Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մարտ

Սպասվող լրահոս. 30.01.2017


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և Գերմանիայի ներքին գործերի նախարարության տեխնիկական օգնության դաշնային բյուրոն կքննարկեն արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը:

Երևանում կանցկացվի քննարկում ««Ամուլսար» հանքավայրի շահագործման ռիսկերը, դրա վերաբերյալ ՀԿ-ների դիրքորոշումն ու հետագա քայլերի մշակումը» թեմայով: Քննարկումը կազմակերպում է «Civil Voice» ՀԿ-ը: Մեկնարկում է ռուսական բուհերում հայ դիմորդների ընդունելության գործընթացը։ ՌԴ բյուջեից հատկացված միջոցների հաշվին ռուսական բուհերը ուսման հայտեր կընդունեն 2017-2018 թվականների ուսումնական տարվա համար։ Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, «Ինտեր-էքսպո» ընկերության գլխավոր տնօրեն Ադելինա Քոչարյանը կներկայացնեն մանրամասներ գործընթացի վերաբերյալ։

Տեղեկատվական անվտանգության խնդիրներին է անդրադառնալու տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա կխոսի վերջին օրերին ֆեյսբուքում տարածված վիրուսներից, օգտատերերի էջերի վրա հարձակման փորձերից: Նա կներկայացնի անվտանգության այն կանոնները, թե ինչպես չդառնալ ադրբեջանական հաքերների զոհ:

Հայաստանի առկա տնտեսական վիճակի, մարտահրավերների, առաջնահերթությունների մասին կխոսեն տնտեսագետ, ԵՊՀ դոցենտ Բագրատ Ասատրյանը, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, ինչպես նաև Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնն իրականացրել են հետազոտություններ կապված Հայաստանի աշխատաշուկայում զբաղվածության և կրթության փոխադարձ կապի, մասնագիտական կողմնորոշման հիմնախնդիրների հետ: Հետազոտության արդյունքները կներկայացնեն ինստիտուտի և կենտրոնի տնօրեններ Արման Սարգսյանը, Հայկուհի Գևորգյանը:

Օրերս Գավառի Հացառատ թաղամասում գերեզման փորելիս բացվել է ուրարտական շրջանի դամբարան: Ինչ գտածոներ են հայտնաբերվել, և որն է դրանց արժեքը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գործունեությունը և պեղումները կներկայացնի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ