Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս

Սպասվող լրահոս. 07.02.2017


ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Մաքսային բրոքերական ծառայություններն` ընդդեմ  փոստային և բեռների առաքմամբ զբաղվող ընկերության: Այսօր` փետրվարի 7-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում հանձնաժողովը կլսի մեկ տասնյակից ավելի մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ընկերությունների բողոքը: Ըստ բողոքի, փոստային և բեռների առաքմամբ զբաղվող ընկերությունը խոչընդոտում է մի քանի տասնյակ մաքսային բրոքերական ընկերությունների գործունեությանը:

Մեկնարկում է «Աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» դրամաշնորհային նախագիծը: Նախագծի մեկնարկին բացման խոսքով հանդես կգա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր  Սվիտալսկին:

Փետրվարի 7-ը Համացանցում հայատառ գրելու օրն է: Օրվա կապակցությամբ Երևանի մամուլի ակումբները կազմակերպել են քննարկումներ: Լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը և այլք կանդրադառնան համացանցում գրագետ խոսքին: Կներկայացվեն վիճակագրական տվյալներ:

Քաղաքական անցուդարձից: Ռամկավար ազատական կուսակցությունը ո՛չ դաշինքով, ո՛չ ուղղակի չի մասնակցի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այսօր ՌԱԿ-ը հանդես կգա հայտարարությամբ: ՌԱԿ փոխատենապետ Լևոն Բլխյանը, կենտրոնական վարչության անդամներ Ալեքսան Քարադանյանը և Ջենի Գրիգորյան-Բարսեղյանը կներկայացնեն իրենց դիտարկումները: Ներքաղաքական զարգացումներին կանդրադառնա նաև ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը:

Առողջապահության նախարարությունն ամփոփում է հանրապետություն իրականացված շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգի արդյունքները: Մասնագետները կներկայացնեն հայտնաբերված հիվանդությունները, դրանց վերահսկմանն ուղղված միջոցառումները: Սկրինինգային ծրագիրն իրականացվել է 2016 թվականին:

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մամուլի ասուլիս, որի առիթը «Արծվաբույն» ներկայացման առաջնախաղն է: Ներկայացումը նվիրվում է Արցախյան Ազատամարտին։ Առաջնախաղի վերաբերյալ մանրամասներ կներկայացնեն  Գ.Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչ Արմեն Էլբակյանը, «Արծվաբույն» ներկայացման բեմադրիչ Դավիթ Հարությունյանը, դերակատարներ՝ Ջուլիետա Ստեփանյանը, Անդրանիկ Զաքարյանը և Արթուր Հարությունյանը:

Ընթերցասեր հասարակությանը կներկայացվի Լևոն Մելիք-Շահնազարյանի՝ «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ» վերահրատարակված գիրքը: Երևանում այսօր տեղի կունենա շնորհանդեսը, որի ընթացքում փորձագետները կխոսեն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ու պաշարման 25-ամյակի, դրա սոցիալան, տնտեսական և քաղաքական հետևանքների մասին։

Օրերս ավարտվել է Հայաստանի 2017 թվականի ծանրամարտի առաջնությունը, իսկ ապրիլի 1-ին Սպլիտում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը, որին ազգային հավաքականն արդեն նախապատրաստվում է։ Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը կներկայացնի մանրամասներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ