Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համացանցում հայատառ գրելու նախաձեռնության աջակիցներն ավելանում են

Համացանցում հայատառ գրելու նախաձեռնության աջակիցներն ավելանում են

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայատառ գրելու նախաձեռնության հեղինակը փաստում է, որ նախաձեռնության իրականացմանն աջակցողներն ավելանում են առաջին իսկ օրից: Ոլորտի փորձագետները կարծում են, որ հանրային իրազեկման ծրագրերը, ընթերցանությունը և դպրոցներում երեխաներին համակարգչով հայատառ տպագրել սովորեցնելը ևս կխթանեն այս նախաձեռնությանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ խոսեցին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և նախաձեռնության հեղինակ, մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:

«2012-ին նույնիսկ շատ հայտնի օգտատերեր, քաղաքական գործիչներ սոցիալական ցանցերում գրառումները կատարում էին լատինատառ հայերենով: 2012-ին հայատառ չգրելու հիմնական խնդիրներից էր տեխնիկական հնարավորությունների բացակայությունը: Սակայն, այսօր՝ հինգ տարի անց, վստահաբար կարելի է ասել, որ այդ խնդիրը լուծված է, համացանցին միացող բոլոր սարքերն ունեն հայատառ գրելու հնարավորություն, իսկ համապատասխան ծրագրերը կարելի է ներբեռնել անվճար: Նախաձեռնությունն առաջին իսկ օրից ունեցավ բազմաթիվ արձագանքներ ու աջակցություններ: Նախորդ տարի, նույնիսկ, բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսեց կարճ հաղորդագրություններն իր բաժանորդներին հայատառ ուղարկել: Կարևոր է նաև այն կայքերի առկայությունը, որոնք արգելում են լատինատառ մեկնաբանություններն իրենց էջերում»,-ասում է Զոհրաբ Եգանյանը:

Սամվել Մարտիրոսյանն առանձնացնում է համացանցում դեռ շատերի հայատառ չգրելու մի քանի պատճառներ. կան իներցիոն խնդիրներ՝ իբր հայատառ շատ երկար գրել հնարավոր չէ: Ինտերնետ-հանրությունը պարզապես սովորել է գրել այլ այբուբենների կիրառմամբ: Լատինատառ հայերեն գրելը շատերի համար ոչ թե տեխնիկական, այլ գրագիտության հարց է: Այն թաքցնում է շատ սխալներ: Բացի այդ՝ հայատառ ստեղնաշարով ավելի դժվար է աշխատելը, քանի որ հայերեն տառերն ավելի շատ են: Սակայն փորձագետը փաստում է, որ լատինատառ հայերենը ստանդարտ չէ և, հետևաբար, դժվար ընթեռնելի է, բացի այդ այն իր ոչ ուղղակի, բայց լուրջ ազդեցությունն ունի սփյուռքի համայնքների՝ միմյանցից անջատման հարցում: Արևմուտքում ապրող ու լատինատառ գրող հայը չի հասկանա ռուսատառ գրող հային: Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ այս դեպքում դպրոցներն ունեն խնդիր՝ ավելի արդյունավետ ու պրակտիկ օգտագործել ինֆորմատիկայի դասաժամերն ու երեխաներին սովորեցնել համակարգչով հայատառ տպագրել: Նաև պետք է ավելացնել ընթերցանությունը, որպեսզի օգտատերերն իրենց գրառումներն առավել վստահ կատարեն հայերեն տառերով:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]