Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում կայացավ «Կյանք ու կռիվ 2, 25 տարի անց» ֆիլմի փակ ցուցադրությունը

Երևանում կայացավ «Կյանք ու կռիվ 2, 25 տարի անց» ֆիլմի փակ ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» կինոնկարի ցուցադրությունն անցկացվեց հունվարի 26-ին «Կինոպարկ»-ում: Ֆիլմի դիտումից հետո դերասաններն ու ստեղծագործական կազմը զրուցեցին մամուլի ներկայացուցիչների հետ: «Կինոնկարն այն տղաների մասին է, որոնց կյանքն ամբողջությամբ փոխվեց  քառօրյա պատերազմից հետո: Առաջին մասը նկարահանելիս պետք է Շուշի գնայինք, սակայն մեզ թույլ չտվեցին, քանի որ ապրիլյան դեպքերն էին սկսվել: Հենց այդ ժամանակ էլ հասկացանք, որ  «Կյանք ու կռիվ»-ը պետք է շարունակություն ունենա:  Ցանկացել ենք ընդգծել, որ չնայած անցել է 25 տարի, բայց մենք դեռ  պատերազմում ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

Կինոնկարի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի խոսքով` «Կյանք ու կռիվը» նկարահանվել է հայ հանդիսատեսի համար, բայց չի բացառվում, որ այն տվյալ ժանրի ֆիլմերի ցանկում մրցի նաև փառատոններում:

Անդրադառնալով ֆիլմում ներկայացված օլիգարխի կերպարին, որի որդին առաջնագծում է ծառայում` Կարեն Ղազարյանն ասաց, որ ճանաչում է նման մարդկանց, սակայն հրաժարվեց անուններ նշել:

Մհեր Մկրտչյանը շեշտեց, որ ինքը մտավախություն ունի, որ գուցե ֆիլմը նախորդի հաջողությունը չկրկնի, բայց հույս ունի, որ այդպես չի լինի:

Ֆիլմի դերասանները ոգևորված էին, խանդավառված: Դերասան Բաբկեն Չոբանյանն ասաց, որ սիրել է սցենարը, սիրել է իր դերը և իր համար հետաքրքիր, պատասխանատու, հաճելի էր կինոժապավենում նկարահանվելը:

Սոֆիի դերը կերտած Նարինե Գրիգորյանի խոսքով` իր խաղընկերները հիանալի են կատարել իրենց առջև դրված խնդիրը: «Անհնար է թերանալ, երբ համագործակցում ես Մհեր Մկրտչյանի հետ: Նա բոլորիս վարակել էր իր եռանդով»,-նշեց դերասանուհին:

Դերասանուհի, հաղորդավար Դիանա Մալենկոն ընդգծեց, որ շատ կցանկանա, որ ժամանակակից երիտասարդությունը մի փոքր նման լինի իր մարմնավորված կերպարին` Լիզին: «Նրա մանուշակագույն մազերը, խենթ բնավորությունը ինձ շատ են հոգեհարազատ, սակայն Լիզը պետք է փոխվեր և հասկանար, որ շատ հարցերում այնքան էլ ճիշտ չի եղել»,-ասաց նա:

Հաշվի առնելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի  գեղարվեստական մեծ արժեքը` «Զանգակ» հրատարակչությունը որոշել է հրատարակել ֆիլմի սցենարի հիման վրա հիմնված  «Կյանք ու կռիվ» վեպը: Վեպի հեղինակը հայտնի արձակագիր, դրամատուրգ, վերջին երկու տասնամյակում Հայաստանում ամենից շատ ընթերցվող գրող Գուրգեն Խանջյանն է:

«Գուրգեն Խանջյանն արդեն ավարտել է գրքի առաջին մասը: Հեղինակն ավելի ամբողջական է ներկայացրել տվյալ ժամանակահատվածի հասարակական- քաղաքական իրավիճակն ու հույզերը»,-նշեց  «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական գրականության ծրագրերի համակարգող, գրականագետ Հայկ Համբարձումյանը:

Ինչպես է հնարավոր նման բարձր որակի ֆիլմ նկարահանել հայկական ռեսուրսներով հարցին`  Շարմ Հոլդինգի գործադիր տնօրեն, ֆիլմի համապրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանը պատասխանեց, որ Շարմ Հոլդինգը ֆիլմարտադրության ոլորտում մեծ փորձ ունի և այսօր ի վիճակի է իր միջոցներով որակյալ կինո ստեղծել: «Մեր ընկերությունը զինված է անհրաժեշտ տեխնիկայով, ունենք պրոֆեսիոնալ սցենարիստներ, երաժիշտեր, դերասաններ, նկարահանող խումբ, ովքեր կարող են ժամանակի պահանջներին համապատասխան ֆիլմեր նկարահանել»,-ընդգծեց Մարտիրեսյանը և հավելեց, որ իրենք մեդիա ոլորտում աշխատել են արտասահմանյան հեղինակավոր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են` «Landor», «Richmond media entertainment», «Wet paint»-ը:

Շարմ Հոլդինգը համագործակցել է արտասահմանյան «BBC», «РТР», «ОРТ» և այլ հեռուստաալիքների հետ:

2016 թվականի սեպտեմբերին հայկական կինոշուկայում հայտնվեց «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որն այսօր ամենաքննարկվող կինոնկարներից մեկն է: Այն ցուցադրվել է ՀՀ զորամասերում, բուհերում, Գևորգյան հոգևոր ճեմարանում, ինչպես նաև Արցախում, որի ցուցադրությունից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում  է ԼՂՀ կինոշուկայի զարգացմանը: Pan Armenian Entertainment Award 2016 մրցանակաբաշխությ անը «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակին է արժանացել: «Կյանք ու կռիվ»-ի նկարահանումների ժամանակ սկսվել է ապրիլյան քառօրյա պատմությունը, ինչը պրոդյուսերին և ռեժիսորին դրդել է մտածել երկրորդ ֆիլմի ստեղծման մասին:

«Կյանք ու կռիվ 2, 25 տարի անց»-ը պատմություն է ձեռքբերումների, ձախողումների, երջանկության, դժբախտության , հարազատների, թշնամիների, սիրո, երազանքների ու պատերազմի մասին: Նախորդ ֆիլմի հերոսների ճակատագրերի միջոցով տեսնում ենք անցած 25 տարվա ճանապարհը:

 








Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]