Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքագետը դրական է գնահատում Բաքվում հայերի ջարդերի մասին փաստերի բացահայտման աշխատանքը

Քաղաքագետը դրական է գնահատում Բաքվում հայերի ջարդերի մասին փաստերի 
բացահայտման աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գոհունակությամբ նկատում է, որ Բաքվում հայերի ջարդերից 27 տարի անց ի հայտ են գալիս շատ վկայություններ այդ տարիներին հայ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների իրականացված վայրագությունների մասին: Հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ընդգծեց, որ, ըստ էության, «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում կատարվում է փաստագրական աշխատանք, որը դառնալու է Ադրբեջանի հակահայկական և հայերի նկատմամբ թշնամական քաղաքականությունը բացահայտող լուրջ հիմք: «Այս աշխատանքը կարող է նպաստել նաև մեր դիվանագիտական հետագա աշխատանքի կառուցմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մեր դիրքերի առաջմղմանը` հիմնվելով հստակ փաստերի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Քաղաքագետը նշեց, որ այսօր ադրբեջանցիները աշխարհով մեկ աղաղակում են իրենց կոտորածների մասին և փորձում են այդ ամենը ներկայացնել որպես խորհրդային զինված ուժերի կողմից անկախ պետություն ունենալու իրենց ձգտումները տապալելու փորձ: «Նման քաղաքականության հիմնական նպատակն է կոծկել այն վայրագությունները, որոնք տեղի են ունեցել 1990թ. հունվարի 20-ին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում: Անգամ հստակ հնարավոր չի եղել հաշվել, թե քանի հայ է այդ օրերին զոհվել Բաքվում: Մենք տեսնում ենք, որ անընդհատ նոր փաստեր են ի հայտ գալիս, փաստորեն այդ տարիներին Բաքու խորհրդային զորքերի մուտք գործելուց հետո հայեր են պատանդ մնացել ադրբեջանցիների ձեռքում: Վստահ կարելի է ասել, որ շատ մարդկային ճակատագրեր շարունակում են անհայտ մնալ հետազոտողների և նրանց հարազատների համար»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ 2017թ., որը մի շարք կարևոր իրադարձությունների 25-ամյակն է, հրաշալի առիթ է շարունակել քարոզչական աշխատանքը, բացահայտել և հանրությանը ու տարածաշրջանային  քաղաքականությամբ զբաղվողներին ներկայացնել փաստեր, ինչպես նաև այդ փաստերը նախապատրաստել հետագայում նոր բանակցային դիրքորոշում և քաղաքական մոտեցում ձևավորելու համար: «Ինչքան որ մենք  տեսնում ենք, այդ փաստերը տեղ չեն գտել բանակցությունների սեղանին, և, ըստ էության, կարևորագույն խնդիրները, որոնք մինչ օրս հուզում են մարդկանց, դեռևս որպես դիվանագիտական գործոն ներառված չեն ոչ բանակցային օրակարգում, ոչ էլ տարածաշրջանային քաղաքականության զարգացումներում»,- ընդգծեց քաղաքագետը:

1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում:  Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988-ի դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին:  Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: 1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հզ. հայ) սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]