Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

«Հերոսի ծնողները». Գեւորգի մայրը ցանկանում է, որ հերոսներին ու նրանց հերոսության մասին չմոռանան


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հերոսի ծնողները» նախագիծն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված 20-ամյա գյումրեցի հերոս, գնդացրորդ Գևորգ Վարդանյանի ծնողներին՝ Գագիկ եւ Շահանե Վարդանյաններին։  

2002 թվականին, երբ Գեւորգն ընդամենը 6 տարեկան էր, Վարդանյանների ընտանիքը որոշում է կայացնում տեղափոխվել Ռուսաստան եւ մշտական բնակություն հաստատել այնտեղ։ Հերոսի հայրը կարոտով է հիշում այդ ժամանակները, ասում է՝ ընտանիքում բոլորը շատ մտերիմ են եղել, աջակցել միմյանց օտար երկրում հարմարվելու համար:

«Գեւորգիս միակ խնդիրը լեզուն էր, բայց ժամանակի ընթացքում դա էլ սովորեց։ Աշխույժ էր, ձգտող ու աշխատասեր։ Առաջին դասարանում  ռուսերենից հինգ էր ստանում, ուսուցչուհուն ասում էի՝ լեզուն չգիտի,  դուք հինգ եք նշանակում,  ասում էր՝ մենք իրար հասկանում ենք, կարեւորը Գեւորգը մի բառ հայերենով, մի բառ ռուսերենով հասկացնում է ինձ»։

Արդեն 9-րդ դասարանում Գեւորգը որոշում է ուսումը շարունակել Ալթայի արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժնում, ցանկություն հայտնում դրանից հետո ստանալ բարձրագույն կրթություն, սակայն հերոսը չի մոռանում բանակի մասին։

«Ես էլ, մայրն էլ դեմ էինք, բայց Գեւորգիս որոշումն էր, ուզում էինք՝ իր սրտով լինի։ Ես բացատրեցի, թե ինչ վիճակ է, կրակոցներ եւ այլն, կարող էր եւ չգալ, բայց պնդեց, որ հաստատ է որոշել ու ուզում է ծառայել Հայաստանում։ Հորաքրոջ, հորեղբոր տղաներն էլ էին ծառայել, ասում էր՝ ինձ ինչ է եղել, որ չծառայեմ։ Ռուսաստան տեղափոխվելուց հետո մեկ անգամ էր եղել Հայաստանում, մի անգամ հարցրի՝ կուզեիր էլի գնալ, ասաց՝ հա, պապ, եթե տոմս առնես, ամեն ամառ էլ կգնամ։ Շատ նպատակներ ուներ, բայց ուզում էր դրանց հասնել միայն բանակում ծառայելուց հետո»։

Գեւորգը ծառայության անցնելուց 6 ամիս առաջ վերադառնում է Հայաստան հայերենին մի փոքր ավելի վարժ տիրապետելու համար։ Տիկին Շահանեն պատմում է, որ  մի շարք հայերեն բառեր ռուսերենով էր գրել, այդպես էր կարդում։ Խնդրել էր զինվորական երդումն ու կանոնադրությունը նույն կերպ գրել, որպեսզի հայերեն երդվի: Բանակում Գեւորգին «Ռուսկի» էին ասում։

«Մտահոգվում էինք ծառայության մասին, հատկապես որ լեզուն չգիտեր, բայց շատ շուտ հարմարվեց: Մոտ մեկ տարվա ծառայող էր, այդպիսի մի դեպք չեղավ, որ զանգենք ու Գեւորգս բողոքվի, նույնիսկ հիվանդ ժամանակ չէր էլ ասում, որ հիվանդ է։  Երկար չէինք խոսում, պետք չէր, զանգում էինք՝ ծիծաղելով միանգամից սկսում էր պատասխանել, արդեն գիտեր հարցերի հերթականությունը։ Մի օր հարազատներից մեկը կատակեց՝ Գեւոր, որ բան-ման լինի, թռի, Գեւորգս էլ ասաց՝ իմը գնդացիրն է. եթե ինչ-որ բան լինի, հակառակը՝ առաջինը ես եմ գնալու»։

Հայրը պատմում է, որ Գեւորգը շատ ուշադիր ու հոգատար էր ընկերների նկատմամբ։ Ապրիլյան պատերազմի օրերին զանգել էր Գյումրիում բնակվող հարազատներին ու ասել, որ, անպայման, մասնակցեն Վլադիմիր Մելքոնյանի եւ Մերուժան Ստեփանյանի հուղարկավորությանը։

«Ռուսաստանում էլ շատ ընկերներ ուներ, այդ օրերին նրանք էլ մեզ հետ ուզում էին գալ Հայաստան, բայց դեռ ոչինչ պարզ չէր։ Մի դեպքի մասին էլ ես ավելի ուշ իմացա. հինգ ամսվա ծառայող էր, ընկերոջը վիրավորում են, ձայնը լսում է, արագ հասնում օգնության,  գրկած տանում է նրան: Դրա համար մեկ շաբաթ արձակուրդ էին տվել Գեւորգիս։ Երկու օր շուտ գնաց հետ,  ասում էր՝ գնամ, հասնեմ, իմ հերթապահության տղերքի հետ բարձրանամ դիրքեր, մենք իրար հետ շատ մտերիմ ենք։ Ծառայակից ընկերներն էլ հիմա զանգում են, ասում են՝ գոնե ձեզ հետ խոսենք, կարոտն առնենք»։  

Վերջին անգամ ծնողները Գեւորգի հետ խոսում են ապրիլի 3-ին, զինվորը բոլորին հանգստացնում է՝ ասելով, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է։

«Մենք արդեն գիտեինք՝ ինչ վիճակ է, խառնվել էինք իրար։ Ապրիլի 4-ին զանգեց եղբորս որդին, ասաց՝ երկար ժամանակ է զանգ չկա Գեւորգից, եկեք Հայաստան։ Սկսեցինք տարբեր մարդկանց զանգել, ճշտել, ոչ մի բան պարզ չէր։ Ապրիլի 6-ին արդեն Հայաստանում էինք, հենց այստեղ էլ իմացանք։ Փաստորեն, բոլորը գիտեին, մեզ չէին ասում»։

Հայրը հպարտությամբ է խոսում որդու հերոսության մասին, թե ինչպես են դիրքեր հետ վերցրել, հրամանատարի հետ միայնակ դուրս եկել տանկերի դեմ։

«Հրաչ Գալստյանը բոլորին դիրքավորում է, Գեւորգիս վերցնում ու միասին առաջ  գնում՝ հավանաբար զգալով, որ այլեւս հետ չեն գալու։ Երկար ժամանակ կռիվ են տալիս, վերացնում մեկ տանկ, երկրորդն արդեն նկատում է նրանց։ Իրոք, հերոս տղաներ են, ու նախեւառաջ պետությունը  պետք է հպարտանա ու ուրախ լինի, որ այսպիսի տղաներ եղել են ու կան։ Մեր կողքին մի պայթյուն լինի, միանգամից կփախչենք, իսկ մեր 18 տարեկան զինվորներն այդքան կրակոցների մեջ ոչ միայն չեն փախչում, այլեւ ավելի ու ավելի են առաջ գնում, ավտոմատով դուրս են գալիս տանկերի դեմ»։

Հերոսի ծնողներն ապրիլ ամսից ի վեր ապրում են Հայաստանում, Գեւորգի քույրը սովորում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանում։ Ընտանիքն այստեղ բախվում է մի շարք դժվարությունների, ծնողները դեռեւս աշխատանք չունեն։

«Մեզ ասում են՝ հպարտ լինենք, որ հերոսի ծնող ենք, բայց հերոսի ծնողներին այսպես չեն վերաբերվում։ Մի դուռ բացելու համար պետք  է տասն անգամ թակենք, իսկ թե կարձագանքեն, Աստված գիտի։ Այո, բոլորս էլ գիտենք, որ հայրենիքի համար են մեր տղաները զոհվել։ Երբ ես որդուս զգուշացրի, որ նման վիճակ է, ինքն առանց մի վայրկյան ավել մտածելու ասաց՝ չէ, պիտի գնամ, իսկ ինչու՞ հայրենիքն իր արածի համար չի կարող միանգամից ասել այո, միանգամից արձագանքել։ Կամ այսքան արածից հետո տղայիս նույնիսկ «Մարտական խա՞չ» չէր հասնում. իհարկե, դա չէ կարեւորը մեզ համար, բայց տղաս Ռուսաստանից հասավ Հայաստան հատուկ այստեղ ծառայելու համար, հերոսաբար կռիվ տվեց։  Շատ ու շատ հարցեր կան»։


Ծնողների համար դժվար է համակերպվել որդու կորստի հետ, կարոտում են, սպասում, բայցեւ ցանկանում են, որ հերոսներին ու նրանց հերոսության մասին չմոռանան։

«Ասում էի՝ Գեւորգ ջան, ուշադիր կլինես, որ ողջ-առողջ վերադառնաս տուն, ինձ հանգստացնում էր՝ մամ ջան, այդպես էլ կլինի, երկու տարին շուտ կանցնի, չենք էլ նկատի։ Ամուսնուս եղբոր թոռներին ասում էի՝ ձյունը երբ գա, ձեր Գեւոր հոպարն էլ կգա, հիմա ինձ հարցնում եմ՝ ձյունը եկել է, որտեղ է Գեւորգը։ Ես չգիտեմ՝ ինչ պատասխան տամ, բայց Գեւորգս մեզ համար կա ու միշտ էլ կլինի»։ 

Սյուզի Մուրադյան 

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ