Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Դավիթ Բաբայանը հրադադարի խախտումն արտառոց չի համարում. շփման գծում իրավիճակը հանգիստ է

 Դավիթ Բաբայանը հրադադարի խախտումն արտառոց չի համարում.
շփման գծում իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Ճիշտ է, այսօր ադրբեջանական կողմը հրադադարն ակտիվ խախտեց, սակայն դա արտառոց դեպք չէ: Արտառոց կլիներ, եթե Ադրբեջանը հրադադարը չխախտեր»,- ասաց Բաբայանը` անդրադառնալով փետրվարի 7-ին հակառակորդի կողմից շփման գծում սադրիչ գործողությունների դիմելու փաստին:

Հարցին` ի՞նչի հետ է կապում վերջին շրջանում ադրբեջանական կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների ակտիվացումը` ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց, որ դրանք կապված են տարբեր երևույթների հետ: «Դա Ադրբեջանի էությունն է, հայատյաց, ֆաշիստական քաղաքականությունը: Միաժամանակ, կան այլ հանգամանքներ ևս. հունվարի տոնական օրերը Ադրբեջանը մշտապես «շնորհավորում է յուրովի»: Բացի այդ, լրանում է Բաքվում հայերի ջարդերի հերթական տարելիցը, 2017 թվականին լրանում է Շուշիի ազատագրման 25-ամյակը, իսկ Ադրբեջանը ցանկանում է նման գործողություններով քողարկել իր պարտությունը, ձախողված վերջին դիվերսիոն փորձը»,- ընդգծեց Բաբայանը: Նրա խոսքով` հակառակորդը ոչ միայն սահմաններին է դիմում սադրիչ գործողությունների, այլ նաև դիվանագիտական հարթակներում, մասնավորապես, բլոգեր Լապշինի, ինչպես նաև Արցախում արտադրված ապրանքների հետ կապված:

Փետրվարի 7-ին Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85 մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից, ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ՊԲ-ն կորուստներ չունի:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ