Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի են ՀՀ գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները

Հայտնի են ՀՀ գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների 
անունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվեց հունվարի 27-ին ՀՀ գրողների միության դահլիճում: Պարգևներ հանձնվեցին 2016 թվականին ճանաչված լավագույն ստեղծագործությունների համար: «Մրցանակներն ունեն մեր ազգի մեծանուն գրողների անունները: Այս տարի դրանցից մեկը կրելու է Հովհաննես Թումանյանի անունը: Այն ստեղծվել է Լոռվա հայրենակցական միության աջակցությամբ: Գրողներին դրամական պարգևներ հանձնելու հարցում աջակցել է Նաթելա Լալայանը»,-«Արմենպրես»հաղորդմամբ` նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին արժանացավ Ներսես Խառատյանը՝ «Ով սպանեց Էլենին» վեպի համար:

Պոեզիա գրական ժանրում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը հանձնվեց Լիպարիտ Սարգսյանին՝ «Արդար ճանապարհ» գրքի համար:

Լավագույն հրապարակախոսություն համարվեց Ֆելիքս Բախչինյանի «Վագրի տարի կամ չեչենական օրագիր»-ը, և նրան հանձնվեց Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը:

Դրամատուրգիա ժանրում Լևոն Շանթի անվան մրցանակին արժանացավ Սամվել Խալաթյանն իր «Փակուղուց այն կողմ» թատերգությամբ:

Գրականագիտության ոլորտում Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի արժանացավ Պետրոս Դեմիրճյանը «Տիրան Չրաքյան (Ինտրա). Կյանքն ու գործը կամ «Հեքիաթի» իրականությունը» գրքի համար:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Մանկական գրականության ոլորտում Վախթանգ Անանյանի անվան մրցանակը հանձնվեց Շնորհիկ Շահինյանին՝ «Անին ու քամին» գրքի համար:

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին արժանացավ Գառնիկ Շախկյանը՝ «Թումանյանական աշխարհ» գործի համար:

ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան գրական մրցանակը հանձնվեց Գագիկ Դավթյանին՝ թարգմանության ոլորտում տարվա աշխատանքների համար:

Գառնիկ Շախկյանն ասաց, որ  անչափ շնորհակալ է իր համեստ աշխատանքը բարձր գնահատելու համար: «Ճարտարապետ եմ և ուսումնասիրում եմ Դսեղի ճարտարապետական հուշարձանները: Թումանյանն ինձ օգնեց դրանք ավելի արժևորել և ներկայացնել հանրությանը: Պետք է անել ամեն բան Թումանյանի թողած ժառանգությանն արժանի լինելու համար»,-ընդգծեց նա:

Լիպարիտ Սարգսյանի խոսքով` իր համար հաճելի է մրցանակ ստանալը և գնահատվելը: «Շնորհավորում եմ բոլորիս: Մրցանակները անվանի մարդկանց անուններ են կրում: Դա պարտավորեցնում է ավելին անել»,-նշեց Սարգսյանը:

«Մեր ճանաչված գրողներից մեկը մի առիթով ասաց, որ ինքը գրականության ոլորտում, կարծես թե, բոլոր պարգևները ստացել է, բայց ՀՀ գրողների միության ամենամյա մրցանակ չունի և իրեն վատ է զգում, քանի որ այն շատ կարևոր է: Այս մրցանակը միայն անհատի, գրողի վաստակի գնահատումը չէ: Այն, ընդհանուր առմամբ, ժամանակակից գրականության գործերի գնահատականն է, որով կարելի է բնորոշել գրականության առաջընթացը կամ ետընթացը»,-ասաց Պետրոս Դեմիրճյանը:

ՀՀ գրողների միության սահմանած ամենամյա մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 1972 թվականին: Այդ ժամանակ գրողների միության նախագահը Էդուարդ Թոփչյանն էր: 1972-ին գրական տարբեր ժանրերում մրցանակների են արժանացել Հրանտ Թամրազյանը, Մուշեղ Գալշոյանը, Վազգեն Մնացականյանը և Հենրիկ Թումանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]