Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լապշինի հարցում առեւտուր է գնում, Ադրբեջանը փորձում է դիվիդենտներ շահել. Ցինկեր

Լապշինի հարցում առեւտուր է գնում, Ադրբեջանը փորձում է դիվիդենտներ շահել. 
Ցինկեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը կարծում է, որ նախօրեին Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը հետխորհրդային տարածքում միջպետական խաղերի զոհն է: «Բլոգերի արտահանձման դեմ արտահայտվել են եւ Ռուսաստանի, եւ Իսրայելի իշխանությունները: Իսրայելի կողմից գործընթացում ներգրավված են եղել Իսրայելի ԱԳ փոխնախարար Ցիպի Հոթովելին եւ Կնեսետի պատգամավոր Քսենիա Սվետլովան: Բավականին հեռուն գնացած այս կոնֆլիկտի բոլոր կողմերը փորձում են ստեղծված իրավիճակում մնալ «պարզերես»: Պաշտոնական Բաքուն չցանկացավ հետքայլ անել եւ պարզապես հրաժարվել իր պահանջից, բայց պատրաստ է ներում շնորհել Լապշինին, եթե վերջինս այդ խնդրանքով դիմի անձամբ Ալիեւին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կնեսետի նախկին պատգամավորը:

Նա շեշտեց, որ Իսրայելը, որն իր ադրբեջանցի գործընկերներին առաջարկել է այս իրավիճակի հանգուցալուծման զանազան տարբերակներ, չի հանգստանա, մինչեւ իր քաղաքացին ազատ չարձակվի:

«Իմ տեղեկություններով՝ կա պայմանավորվածություն, որ Լապշինը չի մնալու ադրբեջանական բանտում: Պարզապես պատկերացնել, որ նման բան կարող էր պատահել ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում, բավականին բարդ է: Հավանաբար, ներկայումս առեւտուր է գնում, որտեղ Ադրբեջանը փորձում է Լապշինի դիմաց ինչ-որ դիվիդենտներ շահել: Կոնֆլիկտը կլուծվի, բայց նախկին խորհրդային երկրների միջեւ, ինչպես նաեւ Իսրայելի հետ ունեցած հարաբերություններում առաջացած բացերը լավագույն դեպքում պետք է նորովի լրացվեն. դրանք կարող են եւ խորանալ»,-եզրափակեց նա:  

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

 

Սյուզի Մուրադյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]