1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/44. Ամենավաճառվածների ցանկում երեք նոր գիրք է ընդգրկվել

Երևանյան բեսթսելեր 4/44. Ամենավաճառվածների ցանկում երեք նոր գիրք է ընդգրկվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» ստեղծագործությունը: Այս դասական գործում հայտնի հոգեվերլուծաբան և սոցիալական փիլիսոփա Էրիխ Ֆրոմը բացահայտում է սերը իր բոլոր կողմերով. ոչ միայն ռոմանտիկ սեր, որում արմատավորվել են կեղծ հայեցակարգեր և վեհ սպասումներ, այլ նաև եղբայրական սեր, էրոտիկ սեր, սեր սեփական անձի, Աստծո հանդեպ և ծնողական սեր:

Երկրորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել: Լեհ գրող Հենրիկ Սենկևիչի «Առանց դավանանքի» վեպը գրվել է 1891 թվականին։ Վեպի հրատարակումից հետո Սենկևիչն ավելի հայտնի դարձավ: Վեպի վերաբերյալ դրական արձագանքներ են հրապարակել Վլադիսլավ Կարենինը «Վեստնիկ Եվրոպի» ամսագրում 1891 թվականին։ Բարձր գնահատական է տվել նաև Ա. Վոլինսկին «Կիևսկայա ստարինա» ամսագրում։

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն այս շաբաթ կրկին երրորդ հորիզոնականում է: Գրքում զետեղված են գրողի ամենահետաքրքիր ստեղծագործությունները, որոնք միշտ էլ ժողովրդականություն են վայելել:

Ամենավաճառվածների ցանկի չորրորդ տեղում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը զիջել է իր դիրքերը և հայտնվել  հինգերորդ հորիզոնականում: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսում, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխությանը և յուրաքանչյուրը  յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Վեցերորդ հորիզոնականում է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը:
Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Վիպակի ավարտի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով ու տեսանկյունից նայել կյանքի իրողություններին:

Լուսանկարիչ Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն, մնալով առաջատարների խմբում, զիջել է դիրքերը և զբաղեցրել յոթերորդ հորիզոնականը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  ստեղծագործությունը կտրուկ զիջել է իր դիրքերը՝ հայտնվելով ութերորդ տեղում: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Ցանկ է վերադարձել Ջորջ Օրուելի «1984», որն այս անգամ իններորդն է: Այն լույս է տեսել Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:  

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Պաուլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը: Այն հեղինակի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Այն պատմություն է մարդու մասին, ով որոշելով մեռնել, այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ պրինտ 59
2 Նոր

Հենրիկ Սենկևիչ

«Առանց դավանանքի»

Էդիթ պրինտ 40
3 0

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 35
4 +2

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 28
5 -3

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 25
6 Նոր

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերանոցով տղան»

DirectMEDIA 20
7 -2

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 19
8 -7

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 19
9 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 7
10 *

Պաուլու Կոելյու

«Վերոնիկան որոշում է մեռնել» 

Անտարես 6

Սպենսեր Ջոնսոն, «Ու՞ր է իմ պանիրը»

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]