Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պարտադրված պատերազմը ողջ հայ ժողովրդին բանակ դարձրեց. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը բանակի օրվա կապակցությամբ

Պարտադրված պատերազմը ողջ հայ ժողովրդին բանակ դարձրեց. ՀՀ Նախագահի 
շնորհավորական ուղերձը բանակի օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակի կազմավորման 25-ամյակին հայ ժողովուրդն առաջին հերթին պետք է ոգեկոչի այն անմահներին, ովքեր կյանքը տվել են հանուն հայրենիքի սահմանների անխախտության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին հայկական բանակի 25-ամյակի կապակցությամբ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո իր ելույթում այս մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք մեր ողջ ժողովրդով կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի և գոտեպնդման խոսքեր: Տղաներն ընկան` պաշտպանելով իրենց ընտանիքները, իրենց հարազատներին և մեզ բոլորիս: Նրանք նահատակվեցին, որ ապրի Հայաստանը, որ իրականություն դառնան մեր ժողովրդի երազանքները: Նրանք անմահացան, որ բոլորիս հետ միասին շարունակեն հայության դարավոր և հավերժական երթը»,- ասաց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհավորեց դահլիճում ներկա զինծառայողներին, ովքեր հայկական զինված ուժերում շարունակում են իրենց զոհված մարտական ընկերների նվիրական գործը: «Իմացեք, որ հայրենիքը վստահում և հավատում է ձեզ: Մենք հպարտանում ենք ձեզանով, դուք մեր ժողովրդի արժանավոր զավակներն եք, մեր ժողովրդի ուժն ու ապավենը: Այժմ ձեր ներկայությամբ ես դիմում եմ Հայաստանի ժողովրդին շնորհավորական ուղերձով` հայկական բանակի օրվա կապակցությամբ»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Շնորհավորելով հայ ժողովրդին հայկական բանակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահն ընդգծեց, որ հայկական բանակը ստեղծվել է պետականության վերականգմանը զուգընթաց: «Սակայն բանակի կազմավորումը սկսվել է ավելի վաղ: Այն սկսվել է ոչ թե վերևից, այլ ներքևից` ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերադարձրեցին մեր պատմական հիշողությունը` կոտորածների և գաղթի ճանապարհների սահմռկեցուցիչ տեսարաններով: Տարերայնորեն ձևավորվող, բայց խորապես գիտակցված կամավորական շարժումը և կամավորների առաջին ջոկատները դարձան այն պարիսպը, որի վրա պիտի բարձրանար հայկական մի բռունցք` հայկական բանակը: Մենք` որպես ազգ համախմբվեցինք: Այդպես վերջին անգամ համախմբվել էինք Սարդարապատում: Մեզ չվախեցրին հակառակորդի գերազանցող ռեսուրսները, ավելին` այդ հանգամանքը մեզ ստիպեց լրջանալ, հավաքվել և կենտրոնանալ: Մեր բանակը ձևավորվեց կռվի դաշտում, իսկ թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառիս բունս իմաստով մեր տան մեջ: Հիշեմ մի եղելություն: Մարդը կռվում է զենքը ձեռքին իր տան պատերից ներս: Պատշգամբից նահանջում է խոհանոց, ապա կռվելով, նահանջում է հյուրասենյակ, հետո նորից հետ է գրավում ազատագրում է իր խոհանոցն ու պատշգամբը: Սա փոխաբերություն չէ, սա կոնկրետ օրինակ է Քարինտակի հերոսամարտից»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ պարտադրված պատերազմը ողջ հայ ժողովրդին դարձրեց բանակ: Նրա խոսքով` այդ տարիներին կարիք կար արհեստավարժ, փորձառու և ռազմարվեստին տիրապետող կադրային սպաների: «Մեզ հաջողվեց անցնում կերպով ներդաշնակորեն միավորել զինվորականների մասնագիտական հմտություններն ու աշխարհազորի բարձր մարտական ոգին: Մենք գիտակցում էինք, որ ֆիդայությունը իր ողջ հերոսականությամբ հանդերձ այլևս հեռանկարային չէ, եկել է կանոնավոր բանակ ձևավորելու ժամանակը: Խորհրդային Միության ողջ տարածքից հայրենիքի կանչով վերադարձած զինվորականները իրականացրեցին այդ բարդ աշխատանքը»,- ասաց նախագահ Սարգսյանը:

Նախագահը շեշտեց, որ քառորդ դար առաջ Վազգեն Սարգսյանի հրամանով հայկական բանակը դարձավ պետական հաստատություն: «Այդ օրերից սկսած գրվում էր հայկական զինված ուժերի նոր և փառավոր  տարեգրությունը: Այդ տարեգրության բազմաթիվ դեպքեր և հերոսներ արդեն իսկ դասագրքերում են: Ավելին` այդ տարեգրությունը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անքակտելի մասը: Այն մեր արժանապատվությունն է, մարդկային ու ազգային ինքնասիրությունը, մեր ազատության վավերագիրը»,- նշեց ՀՀ Նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]