Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հուլիս

Ստամբուլում Դինքի հիշատակի արարողություն է տեղի ունենում


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից տասը տարի անց մեծ թվով անձինք Ստամբուլում կրկին հավաքվել են «Ակոս» պարբերականի խմբագրատան առջև` հարգանքի տուրք մատուցելու մտավորականի հիշատակին: Հավաքվածների շարքում են տարբեր մտավորականներ, պատգամավորներ, այդ թվում և հայ պատգամավոր Գարո Փայլանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Հավաքվածները վանկարկել են «Մարդասպան պետությունը պատասխան է տալու», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Այս դատը չի վերջացել, քանի մենք դա չենք ուզում», «Ի հեճուկս ֆաշիզմի` մեր եղբայրն ես, Հրանտ»:

Հավաքվածների առջև ելույթ է ունեցել Հրանտի կինը` Ռաքել Դինքը, ով իր խոսքը սկսել է հետևյալ տողերով. «10 տարի: Հեշտ է ասել: Ամբողջ 10 տարի: Առանց քեզ բացարձակ հեշտ չէ»:

«10 տարվա ընթացքում ինչեր ասես որ չեղան: Ախ, սիրելիս… գործողություններ, ահաբեկչություն, ինչեր-ինչեր… Երկիրը վերածվեց արյան լճի: Ոմանք ցանկացան ցնցուղ ընդունել մարդկային արյունով: Երկիրը մղձավանջ պատեց: Մարդիկ դարձան վախկոտ, անհատականությունները ոտքի տակ առնվեցին, պատիվները կոտրվեց, նվաստացվեց:

Ասես մայրերը երեխաներին ծնել էին հողին հանձնելու համար: Խրախուսում են ծնունդը, սակայն ոչ ոք ոչինչ չի մտածում ծնվածների ապրելու իրավունքը պաշտպանելու համար»,- նշել է Ռաքել Դինքը: Նա ընդգծել է, որ Հրանտի սպանությունից 10 տարի անց ստիպված է նույն հարցադրումն անել` հասկանալու, թե երբ են պատժվելու սպանության իրական պատասխանատուները: Դինքի այրին նշել է, որ պոլսահայ մտավորականի սպանության գործի բացահայտումը կարևոր է երկրի ժողովրդավարացման տեսանկյունից:  



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ