրիչի գործոնի ակտիվացմանը:

«Մենք Արտաքին գործերի նախարարության հետ պայմանավորվել ենք՝ ինչպես անել, որ տնտեսական բաղադրիչի գործոնը դիվանագիտական կորպուսում ակտիվանա»,-նշել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին վարչապետը հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ և ներկայացնել հստակ առաջարկություն՝ արտերկրում ՀՀ դեսպանների կողմից ակնկալվող տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների և հայտանիշերի սահմանման նպատակով: 

Սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը 

Հայաստանի Հանրապետության զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով Կարեն Կարապետյանը նշել է, որ  անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը: Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ սփյուռքի նախարարին՝ գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ 1-ամսյա ժամկետում մշակել ծրագիր սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության և սփյուռքի նախարարներին կառավարության ղեկավարը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում մշակել համատեղ ծրագիր՝ սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության, սփյուռքի կրթօջախների համար մասնագետների պատրաստման, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման, սփյուռքի կրթօջախների համար ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման կազմակերպման, սփյուռքի կրթօջախների համար նոր, այդ թվում էլեկտրոնային դասագրքերի, ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև  միջոցներ սփյուռքի գիտնականների և նրանց կազմակերպությունների և  Հայաստանի բուհական և գիտական հաստատությունների միջև երկկողմանի համագործակցությունը խորացնելու և համակարգելու համար:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու սփյուռքի նախարարներին էլ վարչապետը հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով հայազգի գործարարներին փոխանցել առկա ներդրումային ծրագրերը՝ դրանք սփյուռքի գործարարներին տրամադրելու համար, ինչպես նաև տեղեկացնել սփյուռքի գործարարներին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր հարթակների մասին և պահպանել այդ կապը մշտապես:

ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի և սփյուռքի նախարարներին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում մշակել համատեղ մշակութային, երիտասարդական և մարզական ծրագրեր սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու, հայկական մշակույթի տարածման և հայկական արժեքների քարոզման միջոցով Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար: 

Կվերանայվեն ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը 

Կառավարության նիստին Կարեն Կարապետյանի վերջին հանձնարարականը ֆիզիկական կուլտուրայի մասայականացման մասին  էր:  «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հաշվետվության ներկայացման ընթացքում պարզվել է, որ կան համակարգային խնդիրներ այս ոլորտի քաղաքականության և կառավարման իրականացման գործում»,-նշել է գործադիրի ղեկավարը: Ելնելով նշվածից վարչապետը ՀՀ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին հանձնարարել է 1-ամսյա ժամկետում վերանայել  կրթական բոլոր մակարդակների ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը և ներկայացնել առաջարկություն այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաբերյալ: Հանձնարարվել է նաև գույքագրել հանրակրթական ուսումնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները ՀՀ կառավարության աշխատակազմ։

ՀՀ տարածքային կառավարման նախարարին վարչապետը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման և գործունեության կազմակերպման համար: «Խնդիրն այն է, որ կրթական ծրագրերը ունիֆիկացված չեն, տարբեր տեղերում կան տարբեր կրթական ծրագրեր, ստանդարտներ գոյություն չունեն»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:  Վարչապետը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին մեկ անգամ ևս հիշեցրել է մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ակտիվների գույքագրման հանձնարարականը. «Առ այսօր մենք ձեզնից ինֆորմացիա չենք ստացել, թե ինչպես ենք ակտիվացնելու սպորտդահլիճների աշխատանքը գյուղական համայնքներում»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]