Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Ջոնի Մելիքյանն անդրադարձել է Հայաստան ռուսական գազի տարանցման պայմանագրի քննադատություններին Վրաստանում


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձել է պայմանագրին, որով Ռուսաստանը Վրաստանի տարածքով գազը Հայաստան հասցնելու համար այդ երկրին կվճարի ոչ թե գազով, այլ գումարով: Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը փորձագետը  նախ ներկայացրեց համաձայնագրի պայմանները: «Նախատեսվում է, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով Հայաստան կմատակարարի 2 միլիարդ խորանարդ մետր գազ: 2017թ. մասամբ կշարունակի գործել հին կարգը, այսինքն` տարանցման համար Ռուսաստանը Վրաստանին կփոխհատուցի մատակարարվող գազի ծավալով, իսկ արդեն 2018թ. Ռուսաստանը կանցնի գումարային փոխհատուցման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մելիքյանը:

Փորձագետը հավելեց, որ այդ պայմանագրով Ռուսաստանը նվազեցնելու է նաև Վրաստան մատակարարվող կոմերցիոն գազի սակագինը` 1000 խորանարդ մետրի դիմաց 215 դոլարը սահմանելով 185 դոլար: «Հաշվարկները ցույց են տալիս, որ այս նոր մեխանիզմին անցում կատարելով, Վրաստանը տարեկան շուրջ 10 միլիոն դոլարի կորուստ է ունենալու, սակայն նրանք կարող են նաև օգուտներ քաղել, եթե որոշում կայացնեն ավելացնել Ռուսաստանից գազի ներմուծման ծավալները: Այդ դեպքում պայմանագիրը վստահաբար օգուտ կտա վրացական կողմին»,- նշեց Մելիքյանը:

Դիտարկմանը, թե Վրաստանում այդ պայմանագիրը  տարակարծությունների և դժգոհությունների առիթ է տվել, փորձագետը պատասխանեց. «Գիտեք, որ Վրաստանում կա ընդդիմություն, որի ներկայացուցիչները երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու թիմակիցներն են, ովքեր դեմ են ռուս-վրացական հարաբերություններին և ցանկացած նման նախաձեռնության, որը կապված կլինի Ռուսաստանի հետ: Ուստի, ես կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները սպասել են, որ այդ պայմանագիրը կարժանանա քննադատության»,- նշեց նա:

Ջոնի Մելիքյանն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե պայմանագիրը քննադատել է Վրաստանի նախագահը: Նա հիշեցրեց, որ Վրաստանում նախագահի պաշտոնը ֆորմալ բնույթ է կրում, իսկ գործող նախագահն, ըստ էության, չի հանդիսանում իշխող «Վրացական երազանք»-ի թիմի անդամ: Փորձագետի խոսքով` Վրաստանի նախագահը նման առիթները բաց չի թողնի քննադատելու մի քաղաքական ուժի, որի հետ վերջերս կոնֆլիկտ է ունեցել:

Նա նաև հավելեց, որ այդ համաձայնագիրը այնքան չի առնչվում հայ-վրացական, որքան ռուս-վրացական հարաբերություններին, քանի որ հիմնական կողմերը ՌԴ-ն և Վրաստանն են, իսկ Հայաստանն ուղղակի երրորդ կողմ է հանդիսանում:

Վրացական կողմը որոշում Է ընդունել համաձայնել «Գազպրոմ Էքսպորտ»-ի առաջարկությանը եւ Ռուսաստանից Հայաստան «երկնագույն վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա հազար խորանարդ մետրի դիմաց ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով: Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքն Է հայտնել, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագիրը կվնասի երկրին: «Այդ պայմանագրի ստորագրմամբ վատացել Է երկրի Էներգասեկտորը, տուժել են Վրաստանի տնտեսական եւ քաղաքական շահերը: Վերջին հաշվով մենք ստացանք վատացած վիճակ՝ տարբեր ուղղություններով, ինչին ապագայում կարող են հետեւել մի շարք խնդիրներ»,-ասել Է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:  Նախագահը հորդորել Է օրենսդիր մարմնին՝ գործուն միջոցներ ձեռնարկել, նշել Է նա: «Երկրի առաջին դեմքը՝ Վրաստանի նախագահը, կոչ Է անում խորհրդարանին՝ կատարել իր սահմանադրական պարտավորությունը՝ ուժեղացնել հսկողության գործառույթը, ինչպես նաեւ առաջարկել պլան, թե ինչպես հաղթահարել եւ նվազագույնի հասցնել սպասվող ռիսկերն ու սպառնալիքները»,-նշել Է նախագահի ներկայացուցիչը:

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ