Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրավական տեսանկյունից Բելառուսը Լապշինին արտահանձնելու որևէ հիմք չի ունեցել. Արփինե Հովհաննիսյան

 Իրավական տեսանկյունից Բելառուսը Լապշինին արտահանձնելու որևէ հիմք չի 
ունեցել. 
Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավական տեսանկյունից Բելառուսը Լապշինին արտահանձնելու որևէ հիմք չի ունեցել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ բլոգեր Լապշինի արտահանձնումը  Ադրբեջան հակասում է բոլոր հնարավոր միջազգային կոնվենցիաներին: Նախարարի խոսքով՝ Բելառուսը չի միացել ոչ՛ արտահանձնման և ոչ էլ դատապարտյալների փոխանցման վերաբերյալ ստրասբուրգյան կոնվենցիաներին, կամ նույնիսկ ԱՊՀ շրջանակներում գործող Մինսկի կոնվենցիային: «Նրանց միջև հանձնումը տեղի է ունեցել 2002թ-ին ստորագրված Քիշնևի կոնվենցիայի հիման վրա: Սակայն հենց այստեղից էլ սկսվում է իրական զավեշտը»,- ասաց նախարարն ու մանրամասնեց, որ, համաձայն այդ կոնվենցիայի, այն հանցագործությունները, որոնց համար մի կողմը մյուս կողմից պահաջում է տվյալ  անձին, պիտի պատժելի լինեն երկու  երկրների քրեական օրենսդրությամբ: «Ըստ էության, Լապշինի նկատմամբ երկու  հոդված է կիրառվել. առաջինը՝ Ադրբեջանի սահմանը ապօրինի կերպով հատելուն է վերաբերում, երկրորդը՝ հրապարակային կոչեր անելուն: Երկու դեպքում էլ ծիծաղելի ծանրացնող հանգամանք են առաք քաշել, ըստ որի՝ բլոգերն այդ ամենն իրականացրել է կազմակերպված խմբի հետ: Ակնհայտ է, որ դա իրականությունից շատ հեռու է, և որակումը տրվել է բացառապես պատիժն ավելի ծանրացնելու համար»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով որ Բելառուսում, գործող օրենքի համաձայն, քրեորեն պատժելի է Բելառուսի սահմանը հատելը, այլ ոչ թե այլ երկրի, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի: Նախարարի խոսքով՝ քրեական իրավունքի դասական սկզբունքներին հակասող  մոտեցում կա նաև նրանց գլխավոր դատախազության որոշման մեջ, որում կրկին շատ զավեշտի հասնող ձևակերպում է արված, որ կա հանցագործության  հանցակազմի առանձին հատկանիշների նկարագրության  անհամապատասխանություն, այն դեպքում, երբ քրեական իրավունքի դասական կանոններն ասում են, որ արարքի  իրավաբանական որակումը և հանցակազմի հատկանիշները պետք է մեկին մեկ համապատասխանեն, եթե այդպես չի՝ հանձնել չի կարելի:

Բելառուսի գլխավոր դատախազությունն իր որոշման մեջ նշել է, որ հանցագործության առանձին տարրերի կամ արարքի որակման անհամապատասխանությունը չի կարող հիմք հանդիսանալ հանձնումը մերժելու համար, քանի որ պետք է գնահատվեն արարքի փաստական հանգամանքները, որոնք պատժելի են երկու երկրների օրենսդրությամբ: Այս առումով Արփինե Հովհաննիսյանը մեջբերեց Բելառուսի և Ադրբեջանի կողմից վավերացված Քիշնևի Կոնվենցիայի 89-րդ հոդվածի 1-ին մասի զ կետը, համաձայն որի՝ հանձնումը չի կատարվում, եթե ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը կապված է ի թիվս այլոց՝ նաև քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու հետ: «Համանման դրույթ է պարունակում նաև Բելառուսի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 484-րդ հոդվածի 1-ին մասի 4) կետը, համաձայն որի, հանձնման վերաբերյալ հարցումը չի կատարվում, եթե նման խնդրանքի նպատակը անձի հետապնդումն է քաղաքական հայացքների համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, Բելառուսի գլխավոր դատախազության որոշման մեջ նշված հիմքերը տեղ չեն գտել»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Լապշինին վերագրվող քրեական հանցագործությունները միջազգային պրակտիկայում ընդունված է համարել որպես քաղաքական հանցագործություններ, ու չնայած եվրոպական պետություններից քչերն են հատուկ նշում այս կամ այն քրեական հոդվածի վրա քաղաքական հանցագործություն բառերը, բայց ընդունված է համարել, որ քաղաքական են հանդիսանում այն արարքները, որով հաշվի է առնվում հանցագործության օբյեկտը և կատարած արարքի հետևանքները, այսինքն՝ արարքը պետք է ուղղված լինի պետության կամ դրա ինստիտուտների գործունեության դեմ, կամ տվյալ պետության քաղաքացիների դեմ, որոնք կապված են տվյալ պետության կամ դրա ինստիտուտների գործունեության հետ (այսինքն` քաղաքական գործիչների դեմ հանցագործություն): 

«Ակնհայտ է, սա  բացահայտ, կոպիտ խախտում է ոչ միայն այդ կոնվենցիան, որը գործում է երկու երկրների միջև, այլև հենց նույն Բելառուսի քրեական դատավարության ու  քրեական օրենսգրքերը»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]