Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում գնումների ոլորտում գնում են հակակոռուպցիոն համարձակ քայլերի

 Հայաստանում գնումների ոլորտում գնում են հակակոռուպցիոն համարձակ քայլերի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունում հունվարի 25-ին տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների հետ, որտեղ ներկայացվել են և քննարկվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված, ինչպես նաև 2017թ-ին նախատեսվող այն գործողություններն ու միջոցառումները, որոնք միտված են կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը, հակազդմանն ու կանխարգելմանը: Ներկայացվել է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից հունվարի 21-ին ՀՀ վարչապետի ղեկավարությամբ կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում քննարկված՝ ՀՀ ֆինանսների նախարարության կարգավորման ենթակա ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ամփոփաթերթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ կարճ ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պատրաստվել է ամփոփաթերթ, որով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ներկայացված կարևոր փաստաթղթով վեր հանված 36 խնդիրների վերաբերյալ ներկայացված են գերատեսչության դիրքորոշումները և ընդունելի կետերի մասով կատարման կարգավիճակները: Ըստ այդմ՝ բարձրացված խնդիրների մասով նյութում տեղ գտած 36 առաջարկից 18-ը կատարված է: Վեց առաջարկ ընդունելի չէ և կատարման ընթացքում է. դրանք արտացոլված են կառավարության ծրագրում, նախարարության գերակա խնդիրներում և միջոցառումների ցանկում: Չորս առաջարկ  ընդունելի չէ, սակայն այն առումով, որ բարձրացված խնդիրների մասով ռիսկերի նվազեցման այլ գործիքներ են սահմանվել, 1 առաջարկ լրացուցիչ քննարկման կարիք ունի,  7 առաջարկ ավելի լայն է ներկայացված և գնումների ոլորտից դուրս է:

Արամյանի խոսքով՝ իր ղեկավարած գերատեսչությունը խիստ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը և թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը. «Մենք, ուսումնասիրելով նաև միջազգային փորձը, գնումների ոլորտում գնացել ենք համարձակ քայլերի՝ մեծ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոսկե կանոնի 3 սկզբունքների պահպանմանը. դրանք են՝ գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովում, հաշվետվողականության և պատասխանատվության համար համակարգերի ներդրում, հասարակության իրազեկվածություն»:

Քննարկմանը ներկայացվել են նաև պետական գնումների ոլորտում իրականացված հակակոռուպցիոն գործողությունները: Մասնավորապես՝ պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ընդգծել է պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումները, որոնք կառուցված են գնումների գործընթացում իրականացվող բոլոր գործողությունները և կայացվող որոշումները ցանկացած անձի համար տեսանելի լինելու, բողոքարկելու և փոփոխելու սկզբունքով: Նա կարևորել է 3 հիմնական բարեփոխում. նախ՝ ներդրվել են մասնակիցների` իրենց փոխկապակցված այլ մասնակիցների հետ տվյալ գնման ընթացակարգին միաժամանակ մասնակցելու հնարավորությունը բացառող, մասնակիցների՝ իրական սեփականատերերի բացահայտման, ինչպես նաև գործընթացներում որոշումներ կայացնող պաշտոնյաների կողմից գնման մասնակիցների հետ շահերի բախման դեպքերի բացահայտման համակարգեր: Ապա՝ բարձրացվել  է գնումների համակարգի թափանցիկության աստիճանը, որի արդյունքում հրապարակվելու են մասնակիցների հայտերը և շահերի բախման բացակայության մասին հայտարարությունները, ինչը հանրությանը հնարավորություն է ընձեռում՝ գնահատելու դրանց արժանահավատությունը, իսկ անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերման դեպքում նախատեսվում են կիրառվել համապատասխան պատժամիջոցներ: Եվ վերջապես, համակարգում իրականացվել են ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք ուղղված են գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների հստակեցմանը, մրցակցության աստիճանի բարձրացմանը, էլեկտրոնային գնումների համակարգի ընդլայնմանը և արտադատական բողոքարկման անկախ և գործունակ համակարգի ձևավորմանը:  

Հանդիպման ավարտին նախարար Արամյանը նշել է, որ առաջիկայում ևս կկազմակերպվեն նմանատիպ այլ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն «հստակ և չափելի» առաջարկներ՝ միաժամանակ իր գոհունակությունը հայտնելով քննարկման մասնակից ՀԿ-ներին նախաձեռնությունների և համագործակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]