1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հերոսի ծնողները». զենքերի մեծ գիտակ էր. մայոր Հայկ Թորոյանի հայրը հպարտությամբ է խոսում հերոս որդու մասին

«Հերոսի ծնողները». զենքերի մեծ գիտակ էր. մայոր Հայկ Թորոյանի հայրը 
հպարտությամբ է խոսում հերոս որդու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի «Հերոսի ծնողները» նախագիծն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի ժամանակ Մատաղիսում հերոսաբար զոհված զինծառայող, մայոր Հայկ Թորոյանի ծնողներին՝ Վահան Թորոյանին եւ Լյուդմիլա Վարդանյանին:

Դպրոցից արդեն որոշել էր, սովորելու է այն, ինչ հետագայում օգտագործելու է, ամեն ինչի գեղեցիկն էր սիրում, մաքուրը, ազնիվ էր, կատակասեր, նրբանկատորեն հասկացնել էր տալիս, որ դիմացինի ասածը չի համապատասխանում իր հայացքներին եւ գործելաոճին, հայրենասիրության մասին խոսելու փոխարեն, գործում էր, ի վերջո, իսկապես նվիրված զինվորական էր: Եվ այսպես շարունակ կարելի է բնութագրել  մայոր  Թորոյանին. հատկանիշներ, որոնց մասին փաստում են ոչ միայն ծնողները: Ընդամենը մեկ ժամ տեւած զրույցում հերոսի ծնողները  տեղավորեցին որդու կյանքի 30 տարիները, որոնցում հենց ինքը Հայկը շատ բան էր հասցրել անել:

Քիմիկոսների ընտանիքում մեծացած տղան չէր սիրում քիմիա,  փոխարենը՝ նախընտրում էր մաթեմատիկան եւ ֆիզիկան, լավ էր սովորում, պատմական գրքեր էր ընթերցում: Տիկին Լյուդմիլան պատմում է, որ որդին թեեւ չէր ցանկանում վշտացնել ուսուցիչներին, բայցեւ հանձնարարված դասերն անգիր անել չէր սիրում, ինչը հաճախ էր մայր եւ որդի անհատական զրույցների առիթ հանդիսանում:

«Սեպտեմբերն էր, դեռ մատյանները պատրաստ չէին, Հայկս չի սովորում բանաստեղծությունը,  գնում, ստանում է երկու: Ինչպես նա է համառորեն շարունակում չսովորել, այդպես էլ ուսուցչուհին մի  յոթ-ութ  անգամ երկուս է նշանակում:  Ասում եմ՝ բայց չէ՞ որ վշտացնում ես ընկեր Ավագյանին, Հայկս էլ՝  մամ, ես չեմ ուզում դա սովորել:  Գնացի դպրոց ընկեր Ավագյանի հետ զրուցելու, նա էլ էր Հայկի հետ զրուցել ու հասկացել էր, որ դա պարզապես կամակորություն չէր, ուղղակի երեխան զգացել էր, որ դա իրեն պետք չէ: Մի քանի օր անցավ, իսկական մատյանները բերեցին, բայց ուսուցչուհին 2-ները չանցկացրեց մատյան, երեւի չցանկացավ հոգեբանական ճնշում գործադրել»,-պատմում է մայրը:

Ամբողջ կյանքում աշխատելով՝ ծնողները հոգում էին այն մասին, որ դուստրն ու որդին ոչնչի կարիք չունենան, աշխատում էին ստեղծել ընտրության լայն շրջանակ, երեխաներին տալ բազմակողմանիորեն զարգանալու հնարավորություն:

«Հայկն ամեն ինչ սիրով էր փորձում, քրոջ հետ նկարչական խմբակի են գնացել, շախմատի, լողի, արեւելյան մարզաձեւեր է սովորել, Հայկս սովորական զինվորական չէր»,-ասում է մայրը:

Չորս հոգուց բաղկացած ընտանիք, չորս հարազատներ, ում միավորում էր միմյանց լսելու եւ ընկալելու, ճիշտ պահին խորհուրդ տալու եւ աջակցելու, վերջապես իսկական ընկերներ լինելու հատկությունը: «Տանը մայրն էր, դրսում՝ ես, քույրն էլ  ուրիշ ընկեր էր: Միմյանց նկատմամբ բոլորս էինք այդպես»,-զրույցին միանում  է հայրը:

Հերոսի մայրը արմատներով Արցախից է. հենց զինվորական հարազատների, պատերազմի ու հայրենիքի մասին խոսակցությունները հետագայում ձեւավորելու էին հերոսի նվիրված ու հաստատակամ կերպարը:

«Իմ պապիկը զինվորական էր, բարձր կոչում ուներ, հայրս էլ «օրգանի» աշխատող էր: Թեպետ Հայկս ոչ մեկին չէր հիշում, բայց  մեր զրույցներն այնքան էին տպավորվել նրա մեջ ու այնքան թարմ էին, որ նրանց մասին խոսելիս տպավորություն էր ստեղծվում, որ Հայկս էլ է այդ դեպքերի ժամանակ եղել: Ասում էր՝ մամ, հիշում ես՝ Ալյոշա պապիկը այսպես էր անում, սրա մասին էր ասում:  Խոսակցությունների ընթացքում առաջացած հարցերին փորձում էինք սպառիչ պատասխան տալ: Ամուսինս զենքերի մասին էր պատմում, բանակում ծառայած տարիներից:  Չգիտեմ՝ միգուցե դրանից իր մոտ ցանկություն առաջացավ ընտրել հենց այս ուղին»,-մտաբերում է տիկին Լյուդմիլան:

8-րդ դասարանն ավարտելուն պես Հայկը հանձնում է համապատասխան քննություններն ու բարձր գնահատականներով ընդունվում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, որտեղից էլ հենց սկիզբ է առնում Հայկի զինվորական ուղին.  

«14 տարեկանից նա արդեն շատ ինքնուրույն էր: Պարզ էր, որ իր ճանապարհն է ընտրել: Այդ ընթացքում առաջարկություն եղավ մասնակցելու քննություններին ու հաղթահարելու դեպքում շարունակել բարձրագույն զինվորական կրթությունը արտերկրում: Հայկն ընտրեց Հունաստանը, բայց  այնտեղ մեկնող խումբն արդեն իսկ ձեւավորված էր:  Առաջարկեցին Ռուսաստան, բայց դրա համար պետք էր նաեւ ռուսերենի բանավոր քննություն հանձնել, որն անցկացվում էր անմիջապես նույն օրը: Ասացի՝ Հայկ ջան, նստի, մի բան անգիր արա, կհարցնեն հաստատ, բայց գիտեի, որ չի սիրում: Դուք միայն տեսնեիք, միանգամից մեկ ամբողջ էջը անգիր արեց, հրաշալի հանձնեց քննությունը»:

5-ամյա բարձրագույն կրթություն հերոսը ստանում է Ռուսաստանի Պենզա քաղաքի ռազմական ակադեմիայում, որտեղ նրա հետ միասին սովորում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ:  «Զենքերի մեծ գիտակ էր»,- ասում է հայրը:

2007 թվականին Հայկը վերադառնում է Հայաստան, ծառայության անցնում Արցախում, ինչի համար, հերոսի հոր խոսքով, նույնիսկ ընկերներն էին նախանձում: Սկզբում աշխատում է Ստեփանակերտի, հետո Մարտակերտի շտաբերում, այնտեղից էլ տեղափոխվում Մատաղիս՝ որպես սպառազինության բաժնի պետ:

«9 տարի Արցախում, իսկ ընդհանուր առմամբ, 15 տարի զինվորական գործի մեջ»,-հպարտորեն ներկայացնում է հայրը: Երիտասարդ տարիքում արդեն մայորի կոչմանն արժանացած զինծառայողի հաջողությունները միանշանակ կշարունակվեին, որովհետեւ նա անսխալ էր սեփական ընտրության հարցում, վստահ, որ մինչեւ կյանքի վերջ հավատարիմ է մնալու դրան: Հենց այդ գիտակցումն էլ առաջնորդեց հերոսին պատերազմում, նա շտապեց օգնության հասնել զինվորներին, զենք հասցնել ու պայքարել մինչեւ վերջ, որովհետեւ գիտեր՝ իր կերպարը պարտվող չէ:

«Վերջին անգամ, որ խոսեցինք, ուրախ-ուրախ պատմեց, որ մեծ ձուկ են բռնել, շատ էր սիրում ձկնորսություն: Ասում էր՝ մամ, այսքան մեծ ձուկ դեռ չէինք բռնել»:

Տիկին Լյուդմիլան թերթում է  31 տարվա պատմություն ունեցող ալբոմը, որը բազմաթիվ անգամ թերթելուց տեղ-տեղ պատառոտվել էր:  Մի ամբողջ կյանքի պատմություն ներկայացնող ալբոմը ծնողները ներկայացնում էին՝ կանգ առնելով ամեն լուսանկարի վրա,  հետ նայելով ու նորից հիշելով դրանց հետ կապված ամեն դրվագ, իսկ դրանք շատ էին: Լուսանկարչությամբ զբաղվել սիրող հայրը ֆիքսել էր զանազան կադրեր, մայրը՝ որդու ծնունդից սկսած ամբողջ մեկ տարի գրել նրա մասին:

Նկարների մեջ մայրը գտնում է դստեր՝ Աննայի նամակը՝ ուղղված եղբորը ծննդյան օրվա կապակցությամբ. կարծես կենդանի զրույց լինի Հայկի հետ:

«Այսօր մայոր Թորոյանի ծննդյան օրն է: Եթե չլիներ ապրիլյան չարաբաստիկ պատերազմը, եղբայրս կդառնար 31 տարեկան:

Նամակ եղբորս.

Բարեւ, իմ լավ ու բարի եղբայր: Ծնունդդ շնորհավոր: Ինձ համար դժվար է հավատալ, որ դու մեզ հետ չես: Գիտե՞ս, ես չեմ էլ հավատում, ինձ համար դու միշտ ողջ եւ առողջ ես: Հայկ ջան, ես Երեւանում եմ: Օդանավակայանից անմիջապես գնացի Եռաբլուր, մոտ 15 րոպե խոսեցի քեզ հետ: Երկար չկարողացա մնալ, որովհետեւ մաման ու պապան տանն ինձ էին սպասում. պետք է գնայինք: Այդ օրը՝ դեկտեմբերի 9-ին, դպրոցի դահլիճում մեծ միջոցառում էր լինելու՝ նվիրված քո ծննդյան տարեդարձին: Գիտե՞ս, Հայկ ջան, մեր դպրոցում դեկտեմբերի 5-9-ն անցկացվել են ռազմահայրենասիրական խաղեր՝ նվիրված քո ծննդյան օրվան, որոնք ավանդույթ են դառնալու և անցկացվելու են ամեն տարի։ Իսկ դեկտեմբերի 9-ի միջոցառումն ամբողջությամբ նվիրված էր քո ծննդյան տարեդարձին։ Ծննդյան տարեդարձդ նշվելու է նաև քո ուսանած Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում՝ դեկտեմբերի 12-ին։ Հայկ ջան, ծննդյանդ նախորդ օրը ձյուն եկավ։ Հիշեցի մեր մանկության տարիները. ինչքան էինք սիրում խաղալ ձյան հետ, թավալվել ձյան մեջ։ Հիշո՞ւմ ես՝ ինչ լավ սահնակ ունեինք։ Հիշողությանս մեջ տպավորվել են նաև քո դահուկները։ Խնդրում էի, որ ես էլ սահեմ դահուկներովդ, դու էլ ինձ սովորեցնում էիր, բայց միևնույնն է, չէի կարողանում։ Հիշո՞ւմ ես՝ պապան ինչ ձնեմարդ էր պատրաստում, մենք էլ օգնում էինք: Սիրելի եղբայր, ասելիք շատ ունեմ, մեր քաղցր հիշողությունները շատ-շատ են, բայց արցունքները խեղդում են կոկորդս…

Ծնունդդ շնորհավոր, իմ լավ ու բարի Հայկ.

Աննա Գաբրիելյան (Թորոյան)»:

Ծնողներին մինչ այսօր էլ այցելում են հերոս որդու ծառայակից ընկերները, նաեւ մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն էլ ճանաչել նրանց:

«Մեր կյանքը 180 աստիճանով շուռ է եկել, զգայականից բացի, ես այլ բարձր արժեքներից խոսել չեմ կարող: Հասկանում եք՝ սա մեր ընտանիքի վիշտն է, մենք այն հանրային չենք դարձնում: Նույնիսկ դրսում մեզ այնպես ենք պահում, որ ոչ ոք չհասկանա, որովհետեւ մարդն իրավունք չունի իր վիշտը որեւէ մեկին պարտադրելու: Որդիս 9 տարի Արցախում է եղել, 28 տարեկանում մայոր էր:  Չի էլ ասել, թե ինչքան հերոսություններ  է արել, որ այդ տարիքում արժանացել է այդ կոչմանը: Ուրախացել եմ ու միշտ ասել եմ՝ ազնիվ ու հպարտ եղիր»,-ասում է մայրն ու բերում որդու շքանշանները, որոնք վստահաբար Հայկի հերոսական կյանքի միակ ապացույցը չէին:

Զրույցի ավարտին ծնողները մեզ ուղեկցում են Հայկի սենյակ, որտեղ ոչինչ չէին փոխել, ամեն ինչ շատ կոկիկ դասավորված էր, այնպես, ինչպես նա էր սիրում: Մահճակալի կողքին մոր նվիրած Նարեկն էր, գրասեղանին՝ նրա լուսանկարն ու  համակարգիչը:

Տիկին Լյուդմիլան նայում է որդու լուսանկարին ու ասում.

«Որդիս ամեն ինչում ուշադիր էր, սատարում էր մեզ: Մի անգամ ասացի՝ Հայկ ջան, դու գիտես՝ ինչ տղա ես, դու տղա չես ինձ համար, դու որդի ես, ծիծաղեց, ասաց՝ մամ, որն է տարբերություն, ոնց որ թե հոմանիշ են: Ասացի՝ շատերն ունեն տղա, բայց որդի՝ քչերը:  Հայկս լռեց, մտածեց ու ինձ թվում է՝ նա հասկացավ»:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]