Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հունիս

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն 

Հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ արկակոծման են ենթարկվել պաշտպանության բանակի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ հակառակորդը 60 միլիմեռտրանոց ականանետից արձակել է 51 արկ, իսկ 82 միլիմետրանոցից՝ 3 արկ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առաջնագծում իրադրության հետագա լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա, և հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ: ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.): Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:

ՌԴաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների իրականացումը Ադրբեջանի ներքին գործը չէ: Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի «Ադրբեջանի ներքին գործերին», եթե ադրբեջանական կողմը նախաձեռնի ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում։ ՌԴ ԱԳ նախարարը Ադրբեջանին սթափեցնող հայտարարություն արեց` հիշեցնելով, որ հիմնախնդրի կարգավորումն ունի լուծման մի շարք տարբերակներ, որոնք հակամարտության ամենաթեժ պահին ընդունել է ՄԱԿ-ը: Լավրովը նաև հայտարարեց` որոշումները սահմանում են, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած հանդիպմանը  անդրադարձել  են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին:

Հայոց ցեղասպանության դատապարտում 

 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Վերջինս վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ափսոսանք է հայտնել, որ առ այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչվել Կնեսետի կողմից, սակայն վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր:

Երուսաղեմի իսլամական արվեստի թանգարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Եվրոպայի հիվանդ մարդը` կոմպոզիտորը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ինչպես  տեղեկացրեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, ցուցահանդեսին, ի թիվս այլ հյուրերի, ներկա է գտնվել նաև ձախակողմյան «Մերեց» կուսակցությունը ներկայացնող Երուսաղեմի նախկին փոխքաղաքապետը:

«Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսն ընթացիկ տարում կներկայացվի մի շարք եվրոպական քաղաքներում: Այս մասին տեղեկացրեց  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

 «Հրանտ Դինք. 10 տարի անց» շաբաթվա շրջանակում  ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված տասը գրքի շնորհանդես: 

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստտորագրել է հրամանագիր Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու վերաբերյալ: Հյուպատոսական շրջանում կընդգրկվեն ԱՄԷ հյուսիսային էմիրությունները: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱՄԷ-ի հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հորդորել է Բելառուսի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Մինսկում ազատազրկված Լապշինին Ադրբեջանը պահանջում է արտահանձնել իրեն: Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում։ Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն ճանապարհորդ-բլոգեր Ալեքսանդր Լապշինի: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դեմ է Բելառուսից հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծիք հայտնեց, որ Բելառուսի ոստիկանության կողմից ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և հնարավոր արտահանձնումն Ադրբեջան լուրջ վտանգ է խոսքի ազատության և մարդու իրավունքների տեսանկյունից: «Այն մեղադրանքները, որ վերագրվում են Ալեքսանդր Լապշինին, հակասում են եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային, հակասում են ԵԱՀԿ չափանիշներին, որոնք վերաբերում են խոսքի ազատության պաշտպանությանը»,-  նշեց Թաթոյանը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով մշտական կապի մեջ է Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբանների հետ, նրանցից ստացել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի որոշման քաղվածքը, համաձայն որի՝ մտադիր են Լապշինին արտահանձնել Ադրբեջանին: Բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի արտահանձման վերաբերյալ Հայաստանի Հանրային խորհուրդը դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին լրագրողներին հայտնեց Հանրային խորհրդի ներկայացուցիչ Անի Գասպարյանը: Նրա խոսքով` իրենք առանձնացրել են այն 600-ից ավելի անձանց, որոնք հայտնվել են Բաքվի սև ցուցակում՝ այդ թվում նաև 5 բելառուսցիներ, և համոզմունք հայտնել, որ Լուկաշենկոն ողջախոհություն կդրսևորի և արտահանձման որոշում չի կայացնի: «Բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը մտերիմ է Լապշինի հետ, ասաց, որ բանտում Լապշինի նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ ստիպելով նրան ներողություն խնդրել Ադրբեջանից,  որպեսզի արտահանձնումից հետո տեղափոխվի Իսրայել, սակայն Լապշինը չի վստահում Ադրբեջանին և մերժում է»,- ընդգծեց Հանրային խորհրդի ներկայացուցիչը:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, համաձայն իր մանդատի, դիմելու է ԵԱՀԿ անդամ երկրներին` խնդրելով առաքելության համար պատվիրակել 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդների:

Երևանում կայացավ ՀՀ ու Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Քննարկվեցին կողմերի միջև կնքվելիք համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես նաև ընդհանուր, ինստիտուցիոնալ և եզրափակիչ դրույթների գլուխները: Կողմերին հաջողվեց փոխըմբռնման գալ մի շարք հարցերի շուրջ։

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հորդորել է Թուրքիայի իշխանություններին ավելացվել ջանքերը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության պատասխանատուներին հայտնաբերելու նպատակով:

2017 թվականին Հայաստանը կլինի  ռուսաստանցի զբոսաշրջիկների  նախընտրած ուղղությունների առաջին տասնյակում: Skyscanner զբոսաշրջային ծառայության կանխատեսումներ է իրականացրել և կազմել ռուս զբոսաշրջիկների ուղևորությունների համար նախընտրելի երկրների թոփ-15 ցուցակն առաջիկա 12 ամիսների կտրվածքով: 

Ներհայաստանյան զարգացումներ

Արցախի Ազգային ժողովը հունվարի 17-ին ձայների 20 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշել է հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին: Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017 թվականի փետրվարի 20-ին: 

Հանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդի առջև դրված խնդիրներին և գործունեության առաջնահերթություններին: 

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին  զեկուցել է Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին։ Ոստիկանապետը նշել է, որ նախապատրաստվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցի նախագիծը: «Կարծում եմ, որ փաստաթուղթը՝ հայեցակարգը, կարիք ունի ամբողջականացման և կատարելագործման: Հատկապես մեծ տեղ պետք է հատկացնել այն նորարարություններին, որոնց ներմուծումը կամ իրականացումը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը, գոնե, կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում պատշաճ և բարեխղճորեն իրականացնել իր գործառույթները: Մենք խնդիրներ շատ ունենք: Չափազանց կարևոր է, որպեսզի այս գործընթացը լինի շարունակական, և կարողանանք ապահովել այդ շարունակականությունը: Դրա համար շատ սեղմ ժամկետներում պետք է լրամշակել փաստաթուղթը, կազմել փաստաթղթից բխող միջոցառումների պլան՝ կոնկրետ ժամկետներով, և այդ ժամկետներում իրականացնել այս միջոցառումները»,- հանձնարարել է Հանրապետության Նախագահը: ՀՀ Նախագահին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտների ներկայիս վիճակի, կրթության համակարգի բարեփոխումների ընթացքի, դեռևս առկա խնդիրների և հանրապետությունում որակյալ կրթության հնարավորությունը բոլորին հավասարապես հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքի ու նորարարական ծրագրերի մասին:

Հանրապետության Նախագահը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը: Հանդիպմանը Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման արդյունքներով Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ: Հավաքի նպատակն է երիտասարդներին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հնչած հիմնական ուղերձները՝ դրանք քննարկելով ՀՀԿ երիտասարդ և ավագ սերունդների ներկայացուցիչների միջև։ 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ որակյալ կրթության երաշխավորմամբ, հավասար պայմաններ ստեղծելով՝ երկրում անպայման ունենալու ենք առաջընթաց: «Սակայն մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

 ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ վարչապետի՝ ՀՀ կառավարության նիստերի ընթացքում տրված հանձնարարականների կատարողականի վերաբերյալ: «Զեկուցում եմ, որ այս ընթացքում մշակվել է ընդհանուր առմամբ 101 իրավական ակտ, որից 51-ն արդեն ընդունվել է: Այդ ակտերի թվին են պատկանում  օրենքների նախագծեր, կառավարության և վարչապետի որոշումներ, որոշ դեպքերում նաև՝ նախարարների հրամաններ», - ասել է Դավիթ Հարությունյանը և անդրադարձել հանրային հետաքրքրություն ներկայացնող առավել կարևոր որոշումներին: 

ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնման նպատակն է նոր ներդրումների ներգրավման համար նախադրյալների նպաստումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրությունը ազատ տնտեսական գոտու ներկայացման ժամանակ նշեց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային ծրագրի բաժնի պետ Արամ Վարդանյանը։ Սյունիքի մարզի ԱՏԳ-ում գործունեության ծավալման համար իրանական մի քանի ընկերություններ արդեն գրավոր հետաքրքրություններ են հայտնել:

Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող անձանց հայերենի իմացության ստուգման գործընթացը կսկսվի փետրվարի 2-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը: Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորել է Նիկոլ Փաշինյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է լայն դաշինք ձևավորելու եղանակով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին: Հայաստանում  Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ձևավորվել է քաղաքական կուսակցությունների նոր դաշինք, որում ներգրավված են «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունները:

Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվում է Իսպանիայի «Ֆիտուր Մադրիդ 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում։ Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկում ավանդական ոճով ձևավորված Արցախի Հանրապետության տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահադեսի այցելուների և մասնակիցների շրջանում:

Բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում հունվարի 21-ին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով աշխատել է  Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում՝ 110 կՎ երկրորդ  հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ  ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: Այս մասին  տեղեկացրեց ՀՀ վարչապետի խորհրդական  Շուշան Սարդարյանը։ «Նման խաթարումները պայմանավորված են երկարատև սառնամանիքների հետևանքով առաջացած սառույցի կուտակումներով: Վթարի հետևանքով էներգամատակարարման խաթարումներ չեն գրանցվել: Ատոմակայանն աշխատել է թերբեռնավորված, բայց բնականոն ռեժիմով»,- նշել է ՀՀ վարչապետի խորհրդականը և հավելել, որ Հայկական ԱԷԿ-ն աշխատում է լրիվ բեռնավորվածությամբ:

 Հունվարի 17-ն ապրիլյան պատերազմում Թալիշի մարտական դիրքերից մեկում հերոսաբար նահատակված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է: Ապրիլյան պատերազմից այսքան ամիս անց գյումրեցի հերոսի ընկերների հիշողության մեջ դեռ վառ են Մերուժանի  հետ անցկացրած լավագույն տարիները, դժվար պահերին ընկերոջ տված խորհուրդները, Մերուժանի անփոփոխ պատրաստակամությունը` ամեն պահի լինել ընկերների կողքին ու աջակցել:

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում«Արմենպրես»ներկայացնում է Արցախում ծառայած Նորայր Զախարյանին և նրա սխրանքի պատմությունը։ Հունվարի 19-ը քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշի մարտական դիրքերից մեկում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է: Հավասարակշռված, բարի ու անչափ հոգատար. այսպես է հերոսին բնութագրում քույրը՝ Ալիսա Հակոբյանը: «Հերոսի ծնողները» նախագիծն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված 20-ամյա գյումրեցի հերոս, գնդացրորդ Գևորգ Վարդանյանի ծնողներին՝ Գագիկ եւ Շահանե Վարդանյաններին։ Հունվարի 21-ն Ապրիլյան պատերազմի ժամանակ Մատաղիսում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Նա ժամկետային զինծառայության էր անցել 2014 թվականին։ Հոր՝ Կարապետ Կիրակոսյանի խոսքով՝ որդին մեծ ոգեւորությամբ է գնացել բանակ, շատ նվիրված էր։

Սփյուռք

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսի նախագահի կողմից իր ելույթը խոչընդոտելու և երեք նիստից հեռացվելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան:

«Մեծ միություն» կուսակցության (BBP) Էդիրնեի գրասենյակի ղեկավար Արիֆ Քյորօղլուն և որոշ քաղաքացիներ դատախազությունում հայց են ներկայացրել պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ: Քյորօղլուն լրագրողներին հայտնել է, որ «Փայլանը հրապարակայնորեն ժողովրդին դրդել է ատելության և թշնամանքի»: Նրա խոսքով` մեջլիսում «ցեղասպանություն» եզրույթի կիրառմամբ Փայլանը «նվաստացրել է թուրք ժողովրդին»:

Անկարայում ոստիկանությունը հարձակվել է Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված երթի մասնակիցների վրա: Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից տասը տարի անց մեծ թվով անձինք Ստամբուլում կրկին հավաքվել էին «Ակոս» պարբերականի խմբագրատան առջև` հարգանքի տուրք մատուցելու մտավորականի հիշատակին: Հավաքվածների շարքում էին տարբեր մտավորականներ, պատգամավորներ, այդ թվում և հայ պատգամավոր Գարո Փայլանը: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ընդունել է հայկական համայնքների հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ընդունել է երկրի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքյանին և նրա գլխավորած պատվիրակությունը: Չանքայայի պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Քուրթուլմուշը Լևոն Զեքյանի հետ քննարկել է Թուրքիայի հայերի խնդիրները:

Միջազգային խճանկար

Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը: Թրամփը երդման տեքստն արտասանեց` ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա: ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի շենքի դիմաց:

Առնվազն 32 մարդ է զոհվել Բիշքեկի օդանավակայանի մերձակայքում բեռնատար Boeing ինքնաթիռի կործանման հետեւանքով: Boeing-ը, որը Հոնկոնգից կանոնավոր չվերթ Էր իրականացնում Ստամբուլ, վթարի Է ենթարկվել թռիչքավայրէջքային գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: 

Թեհրանում առնվազն 30 հրշեջ Է զոհվել բարձրահարկ շենքում բռնկած հրդեհի հետեւանքով, որն ավելի ուշ փլվել Է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող առևտրային շենքում բռնկված հրդեհի և փլուզման դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են իրենց ծառայողական պարտքը կատարող անձնվեր փրկարարներ և հրշեջներ:

Փարիզի միջազգային խորհրդաժողովի մասնակիցները հանդես են եկել անկախ Պաղեստինյան պետության ստեղծման օգտին։

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես Է գալիս Ռուսաստանի հետ միջուկային գործարքի կքման օգտին Մոսկվայի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների մեղմացման շուրջը բանակցությունների շրջանակներում: 

Թուրքիայի փոխվաչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ պաշտոնական Անկարան դեմ է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք բանակցություններին սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD մասնակցությանը:

Վանի նահանգի Էդրեմիթ (Արտամեդ) քաղաքում  ճանապարհային ցուցանակներից հանվել են հայերեն գրությունները:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 339 ձայնով հաստատվել է իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների առաջարկը: Նշված փոփոխություններով անցում է կատարվում խորհրդարանական համակարգից նախագահական կառավարման համակարգի:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին անիրագործելի Է համարել այսպես կոչված միջուկային գործարքը վերանայելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամփոփել Է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի կատարման առաջին տարվա արդյունքները: Նիստի մասնակիցները, այդ թվում ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, հավաստել են, որ Թեհրանը կատարում Է գործարքի իր բաժինը եւ միջուկային բնագավառում գաղտնի հետազոտություններ չի անցկացնում:

 «Իսլամական պետության» (ԻՊ)  զինյալները Սիրիայի Պալմիրա քաղաքի մերձակա հնադարյան համալիրի տարածքում քանդել են հին հռոմեական թատրոնի մի մասը եւ հռչակավոր տետրապիլոնը (չորս սյուները): ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված օբյեկտի տարածքում ավերածությունները հաստատվում են նաեւ արբանյակային լուսանկարներով:

ԱՄՆ արդրադատության նախարարությունը տեղեկություն է տարածել անգլիական հայտնի ավտոարտադրող «Ռոլս Ռոյս» ընկերության կողմից արտասահմանյան մի շարք երկրների պետական պաշտոնյաներին կաշառելու վերաբերյալ, որոնց մեջ են նաև ադրբեջանական պաշտոնյաները:

Սպորտ

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտված Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարում հաղթող դարձավ Ստանիսլավ Բոգդանովիչը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր:  Այս արդյունքի շնորհիվ Բոգդանովիչը լրացրեց գրոսմայստերի նորմա: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց 6 միավոր վաստակած Հովիկ Հայրապետյանը, իսկ Ռոբերտ Աղասարյանը 5.5 միավորով գրավեց երրորդ հորիզոնականը:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնության չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է: Այս առաջնության չեմպիոնը որոշվեց միայն վերջին տուրում: 

Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնության չեմպիոնը Մարիա Գևորգյանն է։ Վերջին տուրում Գևորգյանը գերազանցելով Նարե Առաքելյանին պահպանեց չեմպիոնական տիտղոսը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ