Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Երևանյան բեսթսելեր 4/45. «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքն ամենավաճառվածների ցանկում առաջատարն է


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը: Գիրքը պատմություն է փոփոխության մասին: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը  յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

 Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ, Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը երրորդ հորիզոնականում է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  ստեղծագործությունը մի քանի միավորով վեր է բարձրացել՝ հայտնվելով չորրորդ տեղում: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս» վեպը: Այն հինգերորդն է: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Մեծանուն ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն, որում տեղ են գտել անվանի գրողի մի շարք հայտնի ստեղծագործություններ, այս շաբաթ վեցերորդ տեղում է:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը կրկին մեր ցանկում է: Այն յոթերորդն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի թերեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

Ութերորդ հորիզոնականում նոր գիրք է: «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» խորագրով գրքում զետեղվել են Հայաստանի անկախության շրջանի 52 բանաստեղծի 52 բանաստեղծություն:

Ցանկ է վերադարձել և իններորդ հորիզոնականը զբաղեցրել «Կեցության անտանելի թեթևություն» ստեղծագործությունը, որը Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Այն սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրացման դժվարությանը:

Ամենավաճառվածների տասնյակը եզրափակում է Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և որոնում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանթե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն: Եվ դա՝ ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ որպես գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +4

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 13
2 +5

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 12
3 0

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 11
4 +4

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 9
5 *

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Բուկինիստ 7
6 *

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 6
7 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Բուկինիստ 5
8 Նոր «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» Զանգակ 5
9 *

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 4
10 *

Բրաուն

«Ինֆեռնո»

Զանգակ 4

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ